EXCLUSIVE
Երգիչ Արամեն այս փուլում մի քանի հետաքրիր նորություններ ունի: BlogNews.am-ի հետ զրույցում` նա պատմել է առաջիկա շրջագայության, կայանալիք մենահամերգի, և Արտյոմ Հակոբյանի հետ այլևս չհամագործակցելու մասին:
Երգչի շրջագայությունները սկսվում են մարտի 31-ից, ունենալու է մոտավորապես տասնհինգ համերգ. «Մեկնում եմ Սիլվա Հակոբյանի հետ, ինչի համար միայն ուրախ եմ. նա լավ ճանապարհի ընկեր է և լավ երգչուհի: Կարծում եմ` մեր հայերը գոհ կլինեն, պետք է որ լավ համերգ ունենանք: Ամեն տարի մոտ երեսուն-երեսունհինգ համերգներ են լինում, պարզապես շատ չենք խոսում դրանց մասին: Կան քաղաքներ, որտեղ մենք առաջին անգամ ենք լինելու և նրանց համար ցանկացած երգացանկ նոր է: Բնականաբար կհնչեն իմ ինչպես նոր երգերն, այնպես էլ հին»:
Այս տարի լրանում է Արամեի ստեղծագործական գործունեության տաս տարին, երգիչն այն ամփոփելու է մենահամերգով, որը կկայանա աշնանը. «Եթե ես հաշվեմ ընդհանրապես իմ երաժշտական ճանապարհը, դա ավելին է, քան տաս տարին: Ես սկսել եմ 1993 թվականից, այդ ժամանակ Ռուսաստանում ես նվագում էի հարվածային գործիքներին և երգում էի միարժամանակ, ինչն իրոք բարդ էր: Հետո արդեն «Արևիկ» խմբում էի, մոտ ութ տարի: Այսինքն ես դեռ փոքրուց երգարվեստում եմ: Բայց ես հաշվում եմ տարիները, որպես անհատ արտիստ, այսինքն որպես Արամե: Արամեն իրականում տաս տարի է բեմում, իսկ Արամ Եղիազարյան տասնմեկ տարեկանից երգում է»,-պատմում է Արամեն և հավելում, որ մենահամերգը չի արվում մարդկանց զարմացնելու համար. «Իրականում արտիստի համար լավ մենահամերգը, դա լավ հնչողությունն է, լավ ձայնը: Մենք ամբողջ համերգը կկառուցենք ամենասկզբից մինչև այսօր կատարած իմ աշխատանքի հիման վրա: Միգուցե երեկոյին կլինեն իմ ընկերները, բայց դա դեռ որոշում ենք: Վստահ եմ, որ կունենանք լավ երեկո»:
Շատերն են հիշում երգչի նախորդ մենահամերգը, որը 1 ժամ 40 րոպե ուշացումով էր սկսել, որի արդյունքում շատերը լքել էին դահլիճը: Երգիչը հավատացրեց, որ այս անգամ նման թյուրիմածություն վստահաբար չի լինի. «Դա իր բազմաթիվ պատճառներն ուներ, որ համերգն այդպես ստացվեց: Այսինքն անպատասխանատու և ոչ պրոֆեսիոնալ մարդկանց հետ գործ բռնելը իմ ամենամեծ սխալն էր: Յուրաքանչյուր արտիստի հետ գոնե մեկ անգամ նման բան պատահում է, բայց հավատացեք այս անգամ ամեն բանին ես եմ հետևելու և վստահ եմ, որ նման բան միանշանակ չի լինի»:
Այն հարցին, արդյո՞ք արտիստը կարողանում է հետ բերել իր ներդրած գումարներն` Արամեն այսպես պատասխանեց. «Ես առավել քան վստահ եմ, որ բոլոր այն արտիստները ովքեր ունեցել են իրենց համերգին լավ շոու ծրագիր, ձայնային լավ տեխնիկա և այսպես ասած մի քիչ ավելորդություններ են իրենց թույլ տվել, դա միանշանակ, որպես բիզնես չի կարող դիտվել: Հավատացեք` ծախսերը էլ ավելի շատ են լինում, քան տոմսերից վերադարձված գումարները: Դա ավելի շատ տոն է արտիստի համար, իրադարձություն, մանավանդ որ լինում է քո սիրած և քո ուզած դահլիճում: Վազել գումարի հետևից այս պարագայում, դա նշանակում է անել ամենամեծ սխալը իմ կարծիքով: Ավելի շատ պետք է ամեն բան ներդնես, որ լավ համերգ ունենաս և քո երկրպագուները ստանան այն, ինչի համար եկել են»:
Երգիչը նաև նշեց, որ առաջիկայում նոր տեսահոլովակ է ներկայացնելու, որտեղ ամփոփված կլինեն նրա համերգային շրջագայությունների կադրերը. «Ես շատ եմ ունենում համերգներ դրսում. Հայաստանում կարծես` պասիվացել է համերգային վիճակը: Այս տեսահոլովակը ինֆորմացիայի պես կարծես լինի, թե ես վերջին երկու տարում, ինչ համերգներ եմ ունեցել: Տեսահոլովակի ամբողջ աշխատանքով Սյոման է զբաղվում, տեսնենք` ինչ կստացվի»:
Երգը կոչվում է «Աղջիկ-տղա», որի հեղինակը Արամեն է. «Ես վերջերս բողոքում էի, որ ոչ մի երգ չեմ կարողանում գրել: Չեմ հիշում` ինչն ինձ ոգեշնչեց, բայց եկան այս տողերը. աղջիկ-տղա կապ չունի, ամեն մեկը իր բախտն ունի: Գիտեք ես հաճախ չեմ գրում, ավելի շատ քթիս տակ մռթմռթում եմ ինչ-որ տողեր: Հեռախոսիս մեջ կան երգեր, որոնց դեռ ձեռք չեմ տալիս, բայց ինչպես ասում են դրանց հերթն էլ կգա»:
Մինչև վերջերս Արամեն համագործակցում էր Արտյոմ Հակոբյանի հետ, բայց պարզվում է նրանք այլևս միասին չեն աշխատում. «Մենք պարզապես աշխատանքային պայմանավորվածություն ունեինք, այդ պայմանավորվածության ժամկետը վերջացել է: Մենք որոշեցինք, որ ես պետք է առանձին շարժվեմ իմ ճանապարհով, չնայած ես այն ժամանակ էլ ազատ էի, քանի որ Արտյոմի հետ ոչ մի պրոդյուսերական պայմանավորվածություն չկար: Ոչ մի տեսակի պրոդյուսերների, մենեջերների հետ ինձ այս պահին պետք չէ կապել: Ես բաց եմ բոլոր տեսակի գործնական համագործակցությունների համար, կան մարդիկ ովքեր գործնական մեզ հետ համագործակցում են, իսկ ինչ վերաբերվում է ինձ հետ կապնվելու, դա այսօրվա համար այդքան բարդ բան չէ, քանի որ կան սոցիալական կայքեր: Փառք Աստծո իմ կողքին կան մարդիկ, ովքեր ինձ շատ բաներից ազատում են, այսինքն այն բաները որոնք ինքս պետք է անեմ, ես չեմ անում: Դրա համար հատուկ համագործակցության մասին ես չեմ մտածում»:
Նյութը` Սիրանուշ Գրիգորյանի