Tert.am-ը գրում է.

Հայաստանի հանրապետությունում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինը  ցանկանում է հուսալ, որ 2016-ը կդառնա Լեռնային-Ղարաբաղի հակամարտության կարգավորման դրական տեղաշարժի տարին։ Tert.am-ի հետ զրույցում դեսպանը խոսել է նաև Իրանի դեմ պատժամիջոցների վերացման, ռուս-թուրքական հարաբերությունների, ՀՀ-ում ռուսական ռազմաբազայի վերազինման, ԵՏՄ-ի ապագայի և տարածաշրջանի այլ կարևոր հարցերի մասին։

 

 

-ԱՄՆ-ն, Եվրամիությունն ու ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը չեղարկեցին տնտեսական պատժամիջոցներն Իրանի դեմ՝ միջուկային  ծրագրերում պարտավորությունները կատարելուց հետո։ Առաջին հերթին դա նշանակում է հումքի շուկա խոշոր արտահանող-խաղացողի վերադարձ։ Ինչո՞վ է դա սպառնում Ռուսաստանին։

 

 

-Ռուսաստանը հետևողականորեն կողմ էր Իրանի դեմ եղած պատժամիջոցների վերացմանը։ Ավելին, Ռուսաստանն ակտիվորեն նպաստում էր համաձայնության կայացմանը ինչպես կոնկրետ տեխնոլոգիական լուծումների ներդրման, այնպես էլ բարդ քաղաքական հարցեր լուծելու միջոցով։ Շատերը նաև խոստովանում են, որ առանց Ռուսաստանի այդ գործարքը հնարավոր չէր լինի։
Ռուսական կողմը նաև կարծում է, որ ցանկացած պատժամիջոցներ ապարդյուն են։ Ռուսաստանը բաց է համագործակցության և պատրաստ է առևտրա-տնտեսական կապերը զարգացնել Իրանի իսլամական հանրապետության հետ։

 

-Իրանի դեմ պատժամիջոցների վերացումից հետո Ռուսաստանի համար բացվում է զենքի վաճառքի շուկան։ Կա՞ հնարավորություն դրանից օգուտ ստանալու։

 

 

-Փոխադարձ համաձայնության դեպքում պատրաստ ենք քննարկել համագործակցության նման հեռանկարը։

 

 

-Վրաստանի փոխվարչապետ, էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն հայտարարեց, որ Վրաստանն ապագայում հնարավոր է գազ գնի Իրանից՝ միայն Ադրբեջանով ու Հայաստանով։ Ռուսաստանը դեմ կլինի՞։

 

-Իրանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև էներգետիկ համագործակցությունը այդ երկրների միջև բանակցությունների առարկա են։


Ռուսաստանը եղել ու մնում է տարածաշրջանի գազի հիմնական մատակարարը։ Թե ինչպիսին կլինեն սխեմաներն ապագայում, ցույց կտա ժամանակը։

 

-Վերջին շրջանում ռուսական ռազմաբազան ակտիվորեն համալրվում է տրանսպորտային ուղղաթիռների նոր խմբաքանակով։ Հայ փորձագետները մտահոգված են այդ փաստից, նկատի ունենալով, որ Ռուսաստանը մտադիր է հայկական օդային ու ցամաքային տարածքն օգտագործել Թուրքիայի դեմ։

 

-Հայաստանի ու Ռուսաստանի միջև ծավալվել են ռազմավարական գործընկերության կայուն փոխհարաբերություններ, որոնք ունեն վառ արտակայտվածպաշտպանական ու ռազմա-քաղաքական բնույթ։


Երկարատև ռուսական ռազմական ներկայություն հայկական տարածքում նախատեսված է «Հայաստանում ռուսական ռազմաբազայի մասին» միջպետական համաձայնագրով, որն ստորագրվել է 1995 թվականին։ Այդ փաստաթուղթը կարևոր դեր ունի մեր պետությունների հավաքական և ազգային անվտանգությունն ապահովելու առումով։


Էրեբունի ավիաբազան 102-րդ ռազմաբազայի (ք. Գյումրի) բաղկացուցիչ մասն է։ Ռուսական կոնտինգենտի թիվն ու զինամթերքը համաձայնեցված է հայկական կողմի հետ ու համապատասխանում է արտաքին սպառնալիքների աստիճանին։


Իրոք, վերջին շրջանում Էրեբունու ավիաբազան ավիացիոն տեխնիկայով է համալրվել։ Այդ իրադարձությունը նախատեսված է եղել դեռևս մի քանի տարի առաջվա պլաններով և  կապված է տեխնիկան թարմացնելու անհրաժեշտության հետ։


 

-Այս պահին Ռուսաստանն իր համար սպառնալիք տեսնո՞ւմ է հայ-թուրքական սահմանին։ Հայկական տարածքում իր ուժերի ամրապնդումը կապ ունի՞ Թուրքիայի հետ աճող լարվածության հետ, թե՞ այլ պատճառներ կան։

 


-Այս պահին Ռուսաստանի Դաշնային անվտանգության ծառայության սահմանապահ վարչությունը հայ գործընկերների հետ իրականացնում է Հայաստանի պետական սահմանների պահպանությունը Թուրքիայի և Իրանի հետ։ Իրադրությունը սահմանին կայուն է, առանց փոփոխությունների։ Կրկնվեմ, որ 102-րդ ռազմաբազայի վերազինման ծրագիրն ընդունվել է մի քանի տարի առաջ։

 

-Ռուսաստանի ու Թուրքիայի հարաբերությունները կորսված են, թե՞  հարաբերությունների վերականգնման համար անցք դեռ կա։

 


- 2015 Թվականի նոյեմբերին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հնչեցրեց այն պայմանները, որոնց իրականացման դեպքում թուրքական կողմը կարող է հասսցնել ռուս-թուրքական հարաբերությունների վերականգնման. ներողություն խնդրել ռուսական Սու-24 ռմբակոծիչի խփման համար՝ բարձրագույն մակարդակով, վնասի փոխհատուցում, ինչպես նաև հանցագործներին պատժել։


Առանց դրանք կատարելու իմաստ չունի խոսել հարաբերությունների վերականգնման մասին։ Այս պահին ռուսական կողմը լրացուցիչ միջոցառումներ է մշակում, այդ թվում ռուսական շինարարական շուկայում թուրքական ընկերությունների ներկայությունը սահմանափակելու համար։


 

-Տվյալներ կան, որ տնտեսական պատժամիջոցների պատճառով վնաս է ստացել նաև հենց ռուսական տնտեսությունը։ Ձեր կարծիքով ինչպե՞ս է պետք լուծել այդ հարցը։

 


-Սկսենք նրանից, որ ոչ մի կողմ հաղթող դուրս չի եկել։ Փորձագետների կարծիքով, 2015 թվականին Ռուսաստանի առևտրի ծավալները զգալիորեն նվազել են հակառուսական պատժամիջոցներին աջակցող երկրների մեծամասնության հետ։  ԱՄՆ-ի հետ ապրանքաշրջանառությունը աննշան մեծացել է։


Ռուսական դիրքորոշումը, ինչի մասին մեր եվրոպացի գործընկերները լավ տեղյակ են, այն է, որ ցանկացած միջպետական հարց պետք է լուծել բանակցությունների ճանապարհով։ Սակայն մենք չենք առաջինը սահմանափակող միջոցառումներ մտցրել, այդ պատճառով էլ մենք խնդրողի դերում հանդես չենք գալու։


 

-Ի՞նչ եք կարծում, Ռուսաստանը կշարունակի  զենք վաճառել Ադրբեջանին՝ հաշվի առնելով թուրք-ռուսական հարաբերությունները։

 


-Երևանում Ռուսաստանի դեսպանատան իրավասությունների շրջանակներում ռուս-հայկական համագործակցությունն է, այդ թվում՝ ռազմատեխնիկական ոլորտում։

 

-Ակնկալվո՞ւմ  է առաջընթաց՝ Ղարաբաղյան հարցի կարգավորման բանակցային գործընթացում։

 


-Շատ կցանկանայինք հույս ունենալ, որ 2016-ը կդառնա Լեռնային-Ղարաբաղի հակամարտության կարգավորման դրական տեղաշարժի տարին։ Ռուսաստանը, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, ջանքեր է ներդնում իրավիճակի կարգավորման համար։

 


Ինչպես արդեն հայտարարվել է մեր արտգործնախարար Սերգեյ Լավրովի և Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում (2015թ.-ի նոյեմբեր), «Ռուսաստանն աջակցում է Երևանի հավատարմությանը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը բացառապես խաղաղ ճանապարհով լուծելու վերաբերյալ»։

 

-Բանակցություններ ընթանո՞ւմ են արդյոք այն մասին, որ պետք է փոխել Մինսկի խմբի համանախագահներին կամ ընդլայնել նրանց թիվը։

 


-Դեսպանատունը նման բանակցությունների մասին տեղեկություն չունի։ Պետք է հասկանալ, որ հարցը համանախագահների քանակը չէ, այլ կողմերի միջև փոխվստահության բացակայությունը։ Առանց այդ վստահության, ինչպես արդեն բազմիցս հայտարարվել է, կարգավորման գործընթացն առաջ տանել գործնականում շատ դժվար է։

 


-Ինչպես եք պատկերացնում Հայաստանի հետագա համագործակցությունը ԵՏՄ-ի հետ այն դեպքում, երբ Հայաստանն այդ անդամակցության պատճառով սահմանափակել է իր հարաբերությունները երրորդ երկրների հետ, սակայն այդ միության անդամ էամենաուժեղ տնտեսությամբ Ռուսաստանը, նավթի համաշխարհային գներով պայմանավորված, գտնվում է դժվարին իրադրության մեջ և արդեն խոսվում է բյուջեի վրա արգելանք դնելու մասին։

 


-Մենք բոլորս՝ ԵՏՄ անդամ-պետությունները, լավ հասկանում ենք ու բազմիցս ընդգծել ենք, որ ԵՏՄ-ն մեր պետությունները զարգացնելու միջոց է, որը թույլ է տալիս ապրանքների, կապիտալի, ծառայությունների, աշխատուժի ազատ տեղաշարժ, և չնայած տնտեսական ճգնաժամին, շարժվում է առաջ։

 

Այժմ հավաստիորեն կարելի է խոսել այն մասին, որ եթե 5 երկրները չմտնեին Եվրասիական միություն, ապա նրանց ազգային տնտեսությունների համար հետևանքները շատ ծանր կլինեին։ Տարբեր գնահատականներով՝ ԵՏՄ-ի տարբեր երկրների համար կորուստները կկազմեին 1-6 մլրդ դոլար։ Հայաստանը, ԵՏՄ-ին անդամակցության շրջանակներում 2015 թվականի ընթացքում կարողացել է ավելացնել իր արտահանման հնարավորությունները, այդ թվում՝ գյուղմթերքի արտահանումը նախ և առաջ Ռուսաստան։ Զգալի օգուտներ են ստացել աշխատանքային ներգաղթյալները։

 


Իհարկե, այն զգալի թռիչքը, որը շատերն էին ակնկալում, մի շարք պատճառներով տեղի չունեցավ, սակայն եկեք չմոռանանք, որ մեր Եվրասիական տնտեսական  միությունն ընդամենը մեկ տարեկան է, իսկ, օրինակ, ներկա տեսքով Եվրոպական միության ստեղծման համար 50 տարի է ծախսվել։

 


Մենք հիմնավորված լավատեսությամբ առաջ ենք նայում։  Ի վերջո, միայն համատեղ ջանքերով մենք կկարողանանք ստեղծել ամենաբարենպաստ պայմանները՝ մեր տնտեսությունների զարգացման համար՝ նպատակ ունենալով ապահովել եվրասիական տարածքի կայունությունը, անվտանգությունն ու բարգավաճումը։
 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել