Սիրիայի մասին խոսելիս ու կարդալիս, հաճախ մոռանում ենք, որ այն մեզանից ընդհամենը մի քանի հարյուր կիլոմետր է հեռու։ Օրինակ՝ նույն Հալեպը Երևանից մոտ 1000 կիլոմետրի վրա է։ Վերահաս աշխարհաքաղաքական ցնցումների պարագայում, սա չնչին տարածություն է ու անտեսել նման վտանգավոր մոտիկությունը չի կարելի։

Նման մոտիկությունը մեզ ավտոմատ դարձնում է շահագրգիռ կողմ սիրիական հակամարտությունում ու մենք պետք ա մոմ վառենք, որ Ասսադը չպարտվի։ Ինչո՞ւ։ Որովհետև ի հեճուկս մեր արևմտամետ մտավոր հետամնացների, Սիրիայում ու հատկապես Հալեպի շրջակայքում Ասսադի դեմ ոչ թե արդարության ու ազատության առաջամարտիկներ են, այլ արյունարբու իսլամիստ տականքներ, ովքեր իսլամիզմի էքսպորտի վրա են աղոթում ու եթե ինչ որ մի սցենարով մասնակիորեն, կամ էլ ամբողջությամբ տիրանան Սիրիային, ապա մենք ավոտմատ դառնում ենք առաջնային թիրախ նրանց համար։ Իսկ Թուրքիայի տարածքով մեզ նրանցից ընդհամենը մեկ օրվա ճանապարհ է բաժանում։

Նման մոտիկությունը մեզ ավտոմատ մեկ այլ ռիսկի տակ էլ է դնում։ Սիրիայում զարգացումների հիպոթետիկ մի քանի սցենարներ կան, որոնցից մեկը ենթադրում է ռազմական բախում Թուրքիայի ու Ռուսաստանի միջև։ Ու եթե առաայժմ անմիջական բախումները քիչ հավանական են, ապա երրորդ կողմերի միջոցով իրար բշտելը միանգամայն հավանական է։ Ակնհայտ է, որ նման սցենարում ռուսների հիմնական խաղադրույքը լինելու է քրդերի վրա, իսկ նրանց հասնելու ամենամոտ ու ամենաթույլ վերահսկվող ուղին՝ մեր արևմտյան սահմաններն են։

Այնպես որ, հայաստանցիներ ջան, բարի գալուստ նոր աշխարհաքաղաքական իրականություն, որտեղ մեր դիրքը նոր կարևորություն ու դերակատարություն է ստանում։ Դրա դեմ ոչինչ անել չենք կարող, իսկ այ օգտվել դրանից միանշանակ կարող ենք՝ պայմանով, որ կունենանք քաղաքական կամք ու վճռականություն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել