Մենք` հայերս,  մի շատ վատ սովորություն ունենք` հիանում ենք  այն ամենով, ինչը մերը չէ, իսկ մեր ունեցածը չենք նկատում և չենք գնահատում: Բայց եթե մի փոքր ավելի շրջահայաց լինենք, կնկատենք, որ մեր կողքին շատ ավելի տաղանդավոր մարդիկ են ապրում ու ստեղծագործում:

Վերջերս սոցիալական ցանցերի հայ աստղերի էջերում երևի նկատած կլինեք նրանց լուսանկարների իլյուստրացիաները: Սկզբում Սիրուշոն, հետո Լիլիթ Հովհաննիսյանը, ապա Արփի Գաբրիելյանն ու Վիկա Մարտիրոսյանը գնահատեցին այդ իլյուստրացիոն նկարները և դրանք տեղադրեցին իրենց Ֆեյսբուքյան  ու ինստագրամյան էջերում  և  շնորհակալություն հայտնեցին Lilith Illust-ին:

BlogNews.am-ը փորձեց գտնել այդ նկարների հեղինակին և  զրուցել  նրա հետ:

Lilith Illust  անվան ներքո ներկայանում է 15-ամյա Լիլիթ Օհանյանը, ով ծնվել և մեծացել է  Թաթարստանի մայրաքաղաք Կազանում: Նա չունի մասնագիտական կրթություն, չի հաճախել նկարչության դասընթացների: Դեռ դպրոցական է, սակայն ապագայում երազում է ավելի կատարելագործել իր ունակություններն ու դառնալ դիզայներ-մոդելավորող, ունենալ սեփական ապրանքանիշը:

Լիլիթը նկարել սկսել է շատ վաղ տարիքից`4-5 տարեկանում: Բայց դեռ մանկուց ունեցել է շատ հստակ ուղղվածություն` նորաձևություն: Աղջկա խոսքով մինչ օրս նա չի դավաճանում իր ընտրած ուղղությանը:

Lilith Illust անվան տակ նա սկսել է ստեղծագործել 2015 թվականի ամառվանից, մինչ այդ ներկայանում էիր անուն ազգանունով: Ըստ Լիլիթի ինը սիրում է նկարել յուրահատուկ ոճ  և հետաքրքիր արտաքին ունեցող մարդկանց: Իր հերոսները հիմնականում հայ հայտնիներ են, քանի որ իրենց արտաքին տվյալներով ու ճաշակով նրանք չեն զիջում արտասահմանյան աստղերին: 

Եթե հետևեք Լիլիթի էջին, կնկատեք, որ առավել հաճախ նա նկարում է Լիլիթ Հովհաննիսյանին, իսկ պատճառը Լիլիթի` բոլորից տարբերվող արտաքինն է ու նորաձևության վերաբերյալ լավ պատկերացումները: Լիլիթի վառ կերպարները  նրա հաար ոգեշնչման աղբյուր են:

Lilith Illust-ը չի նկարում գումարի դիմաց, քանի որ յուրաքանչյուր նկարի հետ կապված առանձնահատուկ էմոցիաներ է ունենում, իսկ պարտավորված նկարելիս դրանք չի ունենա: Երբեն-երբեմն  կարող է ինչ-որ մեկի խնդրանքով նկարել, բայց դա անելուց առաջ անպայման նայում է այդ մարդու ոճային լինելուն: 

Լիլիթի  էջը Ֆեյսբուքում` Lilith Illust,  Ինստագրամում` lilith_illust

BlogNews-ը շարունակելու է բացահայտել հայ տաղանդավոր երիտասարդներին:

Պատրաստեց Անի Հակոբյանը

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել