«Արմենիա» հեռուստաընկերությունն ու «Գազպրոմ Արմենիա»-ն այսօր «Օպերա սուիթ» հյուրանոցում ստորագրեցին հուշագիր, որի համաձայն «Ամենախելացին» նախագծի հովանավորչությունն այսուհետև ստանձնում է «Գազպրոմ Արմենիա»-ն։ Համագործակցության հուշագիրը «Արմենիա Թի Վի»-ի կողմից ստորագրեց հեռուստաընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Բաբախանյանը, ՀՀ ԿԳՆ-ի կողմից՝ աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար Նաիրի Հարությունյանը և «Գազպրոմ Արմենիա»–ի կողմից՝ աշխատակազմի ղեկավար Լևոն Միքայելյանը: 
IMG_3574
«Շատ ուրախ եմ, որ այն համագործակցությունը, որը մեկնարկեց «Արմենիա Թի Վի»-ի հետ, Կրթության և գիտության նախարարության համար ամենահաջողված հեռուստանախգծերից մեկը դարձավ։ Երբ մենք սկսում էինք այս շարժումը, Հայաստանում խնդիրը միայն ֆինանսական կողմը չէր, որքան էլ պարադոքսալ չէ, պարզվեց, որ այս հաղորդումը, որն առաջին հայացքից չպետք է վայելեր մեծ հետաքրքրություն, քանի որ սերիալ չէ, սիրային չէ, սկանդալ չէ, դարձավ շաբաթ օրը «փրայմ թայմի» համար ամենադիտվող հաղորդումներից մեկը։ Սա նշանակում էր, որ մանկական, պատանեկական, ինտելեկտուալ ժամանակակից ծրագրերի «սով» կար։ Իմ անձնական հպարտությունն ու ուրախությունն այն է, որ մենք կարողացանք կյանքի կոչել հեռուստանախագիծ, որը վերածվեց շարժման, տեսեք, թե այս մեկ տարվա ընթացքում ինչ աշխուժություն մտավ դպրոցներ»,- ասաց Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը՝ շեշտելով, որ հեռուստաէկրանից գովազդվում է գիտելիքը, ինտելեկտը, բազմակողմանի զարգացվածությունը, ինչը ամենամեծ նվաճումն է։
IMG_3592
«Հայաստանում  այս մեդիանախագիծն իրականություն դարձավ շնորհիվ այն մարդկանց, ովքեր ոչ միայն  պատրաստ էին գումար ծախսել, այլև հավատում էին, որ կարելի է այս որակի ու ծավալի աշխատանք անել մի երկրում, որի հեռուստաեթերը միշտ չէ, որ աչքի է ընկնում որակական և ինտելեկտուալ նախագծերով։ Ուրախ եմ, որ  այսօր «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը «Արմենիա» հեռուստաընկերության հետ պատրաստ է շարունակել այս կարևոր նախագիծն իրականացնել»,- ասաց նա ու հույս հայտնեց, որ մի օր էլ քաղաքական գործիչները կխաղան այս նախագծում։
«ՊանԱրմենիան Մեդիա Գրուպ»-ի գլխավոր տնօրեն Արմեն Արզումանյանն էլ շնորհակալություն  հայտնեց իրենց գործընկերներին, հատկապես՝ պրն Աշոտյանին՝ այս գաղափարով ոգևորվելու  համար։  «Շնորհակալ ենք «Տաշիր» բարեգործական հիմնադրամին, հիմա նաև՝ «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը, որովհետև այսպիսի գաղափարները շատ քիչ են Հայաստանում։ Մենք միշտ վախենում ենք  այսպիսի բարդ խնդիրների մոտենալ, շատ ուրախ եմ, որ մենք ոչ միայն սկսել ենք նախագիծն, այլև նախադրյալներ ստեղծել, որ այն շարունակական լինի։ Նախագիծը սկսելիս մենք  նպատակ ունենք, որ  այն մթնոլորտ կփոխի և աշակերտների, երիտասարդների մոտ գիտելիքի ոլորտում մրցելու ցանկություն կառաջանա։ Ուրախ եմ, որ կարողացել ենք ստեղծել այս շարժումը, և «Ամենախելացի»-ին մասնակցությունը պատիվ է ցանկացած աշակերտի համար։ Վստահ եմ, որ առաջիկայում սա նաև խթան կլինի մյուս ոլորտներում, գործընկեր ալիքներում նման նախագծեր իրականացնելու համար»,- նշեց պրն Արզումանյանը։
IMG_3608
Արմենիա հեռուստաընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Բաբախանյանն էլ նշեց, որ երբ նոր էին սկսում նախագիծը, մասնակիցերի թիվը 15.000-ից ավելի էր։ «Ինտելեկտուլ խաղի մասնակիցների այսպիսի թիվը շատ հուսադրող ու կարևոր հանգամանք է։ Վարկանիշային առումով ևս նախագիծը գրանցեց բավականին բարձր ցուցանիշ, որը, կարծում եմ, դեռ չէր  եղել։ Այդ նախագիծը բացի այն, որ ինտելեկտուալ խաղ է, նաև բավականին լուրջ մրցակից է  եթերացանցում,- ասաց նա ու ավելացրեց,- մեր հաղթողներից մեկն արդեն գնացել է Անգլիայի ամառային դպրոց, երկրորդն ամռանը կգնա։ Նրանք իրենց հանգիստ-ուսումն անցկացնում են Անգլիայի լավագույն ամառային դպրոցներից մեկում, որը շատ լավ պարգև է»։
IMG_3614
Նախագծի հաղորդավար Նազենի Հովհաննիսյանը նկատեց, որ նոր եթերաշրջանում խաղալու են ուսանողների հետ։ «Կարծում եմ՝ սա կլինի ամենալավ կամերտոնը՝ հասկանալու՝ 1990-ականներին մեծացած երիտասարդները որքանո՞վ են կարողացել լրացնել գիտելիքները, դպրոցն ի՞նչ գործառույթ է ունեցել։ Հուսով եմ՝ ուսանողները կկարողանան հաղթահարել հին և նոր դպրոցների միջև գոյություն ունեցող անջրպետը։ Մեր ստեղծագործական թիմը հոգեբանորեն շատ լուրջ պատրաստված է, և ես վստահ եմ, որ նրանք կգտնեն բանալիները՝ խելքի, ինտելեկտի, հոգեբանության առումով, որպեսզի մեր ուսանողները ճիշտ դրսևորվեն։ Կարծում եմ՝ ուսանողների հետ մի քիչ ավելի դժվար կլինի՝ հաշվի առնելով իրենց հասունությունը, ամբիցիաները, երբեմն՝ անվստահությունը,  ընտանեկան գործառույթը, սակայն փաստ է, որ սա հավասար հարթակ է, յուրաքանչյուրը կարող է ապացուցել՝ ներկայացնելով իր գիտելիքը։ Թվում է՝ ընդամենը խաղ է, բայց  այն մեծ բանալի է վաղվա օրվա համար։ Ես միշտ խուսափել եմ «ամենա» եզրույթից, սակայն կարծում եմ՝ այս 1 տարվա աշխատանքի շնորհիվ իսկապես հասկացանք, որ այստեղ մրցում են «ամենախելացիները»։ Ուրախ եմ, որ ամեն անգամ սովորում եմ այն պատանիներից, ովքեր գալիս են մրցելու գիտելիքի ասպարեզում»,- ասաց հաղորդավարուհին։ Նա նկատեց, որ «Ամենախելացին» մեծ հետաքրքրությամբ դիտում են մեծահասակները, ինքն էլ բացառություն չէ և առաջին հերթին որպես հեռուստադիտող է սիրում այս նախագիծը։
«Ամենախելացին» խաղի գլխավոր խմբագիր կարեն Քոչարյանը շեշտեց, որ սա ոչ միայն իր, այլև ամբողջ ստեղծագործական խմբի ամենահաջողված նախագծերից մեկն է։ «Նախ՝ հաճելի է աշխատել նման երեխաների հետ, երկրորդ՝ սա այն  նախագիծն էր, որի արդյունքը բոլորս շատ արագ տեսանք։ Եթե մինչ այդ երեխաները երազում էին դառնալ երգիչ, պարող, էստեղ հասկացան, որ իրենց գիտելիքներով կարող  են դառնալ  հանրաճանաչ, հասնել մեծ բարձունքների»,- ասաց նա ու հավելեց, ոչ շատ է կարևորում այն հանգամանքը, որ այսօր ամբողջ հանրապետության  դպրոցներում խաղում են «Ամնախելացիի» ոչ հեռուստատեսային տարբերակը։

IMG_3572IMG_3583IMG_3586IMG_3610IMG_3618IMG_3622IMG_3629IMG_3633IMG_3651IMG_3657IMG_3664IMG_3682

Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի
Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել