Հիշո՞ւմ եք «Poker.am» ֆիլմը, դեռ ամիսներ առաջ BlogNews-ն իր ընթերցողներին պատմել էր, որ այս ֆիլմի սցենարի հիման վրա ռուս ռեժիսոր Արտյոմ Միխալկովը ցանկացել է ֆիլմ նկարահանել ռուսական շուկայի համար: Դե ինչ, «Խաղասեղանին սերն է» ֆիլմն արդեն մեծ էկրաններին է: «Մոսկվա» կինոթատրոնում երեկ կայացավ ֆիլմի պրենմիերան:

Այս անգամ կարող եք տեսնել սցենարային փոքրիկ փոփոխություններով նոր ձեռագրով ֆիլմ՝ ռուսական տարբերակով: Ֆիլմի անձնակազմը փոխված է, Միխալկովը բոլոր կերպարների համար նոր դերասաններ է ընտրել բացի գլխավոր հերոսից: «Poker.am»-ը դիտելուց հետո նա հասկացել է, որ իր տարբերակում էլ է գլխավոր հերոսի կերպարում տեսնում Հովհաննես Ազոյանին:

«Այս կերպարն արդեն ստեղծված էր, այդ իսկ պատճառով երկրորդ անգամ ավելի դժվար էր խաղալ, պետք է ինքս ինձ գերազանցեի: Կարծում եմ՝ վատ չէր,- ասաց Հովոն ու հավելեց, որ իրեն շատ է դուր եկել ֆիլմի ռուսական տարբերակը: -Չի կարելի  ասել, որ սա կոմեդիա է: Կոմեդիա ասելով պատկերացնում ենք, որ պետք  է նստենք ու ծիծաղենք, բայց ոչ: Ինձ համար իսկական քոմեդին այն ֆիլմն է, որի ժանրը քոմեդի չէ, բայց ես այդպիսի էլեմենտներ եմ նկատում»:

Պրոդյուսերների որոշմամբ՝ Հովոյի ձայնը կրկնօրինակվել է: Դերասանը նշեց, որ հստակ չի կարող ասել, թե ինչու, կարծես թե, կինոթատրոններում շատ պտտվելու համար ակցենտը խանգարող հանգամանք է եղել:

«Ռուսաստանում աշխատանքն ավելի պրոֆեսիոնալ էր: Ամերիկյան հատվածը նկարահանել է ամերիկյան ընկերություն: Ամերիկացիներն ավելի պրոֆեսիոնալ էին: Ասեմ, որ մենք այդքան էլ հեռու չենք Ռուսաստանից, մենք էլ ունենք պրոֆեսիոնալ թիմեր, որոնք  կարողանում են ֆիլմեր նկարահանել»,- ասաց դերասանը: Միևնույն ժամանակ Հովոն նշեց, որ հիմա իր համար դժվար է նկարահանվել Հայաստանում. «Այս ֆիլմը տվեց պրոֆեսիոնալ թիմի հետ աշխատելու ունակություն: Ռեժիսորը՝ Արտյոմը, Նիկիտա Միխալկովի տղան է, մեծացել է կինոաշխարհում: Մեծ փորձ էր, հիմա ինձ համար դժվար է նկարահանվել Հայաստանում, որովհետև տեսնում ես ֆիլմ նկարահանելու իսկական աշխատանքը ու պատկերացնում ես, որ աշխարհում ավելի ուժեղ պրոդյուսերներ, ռեժիսորներ ու թիմեր կան: Ես հաճույք եմ ստացել այս թիմի հետ աշխատելուց»:

      

Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի

Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել