20141003-HONG_KONG_DEMOCRACY_6-itf_0Ինչպես արդեն նշել էինք նախորդ հրապարակումներում, ՀՀ-ում խաղաղ անհնազանդության կիրառելիությանը նվիրված հոդվածաշարի յուրաքանչյուր մասում մանրամասն քննարկվելու է քաղաքական/քաղաքացիական խաղաղ անհնազանդության հնարավոր տարբերակների կիրառելիությունը մեր երկրում, ինչպես նաև մինչ այս քաղաքական ուժերի կողմից ընտրված միջոցների ձախողման պատճառները: Հոդվածաշարը հիմնված է միջազգային փորձի ուսումնասիրության, ինչպես նաև առկա քաղաքագիտական գրականության վրա: Հոդվածաշարի առաջին, երկրորդ, երրորդ, չորրորդ և հինգերորդ մասերին կարող եք ծանոթանալ նշված հղումներով:

Հոդվածի այս մասի քննարկման առարկան լինելու է քաղաքական պայքարի ընթացքում բավականին ճկուն ռազմավարության առկայության անհրաժեշտությունը: Հոդվածի շրջանակներում քննարկվող խաղաղ անհնազանդության տեսությունը փորձում եմ զուգորդել մեր երկրում առկա քաղաքական իրողություններով,և այս մասում քննարկվող ռազմավարության անհրաժտությունը ևս դիտարկելու ենք վերոնշյալ համատեքստում:

Այսպիսով, ինչպես մնացած մակարդակներում այս մակարդակում ևս հայակական քաղաքական իրողությունները հեռու են մասնագիտական մոտեցումներից: Քաղաքական պայքարի դուրս ելած ուժերը հիմնականում խուսափում են նախօրոք մշակված լայն ռազմավարական ծրագրերից: Նախորդ մասերում արդեն արձանագրեցինք, որ հայաստանյան քաղաքական ընդդիմությունն օգտագործում է քաղաքական պայքարի սահմանափակ միջոցներ, հիմնականում շեշտը դնելով միայն փողոցային պայքարի ամենահայտնի և հիմնականում ոչ արդյունավետ միջոցների վրա: Սակայն նույնիսկ այս պարագայում օգտագործվում են բավականին սահմանափակ մեթոդներ և նախապես մշակված լայն ռազմավարության մասին խոսք անգամ լինել չի կարող: Բոլորիս քաջ հայտնի են բազմապիսի դեպքեր, երբ փողոցային պայքարի ընթացքում մեր քաղաքական ուժերը դուրս են եկել փողոց «Սկսենք կտեսնենք ինչ կլինի» կարգախոսով, իսկ արդյունքը բացառապես բոլոր դեպքերում բացասական է եղել: Մեր ընդդիմադիրները հաճախակի հույս են կապել ինքնաբուխ անհնազանդության հետ, որի ընթացքում միշտ որդեգրել են հալածյալի կարգավիճակում հայտնվելով հնարավոր քաղաքական դիվիդենտներ շահելու ճանապարհը: Իրականում ինքնաբուխ անհնազանդությունը տեսականորեն ունի բազմաթիվ դրական կողմեր, սակայն գործնականում բազմիցս ապացուցվել է դրա անարդյունավետությունը:

Միջազգային փորձը ցույց է տալիս, որ ինքնաբուխ անհնազանդությանն ապավինողները շատ հաճախ հաշվի չեն առել հակառակ ճամբարի կողմից նախապատրաստվելիք սադրանքներն ու արդյունքում չեն կարողացել խուսափել պատային իրավիճակներից, և սկսած գործընթացը միանգամից տապալվել է: Ինքնաբուխ անհնազանդության մասնակիցների կողմից մանրակրկիտ պլանավորման բացակայության արդյունքում որոշումների կայացումը կրել է իրավիճակային բնույթ, ինչն էլ իր հերթին հանգեցրել է շարժման բացասական ելքին: Այս ամենով հանդերձ հարկավոր է հստակ ընդգծել, որ ինքնաբուխ ժողովրդական գործողություններն, իհարկե, դրական հետևանքներ էլ են գրանցում, բայց, այնուամենայնիվ, ցանկացած լայնածավալ քաղաքական շարժում նախաձեռնելիս հարկավոր է օբյեկտիվորեն գնահատել ստեղծված քաղաքական իրավիճակի հասունությունն ու ժողովրդական տրամադրությունները և մշակել քաղաքական քայլերի այնպիսի հաջորդականություն, որի օգնությամբ հնարավոր կլինի ստեղծված քաղաքական իրողությունից առավելագույն օգուտներ ստանալ: Ժողովրդական տրամադրություններն ու իրավիճակի գնահատումը պետք է հնարավորինս իրատեսական և օբյեկտիվ կատարել: Շարժման նպատակները հստակեցնելուց հետո հարկավոր է մշակել դրանց հասնելու ուղիները: Որքան կարևոր է շարժման հռչակած նպատակը և ձախողման դեպքում հետևանքների ծանրությունը, այնքան ավելի է կարևորվում ռազմավարության մշակումը: Օբյեկտիվ հաշվարկների վրա հիմնված ռազմավարության առկայությունը մեծացնում է ժողովրդավարական շարժման ունեցած ուժի աղբյուրների արդյունավետորեն կիրառելու հավանականությունը: «Ռազմավարություն» եզրույթի (ինչպես մնացած հասկացությունները) նշանակությունը մեր իրականության մեջ սուբյեկտիվ մեկանաբանությունների է ենթարկվում, և շատ հաճախ դրա իրական իմաստը խեղաթյուրվում է: Օրինակ, բազմաթիվ ընդդիմադիր շարժումների առաջնորդների կարծիքով ռազմավարությունը լոկ տվյալ պահին իրենց կողմից հռչակված հիմնական նպատակն է: Այնինչ «ռազմավարությունը» նշանակում է մշակված գործողությունների այնպիսի ընթացք, որի միջոցով հնարավոր է ստեղծված ընթացիկ քաղաքական վիճակից անցումը դեպի ցանկալի վիճակին առավել իրատեսական դարձնել: Բացի վերոգրյալ թյուրըմբռնումը, մեր ընդդիմադիրները հաճախակի իրենց ընկալումներով պայմանավորված «ռազմավարության» մեջ մոռանում են ներառել իշխանափոխությանը հաջորդող ժողովրդավարական համակարգի ձևավորումը: Տպավորություն է ստեղծվում, որ ընդդիմադիր քաղաքական ուժերի մտավոր ներուժը բավականին ցածր մակարդակի է, սակայն կան դեպքեր, երբ բավականին պատկառելի գիտելիքներ ունեցող քաղաքական առաջնորդների շուրթերից է հնչում նույն միտքը: Վերջին օրինակում մենք գործ ունենք շարքային պոպուլիզմի հետ, ինչն էլ պայմանավորված է դաշտում ստեղծված օբյեկտիվ իրականությաբ:

Քաղաքական գործընթացներին «մատների արանքով նայելու» պատճառները

Քաղաքական գործընթացների հանդեպ ոչ մասնագիտական մոտեցումը նույնիսկ ամենազանգվածային քաղաքական շարժումները մարգինալացնում և տանում է անխուսափելի պարտության: Ասվածի վառ օրինակը 2008-ի նախագահական ընտրություններին հաջորդած համաժողովրդական շարժման ընթացքն ու վերջնական հանգրվանն է: Ի հակադրություն ընդդիմադիր քաղաքական ուժերի՝ իշխանությունը գրեթե միշտ կարողանում է ընդդիմադիրներից մի քանի քայլ առաջ գտնվել և օգտագործելով հնրավոր բոլոր միջոցները վերջնականորեն կոտրել և ջլատել անհնազանդության ցանկացած ալիք:

Քաղաքական գործընթացներին «մատների արանքով նայելու» հիմնական ցուցիչներից մեկն էլ զանգվածային և ոչ զանգվածային շարժումների ընթացքում մշակված ռազմավարության բացակայությունն է: Մշակված ռազմավարության բացակայությունը պայմանավորված է մի շարք հայտնի խոչընդոտներով: Մասնավորապես, իրենց ազատության զինվորներ հռչակած խմբերն ու քաղաքական ուժերը շարժման նպատակադրումներն անելիս սահմանափակվում են ժողովրդավարացման մասին հռչակագրային հայտարարություններով և իրենց ամբողջ կարողությունները չեն կենտրոնացնում այն խնդրի շուրջ, թե ինչ միջոցներով պետք է հասնել կայուն ժողովրդավարացման: Ընդհանրապես, նույնիսկ բռնապետական համակարգերից ազատվելու նպատակներ հետապնդող շարժումների համար առավել բարդ է լինում հետհեղափոխական ժամանակահատվածում առաջացած ժողովրդավարացման գործընթացը կազմակերպելը, քան բռնապետական համակարգից ազատվելը:

Այս խնդիրը նման է հայտնի այսբերգի սկզբունքին, համաձայն որի՝ վատ քաղաքական կառավարիչներից ազատվելն ընդամենն այսբերգի երևացող մասն է, իսկ այսբերգի ստորին՝ առավել մեծ չափերի հասնող հատվածը վատ կառավարիչներին հեռացնելուց հետո ժողովրդավարական ուժերի առջև ծառացած խնդիրներն են: Մեր երկրում, ինչպես մնացած կարևորագույն խնդիրները, «հետհեղափոխական» խնդիրները ևս անտեսվում են, և հիմնական նպատակը հռչակվում է գործող իշխանություններից ազատվելը: Կասկածի տակ չդնելով քաղաքական փոփոխությունների կողմնակից ուժերի ազնվությունը, հարց է առաջանում, ո՞րն է պատճառը, որ հասարակությանը քաղաքական ազատություններ պարգևելու տեսլական ունեցող ուժերն այդքան հազվադեպ են մշակում այդ նպատակին հասնելուն ուղղված ամբողջական ռազմավարական ծրագիր:

Ցավոք, իրենց ժողովրդավարական ընդդիմություն հռչակած ուժերը հաճախ չեն գիտակցում ռազմավարության մշակման անհրաժեշտությունը կամ էլ, որն առավել հիմնավորված է, չեն տիրապետում ռազմավարական մտածելակերպին: Այս պարագայում ևս կան մի քանի օբյեկտիվ պատճառներ: Նախ, նմանատիպ խմբերը, սխալ ընկալելով քաղաքական արդյունավետ պայքարի սկզբունքները, անընդհատ հայտնվում են ապարդյուն քաղաքական գործընթացների կիզակետում: Այդպիսով, նրանք միամտորեն կարծում են, որ եթե համառորեն և հաստատուն կերպով պայքարեն հանուն իրենց հռչակած նպատակների, այն որևէ կերպ իրականություն կդառնա և այս ճանապարհին պրագմատիկ քաղաքական հաշվարկները փոխարինվում են քաղաքական ֆանատիզմով և տանում դեպի անխուսափելի մարգինալացում: Նմանատիպ շարժումներին հատուկ է նաև մեկ այլ թյուրընկալում, համաձայն որի՝ նրանք համոզված են, որ միայն իրենց սկզբունքներին և գաղափարներին համապատասխան ապրելով և առաջացած դժվարությունները հաղթահարելով անում են հնարավոր ամեն բան դրանք իրականություն դարձնելու համար: Սեփական գաղափարներին հավատարիմ մնալն ու հռչակված սկզբունքերը պահպանելը, բնականաբար, գովելի են, սակայն, ինչպես փորձը ցույց է տալիս, դրանք բավարար չեն քաղաքական փոփոխություն արձնագրելու համար:

Քաղաքական ուժերից բացի, դաշտում գործում են նաև տարբեր ակտիվիստական խմբեր, որոնց դեպքում ևս մշակված ռազմավարության անհրաժեշտությունն անտեսվում է: Նմանատիպ քաղաքացիական շարժումներ նախաձեռնող որոշ ակտիվիստներ էլ առաջնորդվում են իբր գերժողովրդավարական սկզբունքներով և հայտարարում են, որ ցանկացած քաղաքացիական շարժում պետք է լինի ինքնաբուխ և առանց որևէ կառավարման սկզբունքի: Նրանք կարծում են, որ ցանկացած քաղաքացի, ով ներգրավված է իրենց նախաձեռնած շարժումներում պետք է անի այն, ինչ «զգում» է, սակայն նմանօրինակ մոտեցումները եսակենտրոն են և տանում են նույն ճանապարհով, ինչ քաղաքական ուժերին: Առանձին անհատի «ստեղծագործ գաղափարի» վրա հիմնված լոկալ գործողությունը բավականին սահմանափակ է, իսկ ցանկացած քաղաքացիական շարժման հռչակած նպատակներն իրականացնելու համար հարկավոր է գործողությունների շարք՝ հիմնված տվյալ շարժման նպատակներն իրագործելու համար անհրաժեշտ հետագա քայլերի մանրամասն հաշվարկների վրա: Բնականաբար, առանձին անհատների կողմից առաջարկվող ստեղծագործ կամ փայլուն գաղափարների առկայությունը բավականին դրական ազդեցություն կարող է ունենալ շարժման ընթացքի վրա, բայց նմանատիպ գաղափարներն անհրաժեշտ է ներառել շարժման ընդհանուր ռազմավարության մեջ և օգտագործել ըստ նպատակային անհրաժեշտության և հանուն ընդհանուր գործի:

Նարեկ Սամսոնյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել