ԱՄՆ նախկին կոնգրեսական, խավիարային դիվանագիտության հերթական զոհ, «Ադրբեջան-Ամերիկա Ալիանս» լոբբիստական կազմակերպության նախագահ` հանրապետական Դեն Բարթոնին ադրբեջանցի միլիարդատեր և կազմակերպության հիմնադիր Անար Մամադովը «քցել» է: Այս մասին հայտարարել է հենց ինքը՝ Բարթոնը, հավելելով, որ վերջին ամիսներին նրան աշխատավարձ չեն տալիս, չեն պատասխանում հեռախոսազանգերին և նամակներին: Այսպիսով 30 տարվա կոնգրեսականի փորձ ունեցող Բարթոնը համալրել է գործազուրկների բանակը: Կարելի է կանխատեսել, որ մոտ ապագայում ադրբեջանական լոբբիստական գործունեությունը համակարգող «Ֆաբիանի գրուպ» ընկերությունը նույնպես կանգնելու է «քցված» լինելու վտանգի առաջ: Նման վտանգի առաջ են կանգնելու շուրջ 90 ամերիկացի կոնգրեսականները, ովքեր ԱՄՆ Կոնգրեսում ներկայացնում են ադրբեջանցիների շահերը: Բաքվի ֆինանսական վիճակի վատթարացումը և միլիարդեր Անարի հոր՝ տրանսպորտի նախարար Մամադովի դիրքերի թուլացումը լուրջ ազդեցություն է ունենալու ադրբեջանական լոբբիզմի ֆինանսավորման վրա:

Սակայն սրան զուգահեռ օրեր առաջ ադրբեջանցի լոբբիստների աշխատանքի արդյունքում ԱՄՆ Մոնթանա, Ջեորջիա, Հավայի և Արիզոնա նահանգները հայտարարություններով հանդես եկան՝ հայկական կողմին մեղադրելով Խոջալույի դեպքերի կազմակերպման մեջ: Սա նշանակում է, որ ադրբեջանական լոբբիստները իրենց թիրախ են ընտրել ոչ թե ֆեդերալ, որտեղ հայկական լոբբին անհամեմատ հզոր է, այլ նահանգային մակարդակը: Ընտրված են այն նահանգները, որտեղ կազմակերպված հայկական համայնք չկա և հակազդելը բարդ է: Սա նոր մարտահրավեր է հայկական լոբբիստների համար, որոնք համայնքային գործոնը պետք է փոխարինեն պրոֆեսիոնալ լոբբինգի գործոնով: Վստահ եմ, որ մեր լոբբիստները՝ իրենց բնորոշ պրոֆեսիոնալզիմով արագ կշտկեն իրավիճակը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել