Երևանի Թամանյան և Իսահակյան փողոցների խաչմերուկին կանգնած շենքի այս երկու կամարների մոտով դեպի Կասկադ գնալիս անցնում են բոլորը: Բայց քչերը թերևս գիտեն, որ հենց այստեղ էր գտնվում 1970-ականների երևանյան ամենահայտնի գարեջրատներից մեկը` «Թեմուրանոց»-ը: Այն կոչվում էր նրա պանդոկապանի` Թեմուրի անունով, որը շատ յուրահատուկ և պատկերավոր մի անձնավորություն էր` միշտ զգոն, հստակ ու արդար: Ինչպես շատերն են վկայում` Թեմուրը պանդոկ հաճախող որոշ գրողներից ու արվեստագետներից հաճախ ընդհանրապես գումար չէր վերցնում: Հիշում եմ, երբ 1974-ին գարեջրատան հարևանությամբ` Մոսկովյան փողոցի վրա տեղադրվեց ճարտարապետ Թամանյանի արձանը, բոլորս միակարծիք էինք, որ սա հենց Թեմուրն է` երկու ձեռքերով հենված սեղանին:

«Թեմուրանոց»-ի ֆիրմային ուտեստն էր` սև կլոր թավաների մեջ տապակած կարտոֆիլը` բարակ կտրատած նրբերշիկով (սարդելկա) և այդ ամենը համամված աղացած կարմիր պղպեղով: Մեկ չափաբաժինը հենց այդպես էլ կոչվում էր` մի «թեմուր», ու այդպես էլ պատվիրվում էր սպասասեղանի մոտ կանգնած պանդոկապան Թեմուրին: Թավաները երեք տեսակի էին. փոքրը` երկու չափաբաժին (կամ երկու «թեմուր»), միջինը` չորս և մեծը` վեց: Իհարկե, խոհարարական առումով` դա շատ պարզունակ մի կերակուր էր, բայց մատչելի, համեղ ու կշտացնող` էլ ի՞նչ էր հարկավոր այն ժամանակվա երիտասարդության համար:

Գարեջուրը լցնովի էր` մեկ, երկու կամ երեք լիտր ապակյա տարաներով (բալոններով), որոնք դու ինքդ պետք է բերեիր սպասասեղանից` քո սեղանին, նոր այստեղ արդեն լցներիր գարեջուրը բաժակների մեջ: Իսկ գարեջրի տարաները լցվում էին ոչ միանգամից, այլ դրվում էին «հերթի», քանի որ փրփուրը շատ էր լինում ու տարան լցվում էր ընդատումներով` մինչև որ փրփուրը պակասի: Այդպիսին էր երևանյան «Թեմուրանոց»-ը` այն ժամանակվա երիտասարդների սիրված վայրերից մեկը, որտեղ իհարկե սեղանի շուրջը անվերջանալի էին նաև ընկերական բազմաբնույթ զրույցներն ու քննարկումները:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել