Ներկայացնում ենք թերթի առաջնորդողից մի հատված.


««Ռուսաստանի տնտեսական ու աշխարհաքաղաքական իրավիճակը ստիպում են էլ ավելի մեծ ուշադրություն դարձնել սպառազինության բիզնեսին, որը, ինչպես ֆինանսական, այնպես էլ՝ քաղաքական լծակ Է Կրեմլի համար։ Իսկ սպառազինության վաճառքը ԼՂ հակամարտության կողմերին, նորություն չէ, որ բիզնես է Ռուսաստանի համար։ Այստեղ ոչինչ չի փոխվել՝ Ռուսաստանը վաճառում է զինամթերք և՛ Հայաստանին, և՛ Ադրբեջանին, այդպիսով պահելով նաև ուժային հավասարակշռությունը հակամարտող կողմերի միջև, նաև գումար է աշխատում»,– «168 ժամի» թղթակցի հետ զրույցում այս մասին է ասել ռուս ռազմական փորձագետ Պավել Ֆելգենգաուերը՝ անդրադառնալով այն հրապարակումներին, որոնց համաձայն՝ Ռոաաստան-Ադրբեջան հարաբերություններում խնդիրներ են առաջացել, քանի որ Ադրբեջանը չի կարողանում վճարել Բաքու առաքված ռուսական զենքի դիմաց։ Ըստ Ֆելգենգաուերի՝ չի բացառվում, որ Հայաստանին տրամադրվելիք զենքերի ցուցակն Ադրբեջանի նկատմամբ ճնշում բանեցնելու նպատակով հրապարակվեց։

 

Ռուսները շարունակում են իրենց պարզունակ թեզը, թե ռուսական զենքն Ադրբեջանին Է վաճառվում՝ միայն բիզնես նպատակներից ելնելով, ընդ որում, դա ասում են գրեթե դժգոհ տոնայնությամբ, այն իմաստով, որ հայկական կողմը պետք է անգամ շնորհակալություն հայտնի իր ռազմավարական դաշնակցին իր հակառակորդին միայն բիզնես և ոչ թե՝ որևէ այլ նպատակով զինելու համար։ Բայց ռուսներին այս հարցում մեղադրելը նույնքան պարզունակ կլինի, որքան իրենց իսկ թեզը՝ «մաքուր բիզնեսի» մասին։ Նախ և առաջ՝ այն պարզ պատճառով, որ հայ «փորձագետների» ու քաղաքական գործիչների մեծ մասը՝ ռուսներից հետ չմնալով, պնդում է նույն այդ անհեթեթությունը՝ Ռուսաստանն Ադրբեջանին զենք է վաճառում միայն բիզնես նպատակներով։ Իսկ «ռուսից ավելի ռուս» հայերի մի մասն էլ ավելի առաջ է գնում՝ հայտարարելով, թե շատ ավելի լավ է, որ մեր թշնամին զենք է գնում ոչ թե այլ՝ երրորդ երկրից, այլ՝ մեր ռազմավարական դաշնակից պետությունից, որտեղից մենք ստանում ենք նաև տրանսֆերտներ։ Ինչ վերաբերում է այն հարցին, որ նաև այդ զենքով են սպանվում հայ զինվորները, ապա ոչ միայն՝ ռուս, այլ նաև՝ հայ «փորձագետներն» այդ մասին գերադասում են չխոսել։ Դրա համար նրանց չեն վճարում»,–գրում է թերթը։

 

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել