Tert.am-ը գրում է.
ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը այսօր Ազգային ժողովում հետաքրքրվեց, թե ինչու Հայաստանում այս վերջին տարվա ընթացքում բենզինի գինը միայն 11 տոկոսով  է ընկել, այն դեպքերում, երբ հարևան երկրներում շատ ավելի է իջել:

«Ամբողջ աշխարհում վառելիքի գինն իջել է, իսկ Հայաստանում շարունակում է մնալ բարձր»,-ասաց նա և ներկայացրեց, որ օրինակ՝ Ռուսաստանում իջել է  33 տոկոսով, Չեխիայում՝ 20, Գերմանիայում ու Ֆրանսիայում՝ 18: Նա նշեց, որ Նոյեմբերյանում մարդիկ նույնիսկ վտանգավոր ճանապարհներով են անցնում, որպեսզի Վրաստանում լիցքավորեն իրենց մեքենաներն ու վերադառնան Հայաստան:

Նա իր մտահոգությունը հայտնեց նաև գազի գնի առումով: «Դիտավորյալ ստեղծված մենաշնորհային վիճակի պատճառով այսօր Հայաստանի ամբողջ տնտեսությունը խեղդվում է»,- ասաց նա:

Փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը բենզինի գնի վերաբերյալ ասաց, որ  այդ հարցը ևս կարևոր է և անհանգստացնում է  նաև կառավարությանը: Նա նշեց, որ կառավարությունը դիմել է ՏՄՊՊՀ-ին   և պատասխանը ստանալուց հետո կհրապարակեն:

Գազի պայմանագրի վերաբերյալ ասաց. «Դիմել ենք ՌԴ և այդ ուղղությամբ իրականացվում են բանակցություններ»:

Լևոն Զուրաբյանը ներկայացրեց Հայաստան բենզին ներկրողների թիվը, որ տարիների ընթացքում գնալով նվազել է, ու այսօր ընդամենը մեկն է ներկրողը։
 
«Պատասխանն ակնհայտ է, որ ամբողջ խնդիրը մենաշնորհից է գալիս: Մենք տեղեկություն ունենք, որ բենզինի գինը քաղաքական կամքի արդյունքում է որոշվում և սպասարկում է այն մարդկանց, որոնք գերշահույթ են ստանում»,- ասաց նա և նշեց, որ ՀԱԿ-ը որոշում է ընդունել պաշտոնական հարցապնդումով դիմել կառավարությանը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել