«Իմ ամենակարեւոր  հանդիսատեսը իմ ընտանիքն է»Aravot.am-ը գրում է.

Ըստ Վալերի Սահարյանի՝ մեր հայկական մշակույթը շատ ուժեղ է, մի օր այդ ամենը ի հայտ կգա եւ կոչնչացնի էժանագին երաժշտությունը «Ես հասկանում եմ, որ չեմ կարող գոհացնել բոլորին, բայց եթե կարող եմ տարածել լավ երաժշտություն, որն իմ ուժերի սահմանում է՝ ես այն կանեմ»,- «Առավոտ»-ի հետ զրույցում ասաց «Արմենիա» պրոդյուսերական կենտրոնի գլխավոր պրոդյուսեր Վալերի Սահարյանը: Նա Մոսկվայում կազմակերպվող «Armenia Music Awards» երաժշտական մրցանակաբաշխության հիմնադիրն է:

Այս մրցանակաբաշխությունն արդեն 10 տարի է՝ Սփյուռքում ներկայացնում է հայկական երաժշտությունը` ինչպես էստրադային կատարողների, այնպես էլ Տիգրան Մանսուրյանի, Օֆելյա Համբարձումյանի, Ռուբեն Մաթեւոսյանի, Ռուբեն Հախվերդյանի, Ռոզի Արմենի եւ այլ հայտնիների մասնակցությամբ: Այսօր Մոսկվայի Կրեմլի Մեծ դահլիճում տեղի է ունենալու «Armenia Music Awards» հոբելյանական՝ 10-րդ մրցանակաբաշխությունը: «Armenia Music Awards»-ի 10-ամյակը պետք է անցյալ տարի նշվեր, սակայն Վալերի Սահարյանը հարգելով եւ կարեւորելով Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցը՝ հրաժարվեց միջոցառման հոբելյանական համերգ-մրցանակաբաշխությունից՝ տեղափոխելով այս տարի:

Այս մրցանակաբաշխությունն, ինչպես ասաց Սահարյանը, որպեսզի տարբերվի նմանատիպ միջոցառումներից, ամենայն պատասխանատվությամբ են մոտենում գործին: «Ամեն տարի աշխատում ենք նոր բան մտածել, որպեսզի մրցանակաբաշխությունից հետո տպավորություն չլինի, որ հանդիսատեսին խաբել ենք»,- ասաց Սահարյանը: Ամեն համերգի ժամանակ Սահարյանի ընտանիքի անդամները՝ կինն ու երեխաները, առաջին շարքում են նստում. «Եթե վատ, անորակ կատարողների հրավիրեմ եւ բարձրացնեմ բեմ, առաջին հերթին կխաբեմ իմ ընտանիքին, հետո՝ մյուս հանդիսատեսներին:

Իմ ամենակարեւոր հանդիսատեսը իմ ընտանիքն է»: Թե այս տարվա ընթացքում իր իսկ կազմակերպած համերգ-մրցանակաբաշխություններից ո՞րն է ավելի շատ տպավորվել եւ արժեքավոր եղել, Սահարյանը նշեց՝ 2014-ինը, որի միջոցառումը համարեց իդեալական. «Այդ տարի մասնակցում էին բացառապես լեգենդներ: Երբեք ես ժամանակ չեմ ունենում դահլիճում գտնվել: Բայց այդ համերգի ժամանակ մի պահ որոշեցի մտնել դահլիճ եւ հանդիսատեսի աչքերով նայել այդ ամենին: Հետեւի շարքում նստած մի կնոջ հարցրեցի՝ եւ ի՞նչ, ձեզ դո՞ւր է գալիս միջոցառումը: Նա շատ չոր պատասխանեց՝ ոչ, ավելացնելով՝ կարծես թաղում եկած լինենք, մի հատ շախով-շուխով պարային երգ չկա: Ես հասկացա, որ սխալ մարդու սխալ հարց եմ տվել եւ արագ դուրս եկա այդտեղից»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել