Ֆեյսբուքահայեր տերմինը դեռ մի քանի տարի առաջ հայերենում գոյություն չուներ, իսկ հիմա կա: Ու կասկած չկա, որ կան, գոյություն ունեն նաեւ ֆեյսբուքահայերը` Ֆեյսբուքի հայերը: Մի քիչ ավելի բարդ ա Ֆեյսբուքահայաստանի հարցը: Մի կողմից` ակնհայտ ա, որ կա ֆեյսբուքյան տարածք, եւ ֆեյսբուքահայերը էդ տարածքում են գործում: Ակնհայտ ա նաեւ, որ դա հայկական տարածք ա, կարելի ա նույնիսկ ասել` հայաստանյան տարածք, որովհետեւ էդ տարածքում քննարկվող խնդիրները հիմնականում հայաստանյան իրականության խնդիրներն են: Ուղղակի հարցն էն ա` ունի՞ Ֆեյսբուքահայաստանը սուվերենություն` ինքնիշխանություն: Մի կողմից` կարծես թե չունի: Ինքնիշխան համարվելու համար երկիրը պետք ա ունենա ընտրված իշխանություն, ինչը Ֆեյբուքահայաստանում չկա: Բայց ախր ընտրված իշխանություն ոչ ֆեյբուքյան Հայաստանում` ՀՀ-ում էլ չկա: Փոխարենը` կա չընտրված իշխանություն, ինչը Ֆեյսբուքում բացակայում ա: Ֆեյբուքահայաստանում ընդհանրապես իշխանական մարմիններ չկան: Ու առանց դրանց` Ֆեյսբուքահայաստանը լավ էլ ծաղկում ու զարգանում ա: Առանց ֆորմալ իշխանության:

Ով ներսում ա, կհաստատի, որ Ֆեյսբուքահայաստանում կա ռեալ ազատություն: Ազատություն` արտահայտելու հայացքներդ, տարածելու դրանք, բանավիճելու-կռիվ տալու դրանց համար: Կասեք` արտահայտման առումով ազատություն ոչ Ֆեյսի Հայաստանում էլ կա: Թվացյալ` հա, բայց ոչ Ֆեյսի Հայաստանում արտահայտման հարթակները մեծագույն մասով իշխանության (չընտրված իշխանության) ձեռքին են, ավելի փոքր մասով էլ` ընդդիմության, եւ երկու դեպքում էլ քաղաքականորեն ուղղորդվում են: Լծակների, հարթակների առումով` շարքային հայաստանցին արտահայտվելու ռեալ ազատություն` հավասար հնարավորություններ չունի: Ուղղորդման փորձեր Ֆեյսում էլ կան, բայց դրանք խոշոր հաշվով չեն հաջողվում, դրանք չեն որոշիչը: Ֆեյսի ամեն մի բնակիչ իսկապես ունի ազատություն` արտահայտելու իրա կարծիքն ու կռիվ տալու դրա համար: Դա ռեալ ազատություն ա, ոչ թե ընդամենը հայտարարված` «դու իրավունք ունես», այլ ռեալում, նյութապես ապահովված` քեզ տրված են նաեւ գործիքները, որոնցով դու կարող ես քո ազատությունը իրականացնել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել