Հայկական երգարվեստին առանձնապես չեմ հետևում: Իմ երաժշտական ճաշակը և մեր երգիչ-երգչուհիների մատուցած երաժշտությունը ոչ մի ընդհանուր բան չունեն: Բայց, լինելով ֆեյսբուքյան ակտիվ օգտատեր, միշտ տեղյակ եմ լինում մեր շոու բիզնեսի վերջին նորություններին: Հիշում եմ, մի քանի ամիս առաջ ընկերուհիս զանգեց. «Աննա, լսիր, Սիրուշոն նոր երգ ա հրապարակել, շատ լավն ա»: Մտա Ֆեյսբուք, ընկերներիցս շատերն էին կիսվել Սիրուշոյի նոր երգի հղումով, լսեցի իհարկե: Չեմ ասի, թե շատ հավանեցի, բայց կարևորը՝ կլկլոց չէր:
Անցավ մի քանի ամիս, ես արդեն մոռացել էի Սիրուշոյի երգն էլ, Սիրուշոյին էլ, երբ համացանցը «ցնցեց» Սիրուշոյի` «Մի թող ինձ մենակ» երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակը: Այս տեսահոլովակին չանդրադառնալ, իհարկե, չեմ կարող:
Անդրադարձս կանեմ կետերով: Եվ այսպես, 5 պատճառ, թե ինչու է Սիրուշոյի վերջին տեսահոլովակը հիասթափեցնող և ոչինչ չասող.
- Սիրուշոն հայ այն եզակի երգչուհիներից է, ով ունի համաշխարհային ճանաչում և մեծ լսարան դրսում: Նրա տեսահոլովակներն ու երգերը տարածվում են ամբողջ աշխարհով մեկ: Նա պետք է օգտվի այդ հնարավորությունից և իր տեսահոլովակներում փորձի աշխարհին ներկայացնել Հայաստանը, նրա գեղեցիկ ու տեսարժան վայրերը, մշակույթը, ոչ թե մետրոյի կայարանները, հատկապես, երբ տարբեր երկրների մետրոների շքեղ կայարանների համեմատ մեր մետրոն շատ խղճուկ ու դատարկ է:
- Ինչպես գիտեք, մետրոն ռազմավարական օբյեկտ է հանդիսանում, և այնտեղ խիստ արգելված են ամեն տեսակ նկարահանումները: Հիշեք, թե քանի ցուցանակի վրա է դա գրված, և ամեն անգամ ինչպես են բղավում մետրոպոլիտենի աշխատակիցները, երբ ձեր ձեռքին ֆոտոխցիկ կամ նկարող հեռախոս են տեսնում: Այս տեսահոլովակում ռեժիսորները շեշտը փորձել են դնել վաղուց հայտնի այն փաստի վրա, որ Սիրուշոն արտոնյալ է, և նրան ամեն բան կարելի է:
- Սիրուշոյի երգի տեսահոլովակն ինձ կադրեր հիշեցրեց «Метро» ֆիլմի պաշտոնական սաունդթրեք «Би-2» խմբի «Молитва» երգի տեսահոլովակից և լուսանկարներ Մինսկի մետրոյում արված սկանդալային ֆոտոշարքից: Ինչպես ասում են՝ լավագույն նորը լավ մոռացված հինն է:
- Սիրուշոն այն եզակի երգչուհիներից է, ով ոճ է թելադրում: Նրա տեսահոլովակների կերպարները շատ կարճ ժամանակում դառնում են ընդօրինակման օբյեկտ հազարավոր հայ աղջիկների համար: Սիրուշոն կրեց նարնջագույն տաբատ և կոստյում, և այդ համարձակ գույնն իր տեղը գտավ հայուհիների զգեստապահարանի սև հագուստի կողքին: Նա կրեց հայկական ավանդական նախշերով խոշոր զարդեր, և հիմա բոլոր նորաձև աղջիկների զարդատուփում գոնե մեկ այդպիսի զարդ կա: Բայց այս տեսահոլովակում նա ոչ մի նոր թրենդ չթելադրեց: 90-ականներից մեզ հասած կլոր մազափունջ և մոխրագույն վերարկու, որի սեզոնային նորաձև լինելու մասին արդեն մեկ տարի է՝ խոսում են բոլոր կայքերն ու ամսագրերը:
- Եվ վերջապես, ամենատգեղ կադրը, որը փչացրեց տեսահոլովակից ստացածս գոնե չնչին դրական տպավորությունները: Սիրուշո՛ ջան, ախր ինչպե՞ս կարելի է կանգնել մի տեղ, որտեղ մարդիկ նստում են: Սա ինձ համար տեսահոլովակի ամենատգեղ պահն էր։
Ցավում եմ, որ արդեն անգամ մեր շոու բիզնեսի ամենավառ երգչուհին մեզ ոչնչով չի զարմացնում...