Քաղաքական մեկնաբան

Եթե հետևում ենք «Ձեր ձայնը ո՞ւմ եք տալու փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրություններում» ֆեյսբուքյան նախաձեռնությանը, ապա այս պահի դրությամբ քվեարկել է արդեն 507 օգտատեր, որից 189-ը՝ Սերժ Սարգսյանի, 183-ը՝ Րաֆֆի Հովհաննիսյանի, 65-ը՝ Վարդան Սեդրակյանի, 46-ը՝ Հրանտ Բագրատյանի, և 26-ը՝ մնացած թեկնածուների օգտին։ Այսինքն՝ Սերժ Սարգսյանն ունի 37 տոկոս, Րաֆֆի Հովհաննիսյանը՝ 36, Սեդրակյանը՝ 12, Բագրատյանը՝ 9, մնացածները միասին՝ 5 տոկոս։ Փաստորեն, ըստ ֆեյսբուքյան հարցման (իսկ ֆեյսբուքյան հարցման դեպքում կեղծիքներն ավելի քիչ հավանական են, միակ կեղծելու միջոցը ֆեյքերի միջոցով քվեարկությունն է) Սերժ Սարգսյանն ընդամենը չնչին առավելություն ունի Րաֆֆի Հովհաննիսյանի նկատմամբ, և այս պարագայում անպատճառ կլինի երկրորդ փուլ՝ Սարգսյանի և Հովհաննիսյանի մասնակցությամբ, որն էլ հայտնի չէ, թե ինչպես կավարտվի, քանի որ երկու առաջատարները միասին ունեն 73 տոկոս ձայն, իսկ մնացած 27 տոկոսը դեռ պարզ չէ, թե երկրորդ փուլում ում օգտին կգրանցվի։ Փաստորեն, նույնիսկ լուրջ մրցակիցներին ասպարեզից հեռացնելուց հետո Սերժ Սարգսյանի հաղթանակի հավանականությունը (եթե լինի առանց կեղծելու ու հնարքներ բանեցնելու) ռեալ 50/50 է կամ իր համար լավագույն դեպքում՝ 51/49։ 
Այնինչ, չգիտեմ ինչու, համոզված եմ, որ կհայտարարվի, թե Սերժ Սարգսյանը առաջին փուլում հավաքել է ձայների 62, 63 կամ միգուցե նույնիսկ 70, 80 տոկոս և տարել է փայլուն հաղթանակ, ընտրություններն էլ եղել են ինչպես միշտ՝ թափանցիկ, իսկ մասնակիցների քանակը կգերազանցի Հայաստանում առկա բնակչության քանակը։
Կեցցե Հայաստանի Հանրապետությունը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել