Մի՛ լքեք Ինձ, երբ Ես վիրավոր Եմ: Մի՛ լքեք Ինձ Իմ խոցերի պատճառով: Իմ յուրայինները տկարացրեցին Ինձ, մի լքեք Ինձ նրանց տված հարվածների պատճառով: Մի՛ լքեք Իմ Տունը` Հայ Առաքելական Եկեղեցին, մարդկային տկարությունների պատճառով: Ինձ մի՛ լքիր, Լուսավորչի զավակ: Նրա կանթեղը Ե՛ս Եմ լցրել յուղով և վառել հայոց ազգի համար: Մի՛ փչեք կանթեղի լույսի վրա, մի՛ մարեք այն, որովհետև անմար է: Մի՛ մոռացեք Իմ` ձեզ այցելության ժամանակը, և ձեր առաջին սերը մի՛ ուրացեք: Ու՞ր են ձեր յուղն ու բալասանն Իմ վիրավոր մարմնի համար, ու՞ր են ձեր աղոթքներն ու արցունքները բժշկությանս համար: Ու՞ր են հավատքի վահանները չարի կրակոտ նետերի դեմ: Պաշտպանեք Իմ Տունը, հսկում արեք զոհողությամբ, պահքով, աղոթքով: Ու՞ր են ձեր վիրակապերն Իմ վերքերի համար: Աղոթեցեք Իմ Տան սպասավորների համար, օրհնեցեք նրանց, բարին խոսեցեք նրանց համար: Թող նորոգվի Իմ Տունը, և նրա լույսը բոցավառվի, *ճենճերա, կանչի, վերադարձի ճամփան ցույց տա: Թող նորոգվեն Իմ Տան հովիվներն ու գնան մոլորված գառների հետևից և նրանց, ուսերի վրա դրած, հետ բերեն: Վերադարձե՛ք, վերադարձրե՛ք: Շրջեք ձեր գլուխներն այնտեղ, որտեղից Ես կանչում Եմ: Վերադարձի՛ր, Լուսավորչի զավակ` Լուսավորչի, ում Անձամբ Եմ ծնել ձեզ համար: Երկնային Երուսաղեմի Զանգակատան զանգից եռահյուս պարաններ Եմ իջեցնելու և կապելու Իմ Տան զանգակատների զանգերից: Երկնային Քահանայապետը կխփի Զանգը, և բոլորը Նրա ձայնը կլսեն: Իմ Հայեցի Հարսի խոցերն Ինձ վրա են: Նրա ցավերն Իմ Սիրտն են մաշում: Վե՛ր ելեք, Իմ երկունքի զավակներ, յուղի բալասան բերեք Իմ Սրտի սիրելիի համար: Իմ Տուն բերեք խունկը և լարեցեք նվագարանները ձեր սրտերի մեջ: Երգեցեք բժշկության երգեր, լվացեք նրա ոտքերը, սեր կաթեցրեք նրա ականջին: Ասացեք, որ նա լքված չէ, և հավատարիմները նրա կողքին են: Արիացրեք նրան թևավոր խոսքերով, մեղր ու կաթ կաթեցրեք նրա լեզվին: Նրա սերն Ինձ վրա է, նրա երգը` Իմ ականջին, նրա շունչը` Իմ Շնչին: Նա հինավուրց ծառ է, դարավոր են նրա արմատները: Նրա փարթամությունն իր ճյուղերի մեջ է, և տերևները` բողբոջների մեջ: Նրա պտուղները ծաղիկների մեջ են, և ծաղիկները բուրմունքով են ներծծված: Նրա պտուղները քաղցր են Իմ քիմքին, ամենքն էլ սիրո պտուղներ` իրենց սիրելիի համար: Նրա քաղցրությունն Ինձ վրա է, և նրա համբույրը հավատարմություն է: Նրա պտուղների մեջ սերմեր կան, նվիրական սերմեր` բոլոր օրերի համար: Նրա սերմերն ալ կարմիր հատիկներ են` Իմ Արյունով ներկված: Ձմեռն անցնում է, և գարունը մոտ է: Մի՛ նայեք, որ նա մերկ է և ճյուղերն էտված են: Նրա հագուստն իր մեջ է, և նրա մերկությունն Ինձ վրա է: Ո՛վ Իմ երկունքի զավակներ, բարին ասացեք նրա համար: Արթնության երգ երգեցեք, գարունը մոտ է: Իմ Ձայնը նրա ականջին է, և Ես Եմ նրան արթնացնողը: Վե՛ր ելիր, Հայեցի Հարս, Իմ Հոգին քեզ վրա Է հասել, և քո դրոշն Ինձ վրա է: Թագավորը կմտնի Իր պալատը, և Թագուհին աջ կողմում կլինի (Սաղմ. 45; 9):
Փեսան կելնի հարսին ընդառաջ` Իր Մոր սրտի ուրախության օրը: Որդին փեսայանալիս` պիտի ցնծա Նրա Մայրը, երբ Հարսն իր Որդու գրկում տեսնի (Երգ Երգոց 3; 11):
Զարթնի՛ր, Հայաստան աշխարհ, քո Թագավորը քո մեջ Է: ԱՄԵՆ:
Առթիւ Տոնին Սրբոյն Գրիգորի Լուսաւորչին մերոյ սոսկալի չարչարանացն եւ մտանելոյն ի վիրապն:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել