Խնձոր 

Օրական մեկ խնձորը ոչ միայն բժշկին, այլ նաեւ քաղցը հեռու կպահի Ձեզնից: Մրգերն ու բանջարեղենն, ընդհանրապես,  որպես «մեծածավալ» սննդատեսակներ են հայտնի, քանի որ բավականաչափ լցակույտեր են ապահովում՝ ստամոքսը դատարկ չթողնելու համար: «Խնձորի բաղադրության, նույնիսկ՝ կեղեւի մեջ մեծ թվով բջջանյութային կառույցներ կարելի է գտնել, որոնք ընդլայնման հատկություն ունեցող լցակույտեր ստեղծելու, դրանց հաշվին ստամոքսում եւ աղիներիում տարածք զբաղեցնելու, արդյունքում էլ՝ հագեցվածության վերաբերյալ ազդակներ հաղորդելու հնարավորություն են ընձեռում», - նշել է սպորտային դիետոլոգ, մարզիչ եւ գործառնական բժիշկ Բրենդոն Մենթորը՝ ԱՄՆ Ֆիլադելֆիա նահանգից: Նա առաջարկում է օրական մեկ խնձոր ուտել՝ ստամոքսի բարեկարգ հագեցում ապահովելու եւ գերսնումից խուսափելու համար:

Օրական մեկ խնձորը կարող է նաեւ քաշի կորստի հանգեցնել: Ինչպես 2003թ.-ին Nutrition ամսագրում նկարագրություն գտած հետազոտության շրջանակում է պարզվել, օրական սննդակարգում երեքական խնձոր կամ տանձ ներառող կանայք ավելի արագ են ավելորդ քաշ կորցնում, քան նրանք, ովքեր նախընտրում են ամեն օր նույնչափ վարսակի թխվածք վայելել: Բացահայտումը գիտնականների զարմանքն է հարուցել հատկապես այն պատճառով, որ նշված մրգերն ու թխվածքները նույն քանակությամբ դիետիկ բջջանյութ են պարունակել:

Ավոկադո

Ավոկադոն միայն գուակամոլեի պատրաստման համար չէ ցանկալի. այն մարդուն բավականին երկար ժամանակով հագեցած մնալու հնարավորություն է ընձեռում: Նույն՝ Nutrition ամսագրում 2013թ. հրապարակված հոդվածներից մեկի հեղինակները պնդում են, որ ճաշի հետ միասին կես ավոկադո ուտող կանայք 22 տոկոսի չափով առավել բավարարված են զգում իրենց: Ավելին, երեք ժամ անց էլ նրանց մոտ որեւէ նախուտեստ ընդունելու՝ 24 տոկոսով նվազ ցանկություն է առաջանում: 

Սրտի համար անչափ օգտակար մոնոչհագեցած ճարպերի եւ բջջանյութի բաղադրության հաշվին ավոկադոն իդեալականորեն որպես որեւէ ուտեստի հավելում կամ նախուտեստ կարող է ծառայել: Դրա բաղադրիչը համարվող՝ շղթայի միջին եւ կարճ երկարությամբ ճարպաթթուները միաժամանակ նյութափոխանակությունն արագացնելու եւ քաղցի առկայության մասին վկայող ազդակներն ու ախորժակը նվազեցնելու հնարավորություն են ընձեռում:

Շոկոլադ

Գիտականորեն հաստատվել է, որ շոկոլադը քաղցր եւ աղի սննդատեսակների նկատմամբ ձգտումը նվազեցնելու հատկություն ունի: Nutrition and Diabetes ամսագրում նկարագրություն գտած հոդվածի համաձայն, մուգ շոկոլադն, ի տարբերություն կաթնայինի, հագեցածության առավել բարձր մակարդակ խթանելու, ինչպես նաեւ ախորժակն ու քաղցր սննդատեսակի նկատմամբ ձգտումը ճնշելու հատկություն է դրսեւորում: Եզրահանգման համար հիմք ծառայած հետազոտության շրջանակում մասնավորապես պարզվել է, որ, որպես նախուտեստ մուգ շոկոլադ ընդունելուց հետո, մարդիկ 17 տոկոսով քիչ կալորիաներ են ընդունում:

Մուգ շոկոլադի՝ կաթնայինի համեմատ առավել առողջարար ու հագեցնող լինելու պատճառն այն է, որ այն կակաոյի ավելի մեծ բաղադրություն է պարունակում: «Կակաոն հարուստ է սնուցիչներով եւ հակաօքսիդանտներով, որոնց շնորհիվ սնուցված բջիջները բավականության զգացում են հաղորդում: Իսկ ահա կաթնային շոկոլադը շաքարի բարձր եւ կակայոյի ցածր բաղադրություն ունի: Բացի այդ, այն ավելի կալորիական է եւ նվազ սնուցիչ, ուստի այդչափ երկար ժամանակով չի հագեցնում», - մեկնաբանել է դոկտոր Դերեք Լոուրենսը՝ ԱՄՆ Քալիֆորնիա նահանգում գործող Revive Naturopathic Medicine կլինիկայից: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել