Մի հետաքրքիր, չգիտեմ, տրամաբանական ասեմ, թե փիլիսոփայական առանձնահատկություն կա: Երբ որ ասում ես` հայ ազգը տգետ է, դա չի նշանակում, թե հայ ազգի ԱՌԱՆՁԻՆ վերցրած բոլոր ներկայացուցիչներին հատ-հատ համարում ես տգետ: Հին Հռոմում մի արտահայտություն կար, ասում էին՝ Սենատն անբարոյական է, սենատորները` ոչ: Անգամ 99 տոկոսով բարոյական անհատներից կազմված Սենատը ՀԱՎԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ կարող է լինել անբարոյական, ընդ որում` ոչ միայն և ոչ այնքան այն 1 տոկոս անբարոյականին «տոն տալու» հետևանքով: Առանձին վերցրած բարոյական սենատորները կարող են ՄԻԱՍԻՆ անբարոյական դրսևորումներ թույլ տալ, երբ հավաքվում են իրար գլխի` կոնկրետ հարթակում (Սենատում):

Հավաքականության մեջ հայ ազգը տգետ է, որովհետև թշնամաբար է վերաբերվում նոր մտքերին, գաղափարներին, որոնք գեներացվում են հենց իր մեջ` իր զավակների կողմից, կամ էլ` դրսում: Պատահական չէ, որ հայ հանճարների կամ դրական լուրջ փոփոխություններ պայմանավորած անհատականությունների մեջ, սկսած Տիգրան Մեծից ու Խորենացուց, վերջացրած Խաչատուր Աբովյանով ու Թումանյանով, չկա մեկը, ով զուտ հայկական միջավայրի արդյունք կլիներ: Աներևակայելի ավերածությունների, ազգի կեսին կոտորելու կամ հայրենազրկելու գնով միայն կարողացանք քրիստոնեություն ընդունել (չեմ հիշում՝ Ագաթանգեղո՞սը, թե՞ Բուզանդն էր գրել, որ քրիստոնեության ընդունմամբ 8 մլն-անոց Հայաստանում մնաց 4 մլն մարդ), էն էլ մինչև հիմա մնացել ենք 5-րդ դարի քրիստոնեության մակարդակում (բնաջնջելով առաջադիմական պավլիկյաններին ու թոնդրակյաններին), մինչդեռ քաղաքակիրթ աշխարհը զգալի փոփոխությունների ու վերամեկնաբանությունների ենթարկեց քրիստոնեությունը: 

Հավաքականության մեջ մենք երևի թե նաև քսենոֆոբ ենք (այլատյաց), այդ բառի հետևյալ սահմանումը ոնց որ հատուկ նաև հայ ազգի համար գրված լինի :) ` «Օտար, անծանոթ, անսովոր ինչ-որ մեկի կամ ինչ-որ բանի հանդեպ վախ կամ ատելություն, օտարի ընկալում որպես անհասկանալի, անըմբռնելի և այդ պատճառով էլ` վտանգավոր ու թշնամական էակի»: Բայց առանձին վերցրած հայը, երբ որ ընկնում է այլ միջավայր («հայ ժողովրդից» դուրս), շատ արագ է ընդունում նոր մտքերն ու գաղափարները, անգամ զարգացնում դրանք, կենսակերպը կարող է փոխել միանգամից, այլատյաց չի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել