- Լինո՞ւմ են արդյոք դեպքեր, երբ եթերից հետո հասարակական վայրերում Ձեզ տեսնեն և, օրինակ, հարցնեն, թե վաղն ինչ եղանակ է սպասվում։
- Միշտ, այդպիսի մի զավեշտալի դեպք տեղի ունեցավ, մտել էի բանկ վճարում անելու: Դեռ հոկտեմբեր ամիսն էր, իսկ ես մորթե ժիլետով էի, քանի որ սիրում եմ այդ հագուստս, մտածում էի` արդեն եղանակը թույլ է տալիս հագնել այն: Փաստորեն շտապել է, քանի որ մի քաղաքացի ինձ ասաց, վայ փաստորեն շատ ցուրտ է լինելու, ասում եմ ինչից իմացաք, ասում է դե դուք մուշտակ եք հագել, ուրեմն շատ ցուրտ կլինի: Բոլորս ծիծաղեցինք: Ես շատ սովոր եմ նման հարցեր լսել և անկեղծ ասած սիրով միշտ պատասխանում եմ: Դա իմ գործն է: Ինձ վստահում են, իսկ ես էլ փորձում եմ ճիշտ ներկայացնել մասնագետների կանխատեսումներն:
- Լիլի, նկատել եմ՝ Դուք ոչ մի սոցիալական կայքում գրանցված չեք, կարծում եմ` մեր ժամանակների համար դա արտառոց բան է, այսինքն՝ կողմնակից եք ռեա՞լ շփումների:
- Վաղուց հասկացել եմ` չեմ սիրում վիրտուալ տիրույթում շփվել մարդկանց հետ, ինձ համար շոշափելիությունը շատ ավելի կարևոր է կյանքում: Ես նույնիսկ ուրախացա, որ ասացիք ես դեմ առ դեմ եմ ուզում հարցազրույցն անցկացնել, որովհետև շատ վաղուց նման բան չէր եղել ինձ հետ: Մերօրյա լրագրությունը մի տեսակ հեշտացված է, բայց արդյունքում մարդու գործոնն է նվազեցված, ինչը անթույլատրելի է: Ինձ համար ամենաակարևորը մարդկային շփումն էր, այդպիսով համացանցում ինձ ոչինչ չի գրավում: Իհարկե աշխատանքի բերումով ես բոլոր լրատվական կայքերին հետևում եմ, տեղեկանում եմ լուրերից, փորձում եմ լինել ժամանակին համահունչ, բայց սոց կայքերի շփումը ինձ չի գրավում:
- Այսինքն՝ մարդկանց և Ձեր երկրպագուներին զերծ եք պահել Ձեր լուսանկարները տեսնելուց, պահում եք չզզվացնելու սկզբունքը։
- Այո, ես փորձում եմ ավելի քիչ հանդես գալ լուսանկարներով, չեմ սիրում պարտադրել ինքս ինձ, դա շատ տգեղ է: Փորձում եմ պահել եթերային առեղծվածը:
- Այդ դեպքում ինչպե՞ս եք անցկացնում Ձեր ազատ ժամանակը։
- Անցկացնում եմ ընկերներիս, ընտանիքիս, բացառապես մտերիմներիս շրջապատում, սկզբունքային եմ շփման մեջ, գուցե մի փոքր տգեղ հնչի, բայց չեմ սիրում պատահական ծանոթություններ, բավարարվում եմ մանկությունից եկած ընկերներով: Շատ դժվարությամբ եմ նոր մարդիկ ընդունում իմ տարածք:
- Գիտեմ, որ նոր բիզնես ունեք։ Ո՞ւմն էր գաղափարը, և ի՞նչ ձևաչափում է այն: Կարծես նորաձև է դարձել, որ շատ հայտնիներ ունեն բիզնես: Նպատակը ո՞րն էր՝ էլ ավելի շատ գումա՞ր վաստակել։
- Անկեղծ ասած ես միշտ ունեցել եմ երկրորդ և երրորդ աշխատանքը, դեռ ուսանող տարիներից և կարծես հարմարաված լինեմ այդ զբաղվածությանս: Դա է պատճառը, որ սա ինձ համար այնքան էլ նորություն չէր և երբ Պետական համալսարանում վերջերս ստացա իմ հերթական մարքեթոլոգի կրթությունը, որոշեցի կյանքի կոչել իմ բիզնես նախագծերից մեկը: «Beauty boom» իմ հեղինակած բրենդը տրամադրում է գեղեցկանալու 24 ժամյա ծառայություն: Շարժական վարսավիրանոց է, որն աշխատում է կլոր օր եվ ունի բազմազան ծառայություններ: Ընտանիքս որոշեց, որ պետք է նաև գործի ստատիկ գեղեցկության սրահ, կոնկրետ հասցեում, զուգահեռ աշխատում է նաև իմ նախագիծը:
- Երբ լսում ես, որ հայտնի մարդը նոր բիզնես է սկսել, միշտ մտածում ես` լավ, իսկ ո՞վ է նրա մեջքին կանգնած։
- Իմ մեջքի հետևում իրականում շատ-շատ մարդիկ են կանգնած, իմ ընտանիքը,իմ հարզատներն առանց որոնց ես շատ քիչ բան կկարողանայի անել, որովհետև ընդունում եմ, որ աղջիկները շատ բան ֆիզիկապես չեն հասցնում: Շատ բան ինքս չեմ կարող կարգավորել, որովհետև այդտեղ տղամարդկային խոսք է պետք, դրա համար ես չեմ էլ ամաչում ասել՝ այո իմ մեջքի հետևում իմ ընտանիքն է, իմ հարազատները, իմ ընկերները եվ ես երախտապարտ եմ նրանց:
- Կարծում եմ` կհամաձայնեք, որ հիմա բիզնեսը մի քիչ ռիսկային է։
- Այո իհարկե, շատ դժվար էր, շատ մեծ ռիսկի գործոն կար, բայց ես իմ բնավորությամբ սիրում եմ փորձել, թեկուզ սխալվեմ, բայց չնստեմ և ասեմ, որ ոչինչ չի ստացվում: Մտածեցի, որ սա էլ է ինձ համար յուրատեսակ փորձ, իմ գիտելիքները օգտագործելու համար, դրա համար ճիշտ է վախերը շատ մեծ էին, բայց ես փորձեցի դա անել եվ փառք Աստծո:
- Ինչպե՞ս եք Ձեզ զգում բիզնես-կնոջ կարգավիճակում, ինչպիսի՞ն են Ձեր փոխհարաբերություններն աշխատողների հետ։
- Եկել ենք մեկ կարևոր եզրահանգման` սա բիզնես է և բոլորս ուզում ենք աշխատել շատ գումար, դրա համար մեզ մոտ չկան ղեկավար եվ աշխատող հարաբերություններ, մենք բոլորս ընկերներ ենք, բայց իհարկե ունենք հարգանք իրար նկատմամբ: Մեր կոլեկտիվում ջերմ մթնոլորտ է, իսկ բամբասանքը արգելված երևույթ:
- Ի՞նչ եք կարծում՝ հայտնի մարդու գործոնը կարո՞ղ է բիզնեսի հաջողության գրավականներից մեկը լինել։
- Կարող է, բայց դրա հետ մեկտեղ դու պետք է կարողանաս ճիշտ սպասարկել մարդկանց, դա ևս ռիսկային է, որովհետև կարող ես տարիներով վաստակած քո անունը տապալել կամ էլ ավելի բարձրացնել: Եթե մարդը գալիս է քեզ մոտ մեծ հավատով, դու պետք է տաս նրան փայլուն սպասարկում, եթե նա չի ստանում դա, դու տուժում ես, և տուժում է քո անունը:
- Բիզնեսում հաջողության հասնելու սահմանումը ո՞րն է Ձեզ համար։
- Ես համարում եմ, որ ամեն գործում պետք է անկեղծ լինել, լինի դա բիզնես, թե ստեղծագործական աշխատանք, բոլոր դեպքերում պետք է շատ անկեղծ լինել և մտածել, որ նույնը կուզեիր դու ստանալ:
- Լիլի, խոսեցիք ստեղծագործելու մասին, գիտեմ, որ երգեր եք գրում, Ձեր քույրիկի համար է՞լ եք գրում։
- Վերջերս ոչ, առաջ հաճախ էի գրում, բայց հիմա ժամանակի սղության պատճառով չեմ հասցնում, դրա համար ինձ փոխարինում են իմ լավ և տաղանդավոր ընկերները: Ես գրում եմ, բայց հիմնականում մտքեր, որոնք գուցե հետագայում ծառայում են ինձ, դրանք ավելի շատ բանաստեղծություններ են, պատմվածքներ, վիպակներ, այսինքն՝ չեմ հրաժարվել ստեղծագործական կյանքից ամբողջությամբ:
- Դուք մի առիթով ասել էիք՝ «աշխատում եմ, որ ուզածիս պես ապրեմ», այսինքն՝ գուցե բիզնեսն էլ դրա նախադրյալներից մե՞կն էր:
- Շատ վաղուց ինքս եմ փորձում լուծել թեկուզ ֆինանսական հարցերս, դրա համար էլ սիրում եմ միշտ այլընտրանքն ունենալ: Ընկերներիս էլ խորհուրդ եմ տալիս, որ չկառչեն իրենց մեկ գործից, որպեսզի ավելորդ հիասթափություն չունենան: Ցավոք մեր երկրի պայմաններում, մենք ապահովագրված չենք, որ մի օր պատահական կարող ես կորցնել քո աշխատանքը:
- Երբ ասում եք՝ ապրել ուզածի պես և ասում եք՝ սովոր եք լուծել բոլոր հարցերն ինքնուրույն, միանգամից ստեղծվում է ուժեղ և կայացած կնոջ մոդել: Ինքնավստահ կանանցից տղամարդիկ վախենում են, չէ՞։
- Ես չեմ ուզում վախկոտ տղամարդկանց, կայացած տղամարդը չի կարող վախենալ կայացած կնոջից, հակառակը` պետք է հիանա և տա թևեր նոր վերելքների համար: Այն տղամարդը, ով ճնշում է կնոջը իր մեջ պետք է փորձի ամեն բան կարգավորել: Ինձ վերջերս մի առիթով ասում էին, որ հիմա շատ դժվար է որևէ մեկին ընտրել, քանի որ դու հասուն աղջիկ ես, ու քսան տարեկանում ավելի հեշտ կլիներ, ես համառեցի և հակառակն ասացի զրուցակցիս, որովհետև առաջ ես շատ ավելի բծախնդիր էի, քանի հիմա: Առաջ ինձ չէր գոհացնում դիմացինիս կարդացած գիրքը, նա նիհար կամ գեր էր, բարձրահասակ էր կամ հակառակը, բայց հիմա ես շատ ավելի ներողամիտ եմ, քանի որ չկան իդեալական մարդիկ, բոլորն էլ ունեն իրենց թերությունները: Կամեցող մարդուն եմ գնահատում, քանի որ հաճախ տեսնում եմ, որ տղամարդն է այս դարում կնոջը նախանձում: Երբ տղամարդը չի սատարում կնոջը, դա ինձ համար առնվազն տարօրինակ է:
- Լիլի, յուրաքանչյուր աղջկա կյանքում մի տարիք է գալիս, որ ծննդյան օրերին, տոներին կենաց խմելիս միշտ ասում են՝ դե, այս տարի ամուսնանաս։
- Ճիշտն ասած, իմ ընտանիքը դա ավելի շատ է ուզում, քան ես և առաջին հերթին քույրիկիս համար, քանի որ մյուս քույրս ամուսնացած է և ունի երկու բալիկ: Մենք դեռ չենք կարողանում կատարել մեր ընտրությունը։ Այսպիսի բան կա. եթե դու մի բան շատ ես ուզում, ստացվում է, փաստորեն ես դեռ շատ չեմ ուզել: Ես մայրանալու ցանկությունս բացահայտեցի անցյալ տարի, մտածեցի, թե ինչ լավ կլիներ, եթե ես բալիկներ ունենայի, բայց ամեն բան իր ժամանակն ունի: Փաստորեն, ճակատագիրը դեռ չի բերել ինձ մոտ այն մարդուն, ումից կարելի է բալիկներ ունենալ:
- Առաջարկներ ստանո՞ւմ եք ֆիլմերում, սերիալներում նկարահանվելու։
- Առաջարկություններ եղել են, բայց չեմ ընդունել, որովհետև ինձ չեմ տեսել այդ դերում: Ես չեմ սիրում անել մի բան ինչը ինձ դուր չի գալիս, պարտադիր պետք է սիրեմ իմ գործը: Իհարկե ինձ պատկերացնում եմ ֆիլմում. կինոռեժիսոր եմ մասնագիտությամբ, ունեմ նաև դերասանական կրթություն: Հավանաբար կցանկանամ պատմական լուրջ ֆիլմում խաղալ:
- Իսկ առաջարկ ստանո՞ւմ եք հարսանեկան միջոցառումներ վարել։
- Ես շատ հաճախ մերժում եմ, եղել են դեպքեր երբ վարել եմ և հասկացել եմ, որ ինձ լավ չեմ զգում այդ գործում, դրա համար մերժում եմ: Փորձում եմ միայն ֆինանսի համար ստիպված չլինել անել այն, ինչ ինձ հարզատ չէ: Իհարկե ես հասկանում եմ այն մարդկանց, ովքեր վարում են հարսանեկան միջոցառումներ, քանի որ աշխատում են և ամիսներով գումար չեն ստանում, չեմ կարող նրանց մեղադրել այդ հարցում, դա ամեն մարդու ընտրությունն է:
- Ամփոփելով մեր զրույցը՝ ուզում եմ հարցնել՝ ինչի՞ պակաս ունեք հիմա և երբ գլուխը դնում եք բարձին, ինչի՞ մասին եք մտածում։
- Դրանք շատ-շատ են, բայց գիտե՞ք երբ գլուխս դնում եմ բարձին, մտածում եմ միայն անհապաղ քնելու մասին, ակամայից աղոթում եմ եվ փակում աչքերս: Պետք է լրացնեմ իմ քնի գոնե յոթ ժամը և զբաղվեմ իմ հաջորդ օրվա գործերով: Կան շատ պլաններ, որոնք պատրաստում եմ կյանքի կոչել, իսկ երբ դնում եմ գլուխս բարձին միայն մտածում եմ քնի մասին: Փորձում եմ անջատել բոլոր մտքերս:
Նյութը` Սիրանուշ Գրիգորյանի