Tert.am-ը գրում է.

Փետրվարի 9-ը նշվում է Ստոմատոլոգների միջազգային օրը: ՀՀ ԱՆ գլխավոր վիրաբույժ-ստոմատոլոգ և իմպլանտոլոգ, բ.գ.թ., դոցենտ Կարեն Գրիգորյանն այսօր հրավիրված ասուլիսին ներկայացրեց ոլորտի խնդիրներն ու հաջողությունները, նաև խորհուրդներ տվեց, թե ինչպես պետք է խնամել բերանի խոռոչն ու ատամները:


«Հայաստանում ստոմատոլոգիական ծառայությունները համարվում են բավարար, և միգուցե ավելի բարձր»,- ասաց վիրաբույժ-ստոմատոլոգը:


Ըստ նրա վերջին տասը տարիների ընթացքում ոլորտում նյութատեխնիկական հեղափոխություն է տեղի ունեցել՝ երկիր են մուտք գործել ժամանակակից սարքավորումներ, մեթոդներ, մասնագետները վերապատրաստվում են արտերկրում:


«Մեծ հնարավորություն է ստեղծում երկրում ստոմատոլոգիական տուրիզմ զարգացնելու համար, ունենք որակ, նաև էժան ու մատչելի գներ: Վերջին հինգ-վեց տարիներին ստոմատոլոգները մեծ աշխատանք են կատարել այս ուղղությամբ և դեռ ունենք հնարավորություն զարգացելու: Եթե եվրոպական գների հետ համեմատենք 5-30 անգամ նվազ են Հայաստանում , ԱՄՆ-ի հետ՝ 7-10 անգամ, իսկ Ռուսաստանի հետ համեմատելով՝ մեկ տարի առաջ մինչև 2-3 անգամ, երբեմն 5 անգամ ցածր են ՌԴ-ում ձևավորած գներից»,- ասաց նա:


Իսկ որակը, ըստ նրա, մեծապես պայմանավորված է  ոչ միայն մասնագետի որակավորումով,  այլ նրա կողմից օգտագործված նյութերով: «Լավ նյութերը թանկ են, և դա է պատճառը, որ նույնիսկ մեր քաղաքացիների համար գները անվերջ հարմար պահել հնարավոր չէ»,- ասաց նա:


Կարեն Գրիգորյանը համաձայնվեց, որ Հայաստանում ստոմատոլոգիական ծառայություններ մատուցող կլինիկաները շատ են, որոնց թիվը հասնում է 600-700-ի:


«Իհարկե դա չափազանց մեծ է մեր երկրում, քանի որ հեշտ է լիցենզիա ստանալ, անգամ նորավարտ ստոմատոլոգի համար, այստեղ մի փոքր անելիքներ կան, և յուրաքանչյուր  սկսնակ իրավունք չպետք է ունենա կլինիկա բացել և բավարար փորձ չունենալով ծառայություն մատուցել: Մի կողմից լավ է, որ մեծ քանակը ստեղծում է մրցակցային դաշտ, բայց մեր մասնագիտության մեջ հնարավոր չէ անվերջ գներն իջեցնել»,- ասաց նա:


Ատամնաբույժը խոսեց նաև ատամների խնամքից և նշեց, որ յուրաքանչյուր մարդ պարտադիր կերպով օրը երկու անգամ պետք է լվանա ատամները խոզանակով և մածուկով: Սակայն ըստ նրա՝ դրանով չի ավարտվում բերանի խոռոչի խնամքը, որի համար անհարժեշտ են ատամի թելեր և ողողման համար նախատեսված հեղուկներ:


«Ատամի խոզանակը ատամի մակերեսի 70-80%-ն է մաքրում, բացը լրացնում են միջատամնային թելերն ու հեղուկները»,- ասաց նա և հավելեց, թե խոզանակները պետք է փոխել երեք ամիսը մեկ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել