Tert.am-ը գրում է.

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Քրիստինե Մելքոնյանը Tert.am-ի զրույցում անդրադարձել է ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզի հետ հարցազրույցի ժամանակ «Ազատություն» ռադիոկայանի տրամադրած տվյալներին, թե սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ընթացքում խախտումների վերաբերյալ բազմաթիվ ահազանգեր են եղել, մինչդեռ ընդամենը մեկ մարդ է դատարանի վճռով պատժվել: Ըստ նրա՝ փետրվարի 5-ի դրությամբ հարուցված քրեական գործերի թիվը 67–ն է, 28 քրեական գործով 32 անձ է ներգրավված՝ որպես մեղադրյալ, իսկ 18 քրեական գործ էլ՝ 21 անձանց վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

 

– Ազատություն ռադիոկայանը ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի հետ հարցազրույցում նշել է, որ հանրաքվեի ընթացքում խախտումների վերաբերյալ բազմաթիվ ահազանգերի պայմաններում ընդամենը մեկ մարդ է դատարանի վճռով պատժվել: Իսկապե՞ս այդքան հրապարակումների առկայության դեպքում, այսօր նման պատկեր է:

 

– Ես չեմ կարող ասել, թե տեղեկատվական ինչ աղբյուրից է օգտվել Ձեր նշած լրատվամիջոցը, բայց կարող եմ վստահեցնել, որ ՀՀ գլխավոր դատախազությունում ուսումնասիրվել են քաղաքացիների ընտրական իրավունքի խախտման վերաբերյալ բոլոր ահազանգերը՝ ընդհուպ մինչև անհատ անձանց սոցցանցի սեփական էջերում կատարված գրառումները՝ մոտ  600 հրապարակում: Վստահեցնում եմ, որ բոլոր արժանահավատ հրապարակումները մանրամասն ուսումնասիրվել են և դրանցում հանցագործության առերևույթ հատկանիշների առկայության դեպքում՝ ստացել են համապատասխան իրավական ընթացք:

 

Հրապարակումների ու ահազանգերի վերաբերյալ տվյալները բաց են և հրապարակային: Դրանք տեղադրված են ՀՀ դատախազության կայքում, որտեղ գործում է առանձին«Հանրաքվե 2015» էջը:  Այդ տվյալներն անընդհատ թարմացվում են և միայն մեր կայք այցելելով լրագրողը կարող էր հստակ տեղեկատվության ստանալ՝ քանի նյութ է ուսումնասիրվել, քանի քրեական գործ է հարուցվել, քանի մարդ է ներգրաված որպես մեղադրյալ և այլն: Տարօրինակ է, որ արտերկրի դիվանագետի հետ հարցազրույցից առաջ այս տվյալները չեն ճշտվել: Կարող եմ ասել նաև, որ փետրվարի 5-ի դրությամբ հարուցված քրեական գործերի թիվը 67 է: 28 քրեական գործով 32 անձ է ներգրավված՝ որպես մեղադրյալ, իսկ 18 քրեական գործ էլ՝ 21 անձանց վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան: Երկու քրեական գործով երկու անձի վերաբերյալ արդեն կայացվել է մեղադրական դատավճիռ: Այս տվյալները բաց են և հասանելի ցանկացած քաղաքացու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել