Ի՞ՆՉ Է ԻՐԵՆԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է ՄԱԶԵՐԻ ԽՆԱՄՔԻ ԲՆԱԿԱՆ ՄԻՋՈՑԸ

«Բնական» հասկացությունը յուրաքանչյուրն ընկալում է յուրովի։ Մենք կարծում ենք (հուսով ենք, որ դու մեզ հետ համակարծիք ես), որ «բնական» նշանակում է բույսերից կամ բնության այլ աղբյուրներից ստացված։ Բնական բաղադրիչները ստացվում են կամ մեխանիկական միջոցով կամ բուսական լուծիչների, այլ ոչ թե դրանց սինթետիկ այլընտրանքի միջոցով։

ԲՆԱԿԱՆ ԲԱՂԱԴՐԻՉՆԵՐ

ԲԱՐԱԿ ՄԱԶԵՐ

Բարակ կամ վնասված մազերի համար բնական միջոցները պետք է պարունակեն մեղր։ Սա բնության կատարյալ փափկացնող, հարթեցնող և խոնավացնող միջոց է, քանի որ դրա բաղադրության մեջ կան մազերը սնուցող նյութեր, այդ թվում նաև ամինաթթուներ և վիտամիններ։

Կաթը ևս մեկ բնական միջոց է, որը պարունակում է բավարար քանակությամբ սպիտակուցներ, որոնք մազերը խոնավացնում են, ամրացնում և բարելավում դրանց վիճակը։ Կաթը նաև պարունակում է А և В6 վիտամիններ, որոնք փափկացնում են մազերը և հաղորդում փայլ։

ՉՈՐ ՄԱԶԵՐ

Հաճախակի լվանալը, սանրելը, ինչպես նաև վարսահարդարիչի կիրառումը մազերը դարձնում են չոր և անփայլ։ Փխրուն մազեր ունենալու դեպքում քեզ կօգնեն բնական յուղերը։ Մարոկկոյի արգանի յուղը պարունակում է Е վիտամին, հակաօքսիդիչներ և ճարպաթթուներ, այն համալիր դառնում է կատարյալ բնական կոնդիցիոներ։ Այս բաղադրիչը բուժում է  վնասված մազերը, բարձրացնում դրանց էլաստիկությունը և դարձնում ավելի «լսող»։ Արգանի յուղին այլընտրանք կարող է հանդիսանալ կռոթուկի արմատի մզվածքը, որը հարուստ է А վիտամինով։ Դարեր շարունակ այս բաղադրիչն օգտագործվում էր մազերը սնուցելու և դրանց աճը խթանելու համար։

ԹԵՓ

Միգուցե դու տեղյակ ես, որ թեյի ծառի յուղը արդյունավետորեն պայքարում է ակնեի դեմ, սակայն Ավստրալիայից մեզ հասած այս բնական բաղադրիչը օգտագործվում է նաև թեփի և գլխամաշկի գրգռվածության դեմ պայքարելու համար։ Թեփի դեմ պայքարելու այլ ավանդական միջոցներն են Հնդկաստանում հայտնի ամլայի յուղը, որը հարուստ է C վիտամինով և կոճապղպեղի յուղը, որը հանդիսանում է բնական հակաբորբոքային միջոց։

ՓԱՅԼԻՑ ԶՈՒՐԿ ՄԱԶԵՐ

Այուրվեդիկ բժշկության մեջ օգտագործվող Շիկակայի օճառային բոբերն ունեն Ph-ի ցածր մակարդակ, ինչի շնորհիվ ամբողջությամբ չեն լվանում մազերի բնական ճարպային մակերեսը։ Այս միջոցը կատարյալ է բոլոր նրանց համար, ովքեր ուզում են բնական բաղադրիչների օգնությամբ վերադարձնել մազերի փայլը։

Եթե քեզ անհրաժեշտ է առավել ուժեղ միջոց, ապա փորձիր մորինգոյի յուղը։ Այն պարունակում է ավելի մեծ քանակությամբ A վիտամին, քան գազարը և ավելի շատ C վիտամին, քան նարինջը, էլ չենք խոսում հակաօքսիդիչների և անհրաժեշտ ամինաթթուների մասին։

ՆԵՐԿԱԾ ՄԱԶԵՐ

Բաոբաբի յուղը հայտնի է իր սնուցող հատկություններով և ներկելու ընթացքում վնասված մազերը վերականգնելու ունակությամբ։ Այն պարունակում է А, D, E և F վիտամիններ, որոնք հաղորդում են վերականգնող և երիտասարդացնող արդյունք, ինչպես նաև օմեգա -3, -6 և  -9 ճարպաթթուները, որոնք մազերը պաշտպանում են ազատ ռադիկալների վնասակար ազդեցությունից և խոնավացնում մազերն արմատներից մինչև ծայրեր։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել