Չարի գլխավոր նպատակը, հազարամյակների ընթացքում մարդկության ձեռք բերած առաքինությունների վերացման միջոցով մարդուն, անգամ ոչ կենդանական բնազդներով ղեկավարվող, ինչը չարիքի փոքրագույնը կլիներ, քանզի այս պարագայում գոնե կպահպանվեին կենդանական աշխարհին հատուկ սերունդ ունենալու, սեփական արեալում ապրելու և իր տեսակը պահպանելու բնազդ- օրենքները, այլ անասնական անհագ ցանկություններով առաջնորդվող, միայն սեփական հաճույքների ու մարմնավոր բավարարումների համար անրջող, սոսկ սպառելու մասին երազող, զուտ նյութական աշխարհով սահմանափակված կառավարելի արարածների վերածելն է:

Չարը հանդուգն է, երբեք հանդուրժող, հնարամիտ է ու աչքաբաց, հավասարակշռված է ու համբերատար… Չարը գրեթե չի ձախուղվում, իսկ անհաջողության մատնվելիս երբեք չի հուսալքվում: Յուրաքանչյուր պարտությունից նա իր դասերն է քաղում, հավաքվում է, վերաբաշխում իր ուժերն ու փոխելով իր մարտավարությունը մի նոր անսպասելի հարված է հասցնում: Նա ՛՛բարեգործ՛՛ է, միշտ ՛՛հոգատար՛՛ ու ՛՛մարդկային՛՛ և իր իրական դեմքը երբեք ցույց չի տալիս: Նրա գլխավոր զենքը մարդու դյուրահավատությունը, նրա թուլություններն ու արատներն են: Նա տիրապետում է մարդկանց կառավարելի դարձնելու և իրեն հնազանդեցնելու բոլոր հմտություններին… Չարն անխոնջ աշխատավոր է, նա շարունակաբար նորանոր գայթակղություններ է մտածում ընչաքաղցներին ու ագահներին, փառամոլներին ու գոռոզամիտներին, տգետներին ու անբաններին, օտարամոլ պատեհապաշտներին ու ելք որոնող միամիտներին իր հավատարիմ զինվորները դարձնելու համար: Նա գտնում և շրջանառության մեջ է դնում բազում իմաստազուրկ, սակայն ձգողականության մեծ ուժով օժտված բառեր ու բառակապակցություններ, որոնք վարակի նման տարածվելով, ծածկում են հասարակական մտածողության ողջ տարածքը, արժեզրկելով և այնտեղից դուրս մղելով մարդուն ՄԱՐԴ պահող բոլոր կարևորագույն հասկացությունները: Այդ բառերը բթացնում ու խեղում են մարդու մտածողությունը, ստեղծելով ներկայի, և առավել վտանգավոր, նաև ապագայի կեղծ պատկերներ: Անգամ քրիստոնեական մահացու համարվող մեղքերը, չարի կողմից ստանալով նոր ձևակերպումներ, մարդկանց կողմից այսօր ընկալվում են որպես ՛՛առաքինություններ՛՛, իսկ սոդոմական մեղքերի՝ արվամոլության ու մանկապղծության, ինցեստի ու միասեռականության և նման մի շարք այլ պղծվածություններիների օրենսդրորեն պաշտպանվածությունը համարվում է հասարակությունների զարգացվածության աստիճանի չափորոշիչ…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել