Բարև բոլորին: Այս անգամ որոշել եմ գրել ոչ թե իմ բլոգում, այլ՝ այստեղ: Եվ այսօր ես ձեզ կառաջարկեմ 5 տարբերակ, որոնց շնորհիվ դուք կկարողանաք գրավել ձեր ընթերցողին: Մեթոդներն «օդից» չեմ վերցրել, այլ՝ իմ անձնական փորձից: Հուսով եմ, որ դրանք ձեզ դուր կգան: Եվ ուրախ կլինեմ, եթե օգտվեք այս մեթոդներից: Չեմ բացառում, որ կան նաև այլ մեթոդներ, գուցե՝ ավելի կարևոր, քան իմ առաջարկածները: Խնդրեմ, տեղեկացրեք այդ մասին ձեր մեկնաբանություններում: Հոդվածս կարճ կլինի, այնպես որ տրամադրեք 5 րոպե ընթերցելու, ևս 5 րոպե՝ ձեր կարծիքը ներկայացնելու համար:

1. Իմացիր, թե ով է քեզ ընթերցում

Շատ կարևոր է ճշտելը, թե ով է քեզ կարդում, երբ է կարդում և ինչպես է կարդում: Եթե գիտես ընթերցողիդ նախասիրությունները, ապա կարող ես գրել նրան հասկանալի ու հաճելի լեզվով: Հակառակ դեպքում, կստացվի, որ դու գրում ես ՏՏ ոլորտի նորություն, բայց մտքերդ շարադրում ես այնքան բանաստեղծական ոճով, որ քեզ միայն գրագանագետը կհասկանա:

2. Ընթերցողներիդ հետ հաստատիր ընկերական հարաբերություններ

Շփումը չի կարող լիակատար լինել, եթե դու միայն գրում ես, իսկ ես միայն կարդում եմ: Ես քո նյութերը չեմ մեկնաբանի, քանի դեռ դրա շարժառիթը չկա, քանի դեռ իմ ու քո մեջ շփման պահանջն ու ցանկությունը չկա: Քանի դեռ ես քո համար պարզապես այն հարյուրավոր ընթերցողներից մեկն եմ, ում դու անգամ չես էլ ճանաչում: Բայց բավական է էլ. նամակագրությամբ կամ ֆեյսբուքով մեկ-երկու երկխոսություն, և համոզված եղիր, որ ես քո կդառնամ քո կայքի ակտիվ այցելուն:

3. Կազմակերպիր մրցույթային խաղեր

Սա ասում եմ իմ սեփական փորձից: Իմ ֆորումում երբ կազմակերպեցի գրական մրցույթ, ստացա սպասվածից բարձր արդյունքներ. մի քանի օրվա ընթացքում այցելուների թիվն աճեց մոտ 200-ով (և սա այն դեպքում, երբ մրցույթին կարող էին մասնակցել միայն գրանցված անդամները): Երևի պատճառն այն է, որ յուրաքանչյուր առանձին ընթերցող ցանկանում է տարբերվել քո մյուս հարյուրավոր ընթերցողներից: Իսկ մրցույթն ինքնադրսևորման և մյուսներին ներկայանալու շատ հաջող տարբերակ է:

4. Գրիր այն մասին, ինչը դուր է գալիս ընթերցողին, և ոչ թե միայն քեզ

Ես բազմիցս, հիմնականում  Արխանգելոյի բլոգում հանդիպում եմ այսպիսի առաջարկ՝ «ի՞նչ կցանկանայիք տեսնել կայքում», իսկ նմանապիսի հարցումները ոգևորում են ընթերցողին, ով հասկանում է, որ բլոգի կայացման մեջ ինքը ևս իր դերն ունի և նաև իր «պատվերով» են գրառումներ ավելացվում:

5. Եվ, որ պակաս կարևոր չէ` մոռացիր Ctrl+C և Ctrl+V հաջորդականությունը

Ընթերցողը շատ լավ հասկանում ու տարբերակում է մեր և մյուսների խոսքն ու ոճը: Եվ եթե նա պարզեց, որ դու քո անվան ներքո ներկայացնում ես մեկ այլ մարդու մտքերը, ապա դժվար թե այլևս հնարավոր լինի վերագտնել նրա հավատն ու վստահությունը: Ահա և վերջ: Անհամբերությամբ կսպասեմ ձեր կարծիքներին:


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել