Պատժամիջոցների վերացման հարցում հասնելով շոշափելի արդյունքների՝ ԻԻՀ-ն անցել է ԵՄ-ի հետ հարաբերությունների կարգավորման երկրորդ փուլի իրականացմանը: Եվրոպայից Իրան են ժամանում (և հակառակը) ինչպես պետական պաշտոնյաներ և պատվիրակություններ, այնպես էլ մասնագիտական խմբեր, առանձին փորձագետներ: Վերջիններիս առաջ խնդիր է դրված վերլուծել և վերանայել ԻԻՀ-ԵՄ հարաբերությունների բովանդակությունը՝ հստակ գնահատելով բոլոր ռիսկերն ու հնարավորությունները:

Այդ նպատակով ներկայումս Իրանում է գտնվում Հռոմի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դասախոս, Իսլամական ուսումնասիրությունների և միջազգային հետազոտությունների կենտրոնի հիմնադիր Ռաֆայել Մարիլլոն: Նա հանդիպել է Թեհրանի համալսարանի դասախոս, եվրոպական ուսումնասիրությունների գծով ավագ փորձագետ Սայիդ Խալուզադեի հետ: Համատեղ քննարկումների ընթացքում առանձնացվել են ԻԻՀ-ԵՄ հարաբերություններին առնչվող հետևյալ խնդիրները.

1. ԵՄ-ն Իրանում չունի պաշտոնական ներկայացուցչություն, ուստի ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի՝ Թեհրան կատարելիք առաջիկա այցի ընթացքում պետք է քննարկվի Իրանում ԵՄ ներկայացուցչական գրասենյակ բացելու հարցը:

2. ԵՄ քաղաքականությունն ԻԻՀ նկատմամբ ցայժմ դուրս չի եկել անվտանգությանն առնչվող խնդիրների շրջանակից, ուստի հարկավոր է փոխել փոխհարաբերությունների զարգացման տրամաբանությունը՝ առաջնահերթ կարևորելով տնտեսական գործոնը:

3. ԵՄ-ի համար էներգետիկ ռեսուրսների կարևոր աղբյուր են դիտարկվում ՌԴ-ը և ԻՀՀ-ը, այդ համատեքստում վերջիններս մրցակից պետություններ են, ուստի հարկավոր է մշակել փոխհարաբերությունների՝ բոլոր կողմերի համար ընդունելի չափորոշիչներ:

4. Ուկրաինան ճգնաժամի մեջ է, ուստի ակնկալվում է, որ մոտ ապագայում Եվրոպային գազ մատակարարող հիմնական երկրի դերը կստանձնի Իրանը:

5. ԵՄ-ն ի վիճակի է, ԻԻՀ իշխանությունների հետ համագործակցելով, լուծել Իրանին հուզող բնապահպանական խնդիրները:

6. ԵՄ-ԻԻՀ հարաբերություններին խոչընդոտող հանգամանք է Իրանի՝ Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամ չլինելը, խնդիր, որը հարկավոր է առաջիկայում լուծել:

7. Զբոսաշրջության ներուժն ԻԻՀ-ԵՄ հարաբերություններում չափազանց մեծ է, ուստի իրանական կողմը պետք է իր ուշադրության կենտրոնում պահի եվրոպացի զբոսաշրջիկների համար Իրանում հատուկ պայմաններ ստեղծելու հարցը:

8. ԻԻՀ-ը և ԵՄ-ը կարող են և պետք է զարգացնեն համագործակցությունն Աֆղանստանից Եվրոպա թմրանյութերի տեղաշարժը բացառելու ուղղությամբ:

9. ԻԻՀ-ը և ԵՄ-ը պետք է լուրջ աշխատանքներ կատարեն հասարակական շերտերում միմյանց նկատմամբ դրական կարծիք ձևավորելու ուղղությամբ՝ չմոռանալով, օրինակ, այն, որ Եվրոպայում 2013թ. անցկացված հարցումների համաձայն՝ 10 մարդուց 8-ը բացասական է արտահայտվել Իրանի վերաբերյալ:

10. Մարդու իրավունքների խնդիրը շարունակում է մնալ ԻԻՀ-ԵՄ հարաբերությունների ամենացավոտ հարցերից մեկը, որի լուծմանն առաջիկայում հարկավոր է ավելի մեծ ուշադրություն դարձնել, եթե կողմերը ցանկանում են փոխմբռնման և վստահության վրա հիմնված հարաբերություններ զարգացնել:

11. Շիայական Իրանն իրեն ավելի մոտ է համարում քրիստոնյա Եվրոպային, քան սուննիական արաբական «աշխարհին», ուստի ԻԻՀ նախագահ Հ. Ռուհանիի հանդիպումը Հռոմի պապին ունի առանձնահատուկ կարևորություն:

12. ԻԻՀ-ԵՄ հարաբերությունների զարգացումը կարող է նվազեցնել Սաուդյան Արաբիայի՝ Մերձավորարևելյան գործընթացներին մասնակցության չափաբաժինը, որը կբխի տարածաշրջանի կայուն և խաղաղ զարգացման շահերից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել