Չինաստանը արհեստական արբանյակ է արձակել Լուսնի ուղղությամբ, որը հաղթահարելով 840.000 կմ տարածություն բարեհաջող վերադարձել է երկիր: Արհեստական արբանյակը վայրէջք է կատարել Չինաստանի Ներքին Մոնղոլիա շրջանում: Չինաստանը ԽՍՀՄ-ից և ԱՄՆ-ից հետո դարձել է աշխարհի երրորդ երկիրը, որի արհեստական արբանյակը թռչել է Լուսնի շուրջ և բարեհաջող վերադարձել երկիր:

Չինաստանի կողմից տիեզերական տարածության ուսումնասիրության ծրագիրը մեկնարկել է 1956թ.-ի հոկտեմբերի 8-ին, երբ ստեղծվեց պաշտպանության նախարարության 5-րդ ակադեմիան, որը սկսեց զբաղվել հրթիռային ուսումնասիրություններով: Չինաստանի առաջին Ցզյուցյուան տիեզերակայանը կառուցվել է 1958թ.-ին՝ Հեյխո գետի մոտակայքում: Այդ տիեզերակայանից մինչև 2003թ.-ը արձակվել է ընդհանուր առմամբ 33 արբանյակ և հրթիռ: Այս պահին Չինաստում գործում է 4 տիեզերակայան:

Չինաստանը նախատեսում է մինչև 2050թ.-ը կառուցել հատուկ տիեզերական սարք, որը կուսումնասիրի արեգակնային համակարգից դուրս գտնվող օբյեկտները: Այդ սարքի հետ կապը պաշտպանելու համար կառուցվելու է գերձայնային լազերային համակարգ:
Մինչև 2020թ.-ը Չինաստանը նախատեսում է կայան կառուցել Լուսնի վրա, որտեղ նաև պետք է մարդիկ բնակվեն: Բացի այդ, Պեկինը նախատեսում է մինչև 2030թ.-ը արբանյակ ուղարկել Մարս՝ Կարմիր մոլորակից տեղեկատվություններ հավաքելու համար:

Չինաստանի նախագահ Սի Ձինպինը հայտարարել է, որ Պեկինը հնարավորություն ունի համարժեք պատասխանել ԱՄՆ-ի կողմից տարվող տիեզերքի ռազմականացման քաղաքականությանը:

ԱՄՆ-ն և նրա տարածաշրջանային դաշնակից Ճապոնիան, որը համարվում է Չինաստանի աշխարհաքաղաքական մրցակիցը Ասիայում, սկսել են համատեղ ծրագրեր իրականացնել այդ թվում «Տիեզերք-Երկիր» տիպի մարտական համակարգեր ստեղծելու, տիեզերքում հետախուզական արբանյակներ տեղադրելու ոլորտներում: Դրան ի պատասխան Չինաստանը սկսել է համագործակցել Ռուսաստանի հետ՝ տիեզերքի ուսումնասիրության և տեղեկատվական տեխնելոգիաների ոլորտներում:
Ռուսաստանի ռազմական արդյունաբերությունը համակարգող փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը հայտարարել է, որ Ռուսաստանը և Չինաստանը քննարկում են տիեզերական տարածությունը համատեղ ուսումնասիրելու հնարավորությունները:
Ռուսաստանի «Ռոսկոսմոսի» ներկայացուցիները այցելել են Չինաստանի հրթիռային-տիեզերական հետազոտություններով զբաղվող ինստիտուտներ և գործարաններ: Ռոգոզինը նշել է, որ տիեզերական ոլորտում Ռուսաստանը և Չինաստանը բուռն կերպով համագործակցում են, ինչի համար ինքը շնորհակալ է նաև Արևմուտքին:
Չինաստանը ցանկանում է հետ չմնալ ԱՄՆ-ից տնտեսական և քաղաքական ազդեցության, ինչպես նաև տիեզերական գերտերության կարգավիճակ ստանալու առումով: Չինաստանի տիեզերական ծրագիրը վայելում է նաև քաղաքական ղեկավարության աջակցությունը: Չինաստանի նախագահ Սի Ձինպինը և վարչապետ Լի Կեցյանը այցելել են Պեկինի տիեզերական թռիչքների վերահսկման կենտրոն և հետևել են «Չանյե-3» և «Յուիտու» հետազոտական սարքերի աշխատանքներին: Նրանք շնորհավորել են աշխատանքային թիմին ոլորտում գրանցած հաջողությունների համար:
Ինչպես նշել է Չինաստանի նախագահ Սի Ձինպինը, դեպի տիեզերք թռիչքները հանդիսանում են ավելի հզոր Չինաստան կառուցելու երազանքի անբաժանելի մաս:
Նրա խոսքով, Չինաստանը շարունակելու է տիեզերական տարածությունների ուսումնասիրության աշխատանքները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել