Առողջապահության համակարգի ներկայացուցիչները կոչ են անում մարդկանց ամռանը ձմռան համար պահածոներ չփակել եւ չպահել։ Չէ՞ որ բանկայի մեջ պահածոյացված համեղ պղպեղի կամ վարունգների կողքին կարող են թաքնվել բուտուլիզմ առաջացնող վտանգավոր բակտերիաները։
Փոքր քանակությամբ թթվածնային միջավայրում (օրինակ՝ պահածոներում) բուտուլիզմի հարուցիչ բուտուլիզմի կլոստրիդիում բակտերիան (Clostridium botulinum) արտադրում է տոքսիններ, որոնք, ընկնելով օրգանիզմ, ստամոքսի լորձաթաղանթի եւ աղիների միջոցով ներծծվում են արյան մեջ եւ ախտահարում նյարդային համակարգի տարբեր մասեր։ Հենց այսպես է զարգանում բուտուլիզմ անունով հայտնի թունավոր-վարակիչ հիվանդությունը։
Բուտուլիզմը կարող է նաեւ մահացու լինել, եթե հիվանդին ժամանակին օգնություն չցուցաբերվի, այդ իսկ պատճառով մասնագետները խորհուրդ են տալիս խուսափել պահածոներից, որոնց պատճառով հնարավոր է բուտուլիզմով հիվանդանալ։ Եթե հանկարծ նկատում եք տարօրինակ նախանշաններ, պետք է միանգամից բժշկի դիմել ։
Եթե ամեն դեպքում Դուք պատրաստվում եք պահածոյացված սննդամթերք ուտել, Նունե Բակունցը խորհուրդ է տալիս սկզբում այն տաքացնել եւ եռացնել 20 րոպե, քանի որ թունավոր տոքսինների մեծամասնությունը կոչնչանա, իսկ սնունդը կդառնա պակաս վտանգավոր։ Ի դեպ, սա վերաբերում է ոչ միայն մարինացված թթուներին եւ աղ դրված բանջարեղեններին, այլեւ կոմպոտներին եւ տնային պայմաններում պատրաստված հյութերին։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել