Չեմ դադարում զարմանալ մեր որոշ լրատվամիջոցների հանցավոր անլրջության վրա: Չեմ հասկանում, ո՞վ է ոմանց խաբել, թե լրագրությունը մուտիլովկա է: Հիմա էլ երկու օր է աչքս 1in.am կայքն է բռնել: Նախ լայն թափով հայաստանյան տեղեկատվական դաշտ բերեց Վատիկանում Թուրքիայի դեսպանի ստերը՝ առանց փոքր-ինչ ակնարկի, որ այն ինչ Սուրբ Աթոռին վերագրում է այդ պարոնը, ուղղակի չկա, հետո տեսնում եմ հարցազրույց Արամ Սարգսյանի հետ՝ թողարկված հետևյալ վերնագրով «Սերժ Սարգսյանն ինձ խոստացել է մի օր ասել՝ ով է կազմակերպել Հոկտեմբերի 27-ը»:

Նայում եմ հարցազրույցը: Բառացիորեն Արամ Սարգսյանն ասում է հետևյալը. «նույն Սերժ Սարգսյանն ինձ խոստովանել է, որ դա (հոկտեմբերի 27-ը) կազմակերպված էր», հետո Արամ Սարգսյանը իր (Արամ Սարգսյանի անունից) ավելացնում է. «.. ու մի օր պետք է ասի՝ ով էր կազմակերպել: Ես սպասում եմ իր պատասխանին, թող ասի»: Հիմա այս երկու տարբեր հասցեականությունից եկող մտքերից ստանալը «Սերժ Սարգսյանն ինձ խոստացել է մի օր ասել՝ ով է կազմակերպել Հոկտեմբերի 27-ը» վերնագիր լրատվություն է, թե՞ մուտիլովկա: Այ սա եմ ուզում հասկանալ: Մուտիտն էսքանով չի ավարտվում: Առավոտյան էլ «Ժամանակ» թերթում Arman Babajanyanի ստորագրությամբ հրապարակվել է հարցազրույցի վայ-սղագրությունը:

Նույն մասում ձեռքի թեթևակի հպումով մուտիլովկան լավ խորացված է արդեն: Եվ, եթե «ո՞րն էր հոկտեմբերի 27-ի արմատը» հնչած արտահայտությունը «որտեղի՞ց էր Հոկտեմբերի 27-ի արյունը» սղագրումը կարելի է լրատվամիջոցի խմբագրում ընկալել, ապա լրիվ այլ պատկեր է ստացվում «...նույն Սերժ Սարգսյանն ինձ խոստովանել է, որ դա կազմակերպված էր ու մի օր պետք է ասի՝ ով էր կազմակերպել» միտքը այսպես սղագրելով՝ «Սերժ Սարգսյանն ինձ խոստովանել է, որ դա կազմակերպված էր, որ մի օր պիտի ասի, թե այդ ով էր կազմակերպել»:

Թվում է, թե ի՞նչ մեծ բան է արված որ՝ «ու»-ն ընդամենը դարձրած է «որ»: Բայց, արի ու տես, որ այդ մեկ փոփոխությունով հեղինակ-սղագրիչը «արդարացրել» է իր վերնագիրը և Սերժ Սարգսյանին վերագրել միտք, որն անգամ Արամ Սարգսյանը չի ասում, թե Սերժ Սարգսյանն է հնչեցրել: Փաստորեն, մուտիտ մուտիտ միչև վերջ.... Դե իսկ Արամ Սարգսյանի ասածները լրիվ այլ օպերայից են: Մի քիչ էլ հետևեմ նրան, այդ մասին էլ երևի գրեմ: Իսկ մինչ այդ կոչ եմ անում լրատվամիջոցներին Արամ Սարգսյանից անձամբ ճշտել «Սերժ Սարգսյանն ինձ խոստացել է մի օր ասել՝ ով է կազմակերպել Հոկտեմբերի 27-ը» ձևակերպմամբ արտահայտությունը համապատասխանու՞մ է իրականությանը, թե ոչ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել