Երևի մենք՝ հայերս, ընդօրինակելու, կապկելու, կրկնելու, նմանակելու, ցուցադրվելու, գլուխ գովալու մեծ ջիղ ու տաղանդ ունենք…
Հիշում եմ, դեռևս խորհրդային լավ ու բարի տարիներին ԵՊՀ-ում, մյուս ԲՈՒՀ-երում գրեթե բոլորը նմանակում էին իրար և նույն կտորի, նույն ձևի, նույն ոճի, նույն գույնի վերնաշապիկներ, անդրավարտիքներ, բաճկոններ, <<պլատֆորմ>> կոշիկներ, <<բոլոնյան պլաշչներ>> էին հագնում, բռնում նույն տիպի, նույն ոճի պայուսյակներ, նույն արտելներում, նույն վարպետների կարած:
Իսկ հիշու՞մ եք սեղանիկները…Մի քանի հոգի սեղանիկ դրեցին, հետո ամբողջ Երևանը, ողջ հանրապետությունը դարձավ սեղանիկներ…Հետո <<ցիստեռով>> բենզինի վաճառքը, բենզինի նույնատիպ, անճաշակ, <<բաքերը>> գլխին, հրդեհավտանգ <<բուտկեքը>>՝ կրպակները…Գազի վաճառքի ավտոմեքենաները…Մարդաշատ վայրերում, բնակելի շենքերին կպած, աջ ու ձախ, ամենուր…
Ազգս տպելու, ընդօրինակելու, մյուսներից հետ չմնալու մարմաջ ունի…Հետո այդ ամենը դարձան <<կալոնկեք>>, բուտիկներ, մարկետներ, սուպերմարկետներ, հյուրանոց-մոթելներ, նույն ինկուբատորի սարքում <<արտադրված ախրաննիկներ>>՝ նույն <<գողտրիկ>> սանրվածքով…Ախրաննիկներ, որոնք անվտանգությունից, թիկնապահական ծառայությունից բացարձակ բան չեն հասկանում, ուղակի բուտաֆորիա են, <<վիշիբալաներ>>…Ցուցադրական, նմանակած, կապկած, պարծենալու, հետ չմնալու համար…
Նույն մրցավազքը երեխաներին եվրոպաներում, <<պրեստիժնի>> ֆակուլտետներում <<կրթելու>>, հագուստի, զարդերի, շքեղ ավտոմեքենաների, ճոխ առանձնատների, շատ ճոխ թաղումների ու հարսանիքների, հանգստի վայրերի ու այլ վայելքների գործում…
Կասեք բնական է, մարդ արարածին, բոլոր ազգերին բնորոշ…Գուցե…Բայց այս աստիճան հիվանդագի՞ն, մարմաջամրմուռախա՞ռն, կապկելու, նմանակելու ռաբիզա-քյառթուամանիակամոլությա՞մբ…
Հա′, մոլ ասեցի հիշեցի, հիմա էլ մոլերը…Առայժմ չորսը, բայց չմտածեք տաղանդավոր ընդօրինակող ենք, մինչև տարվա վերջ կկրկնապատկենք…Հանգիստ եղեք, չմտածեք…
Ասում եք մարդուն բնորոշ է…Այդ դեպքում ինչու՞նույնը չի արվում՝ մարդասիրության, բարոյականության, ազնվության, հանդուրժողականության, առատաձեռնության, բարիության, կամեցողության, վարվեցողության հարցում…
Կներեք, նոր գլուխս մտավ, վերջապես հասկացա…Դրանում քյար չկա, շահ, օգուտ չկա…Իսկ եթե նման բան անեն, կասեն հարիֆա…Ախպերութունը չի ների…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել