Հիմա նույն տեղում եմ կանգնած, ամեն ինչ նույնն է` եղանակը, անցորդները, նրանց անտարբեր հայացքները... Ես էլ չեմ փոխվել... Ես էլի մրսում եմ... Բայց դու էլ չկաս, որ ինձ տաքացնես...
Երկու տարի առաջ էր, էլի հունվար, էլի առատ ձյուն, ես էլի կանգնած մրսում էի, շարֆով, գլխարկով փակել էի դեմքս, ինչքան որ հնարավոր էր, բայց դողում էի, անվերջ դողում ու ամեն կերպ փորձում տաքացնել ձեռքերս. չէ՞ որ առավոտյան, քննությունից ուշանալով, մոռացա ձեռնոցներս տանը, դուրս եկա, հիշեցի, բայց դասախոսս խիստ էր, իսկ ես վախենում էի վերահանձնումից... Նրա խստությունը նվիրեց ինձ քեզ... Այդ օրվանից ես սիրում եմ դասախոսիս ավելի շատ, ես պարտական եմ նրան... Ձյունը շարունակում էր գալ մեծ փաթիլներով, սպիտակ, մաքուր, անաղարտ փաթիլներով... Ոչ ոք չգիտի, իսկ ես գիտեմ, թե ինչու է ձյունը սպիտակ` նա մոռացել է իր գույնը, նա մոռացել է իր դեմքը... Ես էլ քո դեմքն եմ մոռացել, միայն հիշում եմ, որ այն թաց էր, ձյունը` սառը, անտարբեր, ձյունը չէր դիմանում քո ջերմությանը և հալվում էր դեմքիդ հպվելով... Ես դեռ հեռվից նկատեցի քեզ, ուղիղ իմ կողմն էիր քայլում... Իսկ ես դողում էի, անդադար դողում... Մոտեցար, առանց ոչինչ ասելու բռնեցիր ձեռքերս ու սկսեցիր տաքացնել, քո ջերմ ու նուրբ ձեռքերով սկսեցիր տաքացնել... Վայրկենական մոռացա ցուրտը, դողս, ձեռնոցներս, ամեն ինչ մոռացա: Ես քարացել էի, չգիտեի ինչ անել, այնքան հաճելի էր ամեն ինչ... 
Սկսեցինք զբոսնել, ես էլ չէի մրսում, ես քեզ ընդամենը 7 րոպե էր, որ ճանաչում էի, բայց թվում էր, թե քեզնից հարազատ ոչ ոք էլ չկա, միայն դու կարողացար ջերմացնել ոչ միայն ձեռքերս, այլև հոգիս` ցրտից ու անտարբերությունից դողացող, մենակ ու տխուր հոգիս... Փողոցները դատարկ էին, կարծես քաղաքը դատարկվեց 7 րոպեում... Ձյունը իր տարերքի մեջ էր, սփռվել էր փողոցներով մեկ, ներկել ամեն ինչ իր մոռացված գույնով... Ես ասացի, որ վախենում եմ քայլել ձյան վրայով, որ չեմ ցանկանում կեղտոտել այն, իսկ դու ասացիր. «Երբ շուրջբոլորը սպիտակ ձյան սավանով է ծածկված, մենք վախենում ենք քայլել, որպեսզի չթողնենք մեր հետքերը ձյան վրա, որպեսզի չկեղտոտենք այն, սակայն երբ մենք քայլում ենք մարդկանց մաքուր հոգիների վրայով, որքան էլ որ տարօրինակ է, մենք հետքեր թողնելուց ու կեղտոտելուց չենք վախենում»: Հոգիս այն ժամանակ դեռ մաքուր էր, դեռ ոչ ոք չէր թողել իր հետքը... Գիտեմ` դու էլ հետքեր թողնելուց չէիր վախենում, այլապես հոգիս քո թողած հետքերով լի չէր լինի հիմա... 
Եկավ մեր բաժանվելու պահը, ինձ ուղեկցեցիր մինչև կանգառ, ասացիր` կհանդիպենք ու հեռացար, այնպես անսպասելի, որ ես ոչինչ չհասցրի ասել... 
Կհանդիպենք... Ես քեզ հավատում եմ, ես քեզ վստահում եմ, մենք դեռ կհանդիպենք, դու խոստացել ես... Միասին ենք եղել 3 ժամ 7 րոպե 55 վարկյան, բայց այդքանն էլ բավական էր քեզ սիրելու համար, այդքանն էլ բավական էր 2 տարի շարունակ նույն տեղում քեզ սպասելու համար... Կհանդիպենք, մենք դեռ անպայման կհանդիպենք, դու ինձ խոստացել ես...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել