Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դվութօղլուն, օրերս Արևմտյան Հայաստանի Բինգյոլ քաղաքում կազմակերպված ընդունելության ժամանակ, հնչեցրել է մի միտք, որը ամբողջապես ի ցույց է դրել թուրքական ներկա իշխանությունների իրական դեմքն ու մտադրությունները` առանց դիմակների ու առանց արտաքին շպարի:
«Քուրդ զինյալներն այսօր նման են հայ ավազակներին, ովքեր համագործակցում էին ռուսների հետ: Նրանք նույնիսկ դիվանագիտական ներկայացուցչություն են բացել Մոսկվայում», – վրդովված հայտարարել է Դավութօղլուն:
Այս համեմատությունից կարելի է մեկ բան հասկանալ, Դավութօղլուն վերջնագրային լեզվով է խոսում քրդերի հետ, որ եթե նրանք այսպես շարունակեն, նրանց հետ տեղի կունենա այն, ինչ տեղի ունեցավ հայերի հետ: Եվ սա ասում է 21-րդ դարի Թուրքիայի վարչապետը և դրանով կոտրում բոլոր այն կարծրատիպերը, որ աշխարհն այսօր ապահովագրված է նախորդ դարասկզբի արհավիրքներից: Ո՛չ, չկա այդպիսի բան: Քանի Թուրքիան գոյություն ունի աշխարհի երեսին, աշխարհը իրեն ապահովագրված չի կարող զգալ:
Թուրքիայի վարչապետին ուղղված պատասխանը` Երևանից չուշացավ: Արտգործնախարար Է. Նալբանդյանը մասնավորապես հայտարարեց. «Թուրքիայի վարչապետը բացահայտ ասում է, որ Հայոց ցեղասպանության վերաբերյալ նախկինում իրենց կողմից շրջանառվող վարկածը, թե իբր պատերազմ էր, պատերազմական գործողությունների տրամաբանության շրջանակի մեջ էր հայերի հետ կատարվածը, շինծու է։ Պաշտոնական Անկարան հրապարակայնորեն հայտարարում է, որ, փաստորեն, հայերի դեմ իրագործված ցեղասպանությունը միտումնավոր և ծրագրված է եղել՝ պատճառաբանությամբ, որ հայերը համագործակցում էին ռուսների հետ։ Եվ այսօր նույնանման սպառնալիք է ուղղվում քրդերի հասցեին։ Միջազգային հանրության համար սա լրջագույն ահազանգ է, թե ինչ կարող է կատարվել նաև քրդերի նկատմամբ»:
Նախարարի խոսքում, մենք պետք է աշխարհին ուղղված մի շատ կարևոր կոչի ուշադրություն դարձնենք, որտեղ փորձ է կատարվում միջազգային հանրության ուշադրությունը բևեռել Թուրքիայի ներկայիս ղեկավարության գործելոճի և հայտարարությունների վրա և հորդորում նրանց, որ նույնիսկ մեկ րոպե աչքաթող չանեն թուրքերին, որպեսզի քուրդ ժողովուրդը արևմտահայերի ճակատագրին չարժանանա:
Միգրացիոն հոսքերի արդյունքում Թուրքիայի դուդուկի տակ «պարող» Եվրոպայի համար, նախարարի այս կոչը, թերևս կարող է սթափեցնող դեր ունենալ, և գոնե դրանից հետո նա կարողանա ստիպել թուրքերին, որպեսզի վերջիններս վերջ տան իրենց ռազմական գործողություններին Թուրքիայի հարավ-արևելքում, որոնք ինչպես արդեն փակագծերը բացեց Դավութօղլուն, կարող են շարունակվել արդեն ցեղասպանության տեսքով:
Մեկ բան ակնհայտ է, մերօրյա դեպքերի և մեկ դար առաջ տեղի ունեցած իրադարձությունների նմանությունն պարզորոշ կերպով ուրվագծվում է: Մեկ դար առաջ ընթանում էր Առաջին աշխարհամարտը, և թուրք խուժանը օգտագործելով այդ առիթը` իրականացրեց իր վաղեմի երազանքը` Թուրքիան առանց հայերի քաղաքականությունը: Իսկ այսօր պատերազմ է Մերձավոր Արևելքում, և Թուրքիան օգտվելով խառնակ իրավիճակից, փորձում է այնպես անել, որ երբ պատերզամը ավարտվի և ամփոփվեն արդյունքները, այս անգամ էլ արձանագրի 21-րդ դարի նրա մյուս` Թուրքիան առանց քրդերի երազանքի իրականացումը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել