Պարզվում է՝ Լևոն Տեր-Պետրոսյանի թոռը ծառայում է Հայոց բանակում։ Ինչպիսի՜ երջանկություն։ Ֆեյսբուքը պատրաստ է հիացմունքից ուշաթափվել։ Առավել ևս, որ այս լուրը հաղորդած լրատվամիջոցները նշել էին, որ իրականում նա կարող էր չծառայել էլ, բայց ինքն է պահանջել, որպեսզի անցնի զինվորական ծառայություն ու հիմա հենց դա էլ անում է․․․ Երևանում․․․

Իրականում, չգիտեմ որքանով է համապատասխանում իրականությանը այն պնդումը, որ նա կարող էր նաև չծառայել։ Հակված եմ համարելու, որ դա իրոք այդպես է՝ հաշվի առնելով, որ անկախ ամեն ինչից՝ առաջին նախագահի թոռը մնում է առաջին նախագահի թոռ։ Չեմ ուզում անգամ ակնարկել այն, որ Երևանում է ծառայում, որովհետև ի վերջո կարող է հատուկ նշանակության զորքերում է ծառայում, կամ էլ իրոք անփոխարինելի է իր ծառայության վայրում և շատ ավելի օգտակար այնտեղ, քան կլիներ՝ դիրքապահ ծառայություն իրականացնելիս։

Սակայն նվաստացուցիչ ու տխմար եմ համարում այն հիացական հիսթերիան, որն առաջացել է այս լուրից։ Քիչ է մնում հերոսի կոչում էլ պահանջեն, որ չափահաս ու առողջ հայ տղամարդը անում է այն, ինչ պետք է անի ու անում է մի բան, որ անում են իր պես հազարավոր ու տասնյակ հազարավոր երիտասարդներ, ում բախտ չի վիճակվել նախագաահի թոռ լինել։ Նույնիսկ բոլոր այդ գովասանքների, որոնք նշված են հոդվածներում՝ իրականությանը համապատասխանելու դեպքում, սա ուղղակի վկայում է նորմալ մարդ լինելու մասին․ դրանից ոչ ավել, ոչ էլ պակաս;

Դադարեցրեք այդ հիմար էյֆորիան։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել