Ոմանց մոտ թյուր կարծիք է ձևավորվել, որ մարդու իրավունքների պաշտպանը պարտադիր պետք է ունենա բարձրագույն իրավաբանական կրթություն և մի քանի տարվա աշխատանքային մասնագիտական ստաժ:
Ավելին, պոտենցիալ թեկնածուներն էլ ոմանց կողմից բացառապես այդ դաշտում են որոնվում և ուրվագծվում…
Բարեբախտաբար այդպես չէ:
ՀՀ սահմանդրության 192-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` Մարդու իրավունքների պաշտպան կարող է ընտրվել բարձրագույն կրթություն ունեցող, պատգամավորին ներկայացվող պահանջներին համապատասխանող, հասարակության մեջ բարձր հեղինակություն վայելող յուրաքանչյուր ոք:
Ասել է թե` յուրաքանչյուր ոք, ով իր կենսագրությամբ վաստակել է մարդու իրավունքների պաշտպանի կոչումը, ապրել և շարունակում է ապրել այդ առաքելությամբ և արժեքային համակարգով ու կրում է այն, պատրաստ է զոհաբերել իր բարեկեցությունն ու անգամ անձնական կյանքը` հանուն մարդկանց իրավունքների պաշտպանության, կարող է հավակնել այդ պաշտոնին:
Մեր դեպքում կարևորվում է նաև այն, որ Մարդու իրավունքների պաշտպանը պետք է լինի խարիզմատիկ անձ, ունենա խոսքի բարձր հեղինակություն, ինտելեկտուալ կարողություններով զինված և անձնապես չվարկաբեկված անհատ, որի խոսքը, նախևառաջ, հասարակությունը կընդունի որպես արժանի մտավորականի խոսք` անկախ նրանից, թե համաձայն կլինի՞ նրա հետ, թե՞ ոչ…
Կապրենք, կտեսնենք` կունենա՞նք այդ պաշտպանը, թե՞ այն կլինի հերթական պաշտոնյան, որ երբ ուզենան նշանակեն, երբ ուզենան` հեռացնեն…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել