Tert.am-ը գրում է.

Եթե չունենանք համակարգային փոփոխություններ, դժվար է լինելու ինչ-որ ոլորտներում առաջընթաց ապահովել: Այս մասին այսօր մամուլի ասուլիսին ասաց ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանը՝ անդրադառնալով ՀՅԴ-ՀՀԿ հավանական կոալիցիային:

 

Նա նշեց, որ Դաշնակցությունը պետք է հասկանա, որ մեկ տարի հետո՝ ընտրություններից առաջ, լինելու է պահանջ, թե ինչ փոխեցին իրենք և ինչ արդյունքներ բերեցին:


«Ես կարծում եմ, որ իշխանությունները պատասխանատվության լղոզման ճանապարհով են գնում, որ ասեն, թե ամեն ինչի պատասխանատուն, մեղավորը միայն իրենք չեն»,-ասաց նա և հույս հայտնեց, որ այսօր ընթացող գործընթացները միգուցե դրական կազդեն կոալիցիոն կառավարման մոդելի անցման համար։
 

«Սահմանադրական բարեփոխումները կարևոր խնդիր ունեն, ըստ որի՝ կոալիցիաները պետք է կազմվեն իրական պատասխանատվություն կրելու հիման վրա»,-ասաց նա և հույս հայտնեց, որ Դաշնակցությունն իր դասերը քաղել է և շատ լավ պատկերացնում է, թե նախկինում ինչն է եղել խնդիրը։

 

Ինչ վերաբերում է 2017 թվականի ընտրություններին իր մասնակցությանը, Թևան Պողոսյանն ասաց, որ դեռ ժամանակ ունի այդ հարցի շուրջ մտածելու  և հասկանալու, թե կա՞ մի քաղաքական ուժ, որի հետ կցանկանար շարունակել իր աշխատանքը, և արդյոք կա՞ մի քաղաքական ուժ, որը կցանկանա, որ ինքը լինի իրենց շարքերում:

 

«Ես միշտ ունեմ տեղ վերադառնալու, ես չունեմ խնդիր, եթե այստեղ չլինեմ, ուր եմ գնալու և այստեղից այնտեղ թռնեմ»,-ասաց նա և նշեց, որ ներկայումս շարունակում է կատարել իր պարտականությունները:

 

Նրա գնահատմամբ՝բոլոր կուսակցությունները վարկանիշի անկում ունեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել