Tert.am-ը գրում է.
ՀՅԴ հետ համագործակցելու, կոալիցիա կազմելու հարցում դեռևս հստակեցում չկա: Այս մասին Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի նիստից հետո հայտարարեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

«Դաշնակցության հետ համագործակցելու, կոալիցիայի հետ կապված վերջնական որևէ հարց չենք քննարկել: Քննարկումները շարունակվում են: Կարծում եմ՝ մինչև մեկ շաբաթվա ընթացքում, մյուս շաբաթվա ավատ, մենք կունենանք հստակություն: Այս պահին քննարկումները շարունակվում: ԳՄ-ի ընթացքում հարցի շուրջ որևէ քննարկում չի եղել»,- նշեց Շարմազանովը:

Tert.am-ի հարցին, թե ինչո՞ւ դեռևս հստակեցում չկա, ԱԺ փոխնախագահը պատասխանեց.«Քանի դեռ հստակեցված չէ ամեն ինչ, հստակեցված չէ ոչինչ: Հարցը չենք քննարկել՝ դրանով է պայմանավորված: Համագործակցության հիմքը՝ ոչ թե, նախ և առաջ, պաշտոնների բաժանումն է, այլ՝ գաղափարախոսությունը, ծրագրային դրույթները, պատասխանատվությունը»:

Դիտարկմանը, թե մամուլում գրվում է, որ համաձայնության չեք գալիս, Էդուարդ Շարմազանովը պատասխանեց, թե մամուլում «օրը վեց բան է գրվում»: «Մինչև մյուս շաբաթվա ավարտ մենք կունենանք հստակություն»,- շեշտեց խորհրդարանի փոխխոսնակը:

Մեր հարցին` ՀՅԴ հետ այս պահին որևէ հարցի շուրջ տարակարծություններ կա՞ն, թե՞ ոչ, Շարմազանովը կրկնեց. «Ընթանում են բանակցություններ, քննարկումներ: Հստակեցման համար անհրաժեշտ է, որ կողմերն ունենան ամբողջական վերջնական դիրքորոշում: Երբ կլինի վերջնական դիրքորոշում, համաձայնություն, ես Ձեզ կփոխանցեմ: Ամեն ինչ նորմալ է, եղեք լավատես»:

Շարմազանովը շեշտեց, թե բանակցությունները չեն երկարաձգվում՝ իրենք որևէ ժամկետ չեն նշել: «Ո՞վ է ժամկետ սահմանել: Դուք գրում եք՝ այսօր է, լինելու վաղը, մենք նման բան չենք ասում: Իշխանություններից, Դաշնակցությունից որևէ մեկը օր, ժամ, պատարագ նշե՞լ է՝ երբ է լինելու: Կա նպատակ՝ համագործակցության եզրեր ունենալու Հայաստանի ապագա կառավարման համար, թե ինչպիսի որոշման կհանգեն երկու կուսակցությունները պարզ կլինի առաջիկայում»,- հավելեց նա:

Էդուարդ Շարմազանովը տեղեկացրեց, որ Գործադիր մարմնի նիստում մանրամասն քննարկվել է նոր Ընտրական օրենսգիրքը, որը պահանջում է բազում հարցերի համաձայնություն: «Այստեղ կան ռազմավարական, ծրագրայի տեխնիկական խնդիրներ: Մեր մոտեցումները քննարկել ենք, բայց վերջնական հայտարարի էլի չենք եկել: Սա լուրջ փաստաթուղթ է, դեռևս աշխատում ենք փաստաթղթի վրա, բոլորը առաջարկություններ ունեն»:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել