EXCLUSIVE

Երգչուհի Գաբի Գալոյանը հայկական շոու բիզնեսում հայտնվեց «Երանի» երգով, իսկ նրա «Դավաճան ես»  տեսահոլովակը համեմատեցին Լիլիթ Հովհաննիսյանի տեսահոլովակներից մեկի հետ, ոմանք վստահ էին` այդ քայլն արված էր  PR-ի համար: Երգչուհուն շատերը տեսան Առաջին ալիքի «Ընտանյոք հանդերձ» սիթքոմում, որտեղ էլ գնահատեցին նրա դերասանական խաղը: BlogNews.am-ի հետ անկեղծ զրույցում նա պատմել է կյանքում ունեցած կորուստների, այն տղամարդու մասին, ում կցանկանար տեսնել իր կողիքին և թե ինչպես հայտնվեց հայկական շոու բիզնեսում:

- Ընդունված կարծիք կա հասարակության մեջ, երբ արտիստը հայտվում է շոու բիզնեսում, ասում են` ինչ-որ մեկի թեթև ձեռքով էր: Դու ինչպե՞ս «հայտնվեցիր»։ Արդյո՞ք ինչ-որ մեկի թեթև ձեռքով:

- Ես ինքս երեք տարի աշխատելով` գումար հավաքեցի «Երանի» երգիս համար և գնացի այն: Այդ երգը ինձ որոշ չափով ճանաչում բերեց, այդ երգի հեղինակը Վահրամ Պետրոսյանն է : Ես նույն կերպ շարունակում եմ աշխատել, ինձ ոչ ոք չի օգնում, չունեմ հովանավոր, պրոդյուսեր. ես այդպիսի բախտ չունեցա, որ ինչ-որ մեկի թեթև ձեռքով հայտնվեմ այս ասպարեզում:

- Հայկական շոու բիզնեսում մնալը և, այսպես ասած, ինտեգրվել այդ ընտանիքում հեշտ չէ, դա քեզ հաջողվե՞ց, թե՞ չես էլ փորձում ինտեգրվել։

- Ես դեռ չեմ էլ գիտակցում, որ հայկական շոու բիզնես ասվածի մասնիկն եմ, երբեք չեմ էլ փորձել դառնալ այդ ընտանիքի անդամ, առանձնապես ոչ ոքի հետ չեմ էլ շփվում, պարզապես ունեմ կոլեգաներ և ընկերներ, ովքեր գործում են այս ասպարեզում:

- Գաղտնիք չէ, որ մեր օրերում տեսահոլովակ նկարահանելը թանկ հաճույք է։ Շատ եմ լսում, որ արտիստներն իրենց ծախսած գումարը հետո չեն կարողանում «հանել». Դու էլ ես բախվում այս խնդրի հետ

- Այո, ճիշտ է։ Իրականում, հսկայական գումարներն են ծախսվում գործի մեջ, սա էլ մեր բիզնեսն է: Տարիներ առաջ մեր ծախսած գումարը հետ էր բերվում, իսկ հիմա ցավոք սրտի` ոչ, քանի որ փոփոխությունները դեպի հետ են գնում: Այս պահին ես աշխատում եմ փոքրիկ լսարանիս համար, առանց որևէ օգուտի:

- Հետաքրքիր է, ի՞նչ ես կարծում, այսօր երգչուհու մասնագիտությունը շահութաբե՞ր է։

- Շահույթն այս պահին միայն  հանդիսատեսի սերն է։

Շատերն այսօր միայն երգում են կոմերցիոն երգեր, ոմանք էլ շեղվեցին այն հիմնական ժանրից, որով սկսել էին: Դու էլ վերջերս ներկայացրիր կոմերցիոն երգ, մինչդեռ այլ ժանրում էիր սկսել. Հիմա ի՞նչ, որոշել ես ավելի գումար բերող երգե՞ր ներկայացնել: 

Ես ի սկզբանե մեծ պատասխանատվություն եմ վերցրել ինձ վրա, աշխատել երկու լսարանի համար` երգել կոմերցիոն երգեր, իսկ մեկ այլ լսարանի համար՝ ֆոլկ: Սակայն իմ հիմնական ժանրը համարում եմ հայկական ֆոլկ երաժշտությունը, դա արյանս մեջ է, ընտանիքս է սերմանել, ինչը փոխել չեմ կարող և հետագայում պատրաստելու եմ գործեր ֆոլկ ժանրում:

Չնայած քո տեսահոլովակը համեմատեցին Լիլիթ Հովհաննիսյանի տեսահոլովակի հետ, դու էլ ի պատասխան ասացիր, որ հաջորդ գործն այնպես կանես, որ նման չլինի: Ի՞նչ նոր աշխատանք ես պատրաստում

- Տեսահոլովակիս կերպարը համաձայնեցրած էր միջազգային ստանդարտներին համապատասխան պարող աղջկա հետ: Ես շոկ եմ ապրել այդ նմանությունից և ինքս մտածում եմ, որ ես և Լիլիթը բացարձակ տարբեր ենք թե՛ ձայնի տեմբրով, թե՛ էներգետիկ դաշտով: Հաջորդ աշխատանքիս վերաբերյալ փակագծերը չեմ ուզում բացել

-Կապված տեսահոլովակի հետ, շատերն էլ այն որպես PR քայլ դիտեցին, որ այն ավելի շատ քննարկվի

Ծիծաղելի է:

Վերջերս հեռուստադիտողը քեզ տեսավ «Ընտանյոք հանդերձ» սիթքոմում: Հիմա, երբ արդեն սիթքոմը եթերում չէ, ինչպե՞ս կվերլուծես, որքանո՞վ էր քեզ այն պետք

- Երբ սիթքոմում նկարահանվելու առաջարկ ստացա, երկար էի մտածում։ Երբ ծանոթացա կազմի հետ, անմիջապես համաձայվեցի: Մեծ պատիվ և մեծ դպրոց էր այդպիսի դերասանների հետ նկարահանվելը:

 

- Կարող ես ասել, որ դերասանի կարգավիճակում լինելն էլ քո սրտով էր և արդյո՞ք կան  նոր առաջարկներ։

- Դերասանական ասպարեզում հայտնվելը փորձ էր և հետաքրքրություն` արդյո՞ք կարող եմ հաղթահարել, թե ոչ: Ի զարմանս ինձ, արձագանքներն ավելի դրական էին՝ ի տարբերություն տեսահոլովակիս արձագանքների: Երկու առաջարկ արդեն եղել են, որոնցից հրաժարվել եմ: Ես մասնագիտությամբ երգչուհի եմ և դերասանական որոլտում ծավալուն աշխատանք կատարելու ցանկություն չունեմ:

- Բնականաբար, եթե հայտնի մարդ ես, ապա քննարկվում է ամեն ինչ։ Վերջին շրջանում ամենատարածված քննարկումը պլաստիկ վիրահատություններն են: Դու էլ անմասն չես, ասում են` փոխել ես շրթունքներիդ ձևն և վիրահատել քիթդ

- Երկու տարի առաջ փոխել եմ շրթունքներիս ձևը, և ոչ ոքի համար դա գաղտնիք չէ: Այլ վիրահատություններ չունեմ և ինձ այսպես դուր եմ գալիս։ Ի տարբերություն շատերի՝ ինձ համար հիվանդագին չէ դարձել պլաստիկ վիրաբույժներին դիմելը:

- Իրականում ինչպե՞ս ես արձագանքում տարատեսակ ասեկոսեներին և մեկնաբանություններին։

- Տարիներ առաջ չկային սոցիալական ցանցեր և մարդիկ հնարավորություն չունեին ինքնաարտահայտվելու: Ուրախ եմ, որ հիմա կա հնարավորություն խոսելու, թեթևանալու, բայց կխնդրեի մի քիչ կոռեկտ լինել մեկնաբանելիս, որովհետև ցանկացածիս մեկնաբանությունը մեր ընտանիքի և դաստիարակության հայելին է:

- Հարց, որ քեզ հաճախ են տալիս։

- Ե՞րբ ես ամուսնանալու։

- Դե, այդ դեպքում ես էլ հարցնեմ, ե՞րբ ես ամուսնանում: Կարծում եմ` մի տարիք կա, երբ ամեն անգամ կենաց խմելուց միշտ ասում են` դե այս տարի ամուսնանաս։

- Դեռ չեմ գտել այն տղամարդուն, ում հետ հոգեկան ներդաշնակություն կգտնեմ, այդ պատճառով էլ կյանքումս ոչ ոք չկա

- Այն ստանդարտ հարցերից. Ի՞նչ տղամարդ է պետք Գաբիին։

- Ես տղամարդու մեջ հայր եմ փնտրել միշտ։ Ուզում եմ այնպիսի ամուսին լինի կողքիս, որ ինձ երեխայի պես կխնամի։

- Վստահ եմ` տղամարդկանց ուշադրության պակաս չունես, բայց ասա, կարողանո՞ւմ ես արդյոք տարբերել կեղծ խոստումը իրականից։

- Ինձ հետ տղամարդիկ անկեղծ են, կեղծ լինելու կարիք էլ չկա, ես ինտուիտիվ զգում եմ շինծու վերաբերմունքը:

- Տաբուներ ունե՞ս, որոնք երբեք չես անի: 

- Չեմ կարող ցավեցնել մեկ այլ կնոջ` կտրելով նրա աճեցրած ծառը, չեմ կարող խաբել ինքս ինձ, չեմ կարող ցավեցնել մեկին և հետո գլուխս հանգիստ խղճով բարձին դնել։

- Հետաքրքիր է` խոսում ես ցավեցնելու մասին, իսկ քեզ ցավեցրե՞լ են: Ինչպե՞ս ես դուրս գալիս այդ վիճակից։

- Ցավ ցանկացածս ենք ապրում։ Դեռևս ամենամեծ ցավը հորս կորուստն է եղել, որի հետ ոչ մի կերպ չեմ կարողնում հաշտվել: Երաժշտության օգնությամբ բուժում եմ վերքերս։

- Վերջին անգամ ի՞նչն է քեզ ստիպել արտասվել։

- Հերթական զինվորի կորուստը։

- Ուզում եմ ամփոփել մեր զրույցը։ Ուզում եմ ասես, թե ի՞նչ է այսօր քեզ պակասում։ Այսինքն, երբ գլուխդ դնում ես բարձին, ինչի՞ մասին ես մտածում։

- Ուզում եմ ժողովուրդս առանց ցրկանքների ապրի, ուզում եմ անլույս տարիների միասնականությունը և հավատը վերականգնվի, առողջ մթնոլորտում եմ ուզում ապրել։ Որքան էլ հաջողակ լինենք, միևնույն է՝ լիակատար երջանկության համար մարդ պետք է առողջ և խաղաղ հասարակության մեջ ապրի:

Նյութը` Սիրանուշ Գրիգորյանի

Լուսանկարները` Դիանա Բոստանչյանի

Ոճաբան և արտ-տնօրեն` Մանուկ Ալեքսանյան

Դիմահարդար` Աշխեն Կոստանդյան-Նազարյան

Վարսահարդար` Նարեկ Բաբայան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել