Մեզնից ո՞վ չի հիշում իր դեռահասության տարիքի սիրո կամ սիրահարվածության մասին: Այդ ջերմ զգացմունքի հետ կապված հուշերը երկար են ապրում մեր հիշողության մեջ:Բայց որքան էլ տարօրինակ է, ծնող դառնալով մենք հաճախ մոռանում ենք այդ ժամանակների մասին:Առավել ևս, երբ մեր սեփական երեխան է խոստովանում, որ ինքը սիրահարվել է, հաճախ շփոթվում ու կարկամում ենք, բացարձակապես պատրաստ չլինելով այդ իրադարձությանը, համաձայն չե՞ք:
Հաճախ նման իրավիճակներում ծնողները նույնիսկ չեն թաքցնում իրենց վրդովմունքն ու անկեղծորեն արտահայտում են այն.:Առավել ևս, եթե հանկարծ որդու կամ դստեր սիրո օբյեկտն իրենց ուզածի չափ լավը չէ կամ իրենց ճաշակով չէ, ապա բարոյա-գեղագիտական խրատներն այն մասին, որ պետք է , կամ այն մասին, որ և այլն, անխուսափելի են: Արդյունքում` լարվածություն փոխհարաբերություններում, փոխըմբռնման բացակայություն և վստահության կորուստ: Մինչդեռ այդ պահերին դեռահասն ակնկալում էր, որ մենք կհասկանանք ու կաջակցենք իրեն, չէ որ դա նրա համար կարևոր էր : Եկենք փորձենք միասին գտնել այն ուղիները, որոնք կօգնեն մեզ ավելի ճիշտ արձագանքել սիրահարված դեռահասի խոստովանությանը և հասկանալ նրան:
Մենք արդեն քննարկել ենք դեռահասության տարիքն ու գիտենք, այդ տարիքի հետ կապված դժվարությունները/ինքնահաստատման պահանջմունք, հասակակիցների կարծիքի կարևորում, ինքնամփոփություն, ձգտում դեպի միայնակություն և այլն/: Դեռահասին հաճախ թվում է, որ ծնողները և շրջապատող մեծահասակները չափազանց շատ են խառնվում իր կյանքին, փորձում են ներխուժել իր ներաշխարհ և այլն: Դեռահասի համար նման իրավիճակը հաղթահարելու միջոցներից մեկը դառնում է մեծահասակին բնորոշ վարքի և սովորությունների դրսևորումը, այդ թվում նաև հակառակ սեռի ներկայացուցիչների հետ հարաբերությունների ձևավորումը: Դեռահասի համար խիստ կարևոր է նաև, որ շրջապատողները հիանան իրենով, նույնիսկ նախանձեն;Հիացմունքի ու նախանձի առարկա կարող է դառնալ նաև իր կողքին հայտնված առնական տղան կամ գեղեցիկ աղջիկը:Հազվադեպ չեն նաև այն դեպքերը, երբ դեռահասը սկսում է ընկերություն անել որևէ մեկի հետ, որ ետ չմնա հասակակիցներից, որ չտարբերվի նրանցից:Այնպես որ, դեռահասի սիրո որոնումները կարող են ունենալ տարբեր շարժառիթներ, բայց անկախ դրանցից մենք պետք է փորձենք սանձել մեր ծնողական ցասումը և ավելի նրբանկատ պահելաձև ցուցաբերենք մեր սիրահարված դեռահասի նկատմամբ: Կարծում եմ այս հանգամանքի կարևորությունը պետք է հաշվի առնեն ոչ միայն ծնողները, այլև դեռահասին շրջապատող և նրա համար նշանակալի մյուս մեծահասակները: Թույլ տվեք ստորև բերվող մի քանի առաջարկն անվանել կանոններ, ակնկալելով, որ անվանումը ևս մեկ անգամ կընդգծի դրանք իրագործելու կարևորությունը:Հուսով եմ, որ այդ մի քանի կանոնի պահպանումը կօգնեն ձեզ առավել ճիշտ, նրբանկատ և հոգեանորեն անվտանգ արձագանքել դեռահսներ/կամ առհասարակ երեխայի/ սիրահարվածության փաստին, սիրելի մեծահասակներ.

Կանոն 1 Ծնողական իմաստունությամբ վերաբերեք Ձեր երեխայի/դեռահասի/առաջին սիրուն: Հիշեք, ինչպիսին էին Ձեր զգացումները, երբբ հայտնվեց նրա առաջին ատամը կամ երբ նա արեց իր առաջին անվստահ քայլերն ու թոթովեց իր անհասկանալի մանկական լեզվով:Դուք ուրախանում էիք, որ նա մեծանում է, որ սկսում է ճանաչել աշխարհը:Առաջին սերն էլ աշխարհճանաչման յուրօրինակ հնարավորություն է, մարդկային հոգեբանության ու զգացմունքների աշխարհի ճանաչման:Դեռահասին ընտրության ազատություն տվեք և եղեք նրա կողքին`պատրաստ աջակցելու դժվար իրավիճակներում :Օգնեք նրան հասկանալ, որ դուք իր հետ եք, ոչ թե իր դեմ:

Կանոն 2 Ծանոթացեք դեռահասի ընտրյալի հետ:Խուսափեք ձեր դեռահասի ընտրությանը գնահատականներ տալուց առանց նրա հետ ծանոթանալու: հնարավոր է, նա իրականում այնքան վատը չէ, որքան ձեզ կարող էր թվալ առաջին հայացքից:

Կանոն 3 Զերծ մնացեք քննադատությունից:Կարիք ոչկա բազմանշանակ ակնարկներ անել Ձեր տղայի սիրած աղջկա թերությունների մասին կամ անընդհատ փորձել համոզել Ձեր աղջկան, որ այդ տղան իրեն համապատասխան չէ: Դա ավելի կմեծացնի լարվածությունն ու կսրի իրավիճակը:Ավելի լավ է փորձեք անկեղծորեն զրուցել դեռահասի հետ, և պարզել ու հասկանալ, թե ինչն է նրան հրապուել, ինչն է առավել շատ դուր գալիս նրան իր սիրո կամ համակրանքի օբյեկտի մեջ:

Կանոն 4 Անկեղծ և վստահելի զրույցը բարոյախրատական դասախոսության մի վերածեք:Խրատներով և նախատինքով դուք կիջացնեք նրա ինքնագնահատականը և կստիպեք նրան ինքնահաստատվել ուրիշների հաշվին:Ընդհակառակը, աշխատեք խրախուսել և
գովել նրան, ընդորում ամենայն անկեղծությամբ: Խոսեք նրա արժանիքների մասին, կարևորեք դրանք, դա կօգնի նրան ավելի ինքնավստահ լինել և գնահատել իրեն, հետևաբար, կսկսի փնտրել իրեն առավել արժանի զուգընկեր:

Կանոն 5 Սխալվելու հնարավորություն տվեք:Այո առաջին սերը կարող է տանջալի ապրումներ, բայց հավատացեք դժվար թե մենք կարողանանք զերծ պահել մեր երեխային կյանքում հանդիպող ամեն տեսակի դժվարություններից, համաձայն չեք?:Ուրեմն ինչու հնարավորություն չտանք դեռահասին ձեռք բերել սեփական փորձը:

Կանոն 6 Մի փորձեք ընդհարել սիրահար դեռահասներին;Հնարավոր է, դուք չեք խրախուսում Ձեր որդու կամ դստեր ընտրությունը,բայց դուք պետք է հարգեք այն:Հիշեք, որ մխրճվելով սիրահարների փոխհարաբերությունների մեջ, դուք կարող եք մեղավոր ճանաչվել այդ հարաբերություններում ծագող բոլոր անհաջողություններում, և նույնիսկ տարիներ անց Ձեր զավակը կարող է հիշեցնել, թե ինչպես էիք Դուք փորձում մարել իր նուրբ զգացմունքները:

Կանոն 7 Մի մոռացեք, որ ժամանակակից երեխաները շուտ են մեծանում, և խոսեք նրանց հետ սեռական կյանքի մասին, և այն խնդիրների մասին, որոնք կարող են ծագել այս առումով անզգույշ լինելու հետևանքով:Իհարկե շատ ծնողների համար նման թեմայի շուրջ զրույցի միտքն արդեն վդովեցնող է, բայց եկեք խուսափենք ջայլամի քաղաքականություն վարելուց. միևնույն է, այդ հարցերը հետաքրքրում են դեռահասին և եթե դուք չզրուցեք նրա հետ, ապա դա կանեն ուրիշները, /այ թե ինչ գիտելիքներ ու տեղեկություն կտրվի նրան այդ դեպքում, խիստ կասկածելի է/ և չմոռանանք, որ համապատասխան գիտելիքների բացակայությունը, այս տարիքին բնորոշ զգացմունքային փոթորիկը և օրգանիզմում տեղի ունեցող հորմոնալ փոփոխությունները զուգակցվելով կարող են չար կատակ խաղալ:Հետո կարող է ուշ լինել:

Կանոն 8 Ձեր Դեռահասի ընտրությանը կտրականապես դեմ լինելու կամ ոչ մի կերպ չհամակերպվելու դեպքում փորձեք նրբանկատորեն բացատրել նրան, որ առաջին սերը միշտ չէ որ շարունակվում է ամբողջ կյանքում, իսկ իր երկրպագության օբյեկտը հակառակ սեռի միակ ներկայացուցիչը չէ այս մոլորակի վրա, և որ նա ամենայն հավանականությամբ իդեալ չէ:Օգնեք դեռահասին հասկանալ և գիտակցել, որ իր կյանքի ուղին դեռ նոր է սկսվում և առջևում նրան դեռ շատ հետաքրքիր հանդիպումներ են սպասում:

Կանոն 9 Իսկական և անկեղծ ընկեր դարձեք Ձեր երեխայի համար:Չէ որ նա դեռ հասուն կյանք մտնելու իր առաջին քայլերն է անում և ծնողի/կամ մեկ այլ նշանակալի մեծահասակի/ ճիշտ ժամանակին և ճիշտ ձևով տրված խորհուրդը կօգնի հաղթահարել առաջին սիրային ապրումների հետ կապված դժվարությունները:

Կանոն 10 Գնաատեք դեռահասի վստահությունն ու պահպանեք Ձեզ վստահված գաղտնիքը.դա չափազանց կարևոր է նրա համար:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել