Tert.am-ը գրում է.
Ամերիկացի երեք կոնգրեսականներ դիմել են Իրանին՝ մուտքի արտոնագիր ստանալու համար, որպեսզի հետևեն փետրվարի 26-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների ընթացքում ժողովրդավարության կանոնների պահպանմանը, հայտնում է Интерфакс գործակալությունը:
 
Միաժամանակ նրանք ուղերձ են հղել Իրանի բարձրագույն հոգևոր առաջնորդ այաթոլլահ Խամենեին և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ղեկավար Մոհամմադ Ալի Ջաֆարիին՝ մուտքի արտոնագիր ստանալուն աջակցելու համար:
 
Իրան իրենց այցի նպատակը կոնգրեսականները բացատրել են «իրականում իրանական ժողովրդավարությունը տեսնելու ցանկությամբ»:
 
Կոնգրեսականները նաև նշել են, թե կցանկանային ստուգել Իրանի միջուկային օբյեկտները Պարչինում, Ֆորդոյում և Արաքում, և Իսլամական հեղափոխության պահապանների հետ քննարկել հունվարին Իրանի տարածքային ջրերում ԱՄՆ ռազմածովային ուժերին պատկանող նավերի հետ կապված միջադեպը։  Ավելի վաղ հաղորդվել է, որ Քուվեյթից Բահրեյն ուղևորվող երկու ամերիկյան նավեր հայտնվել են Իրանի տարածքային ջրերում, ինչից հետո Իրանի իշխանությունները ձերբակալել են անձնակազմերի 10 անդամներին։ Ավելի ուշ նրանք ազատ էին արձակվել։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել