Դերասանուհի Աննա Դավթյանը ամուսնությունից հետո տեղափոխվել է Մոսկվա։ Դերասանուհին, ով իրեն նվիրել է ընտանիքին, BlogNews-ին պատմել է ընտանեկան առօրյայի մասին, ինչպես նաև հայտնել, որ տևական դադարից հետո պատրաստվում է վերադառնալ աշխատանքի։

«Շուտով 3 տարի կլինի, ինչ ինձ ամբողջությամբ նվիրել եմ ընտանիքիս, բայց հիմա արդեն նորություններ են սպասվում»,- նշեց դերասանուհին, սակայն առայժմ չցանկացավ բացահայտել, թե գործնական ինչ նորություններ են սպասվում։

Անդրադառնալով ընտանիքին՝ Աննան նշեց, որ փոքրիկի ծնունդն ամեն բան փոխել է. «Ձագուկս շատ աշխույժ և ժիր է։ Ադելի ծննդից հետո մեր ընտանեկան երջանկությունը դարձել է լիարժեք։ Անպայման ուզում ենք երկրորդ երեխա էլ ունենալ, սակայն ոչ հիմա։ Երկրորդ երեխայի ծնունդը ծրագրում ենք այն ժամանակ, երբ հոգսառատ առօրյաս մի քիչ թեթևանա, Ադելս ինքնուրույն դառանա։ Երբ ծնվում է երկրորդ փոքրիկը, առաջին երեխան ավելի քիչ ուշադրություն և խնամք է ստանում»։

Դերասանուհու դուստրը շուտով 2 տարեկան կդառնա։ Մայրիկը պատմեց, որ նա շատ է սիրում երգել ու պարել։ «Մենք նույնիսկ մի քանի զուգերգ ունենք։) Նա ունի սիրելի երգեր, տեսահոլվակներ, որոնք ամեն օր պարտադիր դիտում է։ Վերջին տեսահոլովակը, որը շատ է սիրում Ռազմիկ Ամյանի «Չունի աշխարհը քեզ նման»-ն է, որի ռեժիսորը մեր փեսան է՝ Կարեն Ամյանը»,- ասաց Աննան ու հավելեց, որ փոքրիկ Ադելը լսում է գրեթե ամեն տեսակի երաժշտություն՝ ժողովրդական երգերից, դասական երաժշտությունից մինչև էստրադային կատարումներ։

Ըստ Աննայի՝ դուստրն արդեն բավականին ձևավորված բնավորություն ունի, ընդ որում՝ նման է թե՛ իրեն, թե՛ ամուսնուն. «Ինձ պես երաժշտական է, լավ լսողություն ունի, դիմացկուն է, ամուսնուս պես ամուր բնավորություն ունի և ճարպիկ է»։

Դերասանուհին նշեց, որ ուշադիր և բծախնդիր է երեխայի խնամքի հարցում, սակայն չափի մեջ։ Սկեսուր մայրիկն էլ միշտ պատրաստ է օգնել իրեն, երբ կարիք է լինում։

Ինչ վերաբերում է մոսկովյան կյանքին ադապտանալուն՝ Աննան նշեց, որ արդեն հարմարվել է այնտեղի կյանքին, միակ բարդությունը կարոտն է ընտանիքի, ընկերների և հայրենիքի հանդեպ։ «Չեմ հոգնում կրկնել Սարոյանի «Իմ սիրտը լեռներում է» խոսքերը, իսկ մյուս հարցերում արդեն հարմարվել եմ. որտեղ ընտանիքս է, այնտեղ էլ՝ ես»։

               

Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել