Փետրվարի 15-ից «Արմենիա» հեռուստաընկերության եթերում  կմեկնարկի «Առաջնորդները» հեռուստանովելը: Հեռուստաընկերությունը սերիալի ցուցադրման բացառիկ իրավունքը գնել է «Endemol» ընկերության ռուսաստանյան ներկայացուցիչ «Weit Media»-ից։

BlogNews.am-ի հետ զրույցում «Արմենիա» հեռուստաընկերության տնօրեն Դավիթ Բաբախանյանը նշեց. «Առաջին շաբաթը կցուցադրվի երկու սերիա ամեն օր, իսկ «Պրեմիում» ալիքի հեռուստադիտողները հնարավորություն կունենան մեկ օր շուտ մեկ սերիա ավել տեսնելու»:

Իսկ սցենարիստ Դիանա Գրիգորյանը որոշեց փակագծերը շատ չբացել սերիալի զարգացումների մասին, միայն նշեց. «Հեռուստադիտողը դեռ նոր պետք է տեսնի հեռուստանովելը, բայց կնշեմ, որ յուրաքանչյուր սերիա հետաքրքիր զարգացումներով լի է լինելու»:

Իսկ այն հարցին` արդյո՞ք սերիալում կլինեն նոր դերասաններ` Դիանան այսպես պատասխանեց. «Մեր դերասանական կազմն արդեն իսկ այնքան լավն է, որ ես պիտի փորձեմ հնարավորինս իրադարձությունները իրենց մեջ ծավալեմ: Անշուշտ կլինեն նոր դերասաններ, բայց դեռևս ոչ, քանի որ մեզ մոտ յուրաքանչյուր դերասան և մասնավորապես յուրաքանչյուր կերպար շատ ասելիք ունի: Իրենց կերպարի հետևում դեռ մեծ գատնիքներ են թաղված, որոնք պետք է դեռ բացահայտել»: 

Դիանան զրույցի վերջում հույս հայտնեց, որ արժանի գնահատական կստանան այն հեռուստադիտողների կողմից, ովքեր դեռևս հնարավորություն չեն ունեցել դիտելու «Առաջնորդները» հեռուստանովելը:

Նշենք, որ հեռուստասերիալը կցուցադրվի երկուշաբթիից ուրբաթ՝ ժամը 21-00-ին: 

Նյութը` Սիրանուշ Գրիգորյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել