Tert.am-ը գրում է.

Ազգային ժողովի ամբիոնն օգտագործվեց նախընտրական տարուն համաձայն:
 

«Հայաստանի Հանրապետության կառավարության և Ասիական զարգացման բանկի միջև 2015 թվականի հոկտեմբերի 13-ին ստորագրած քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագիր երկուսի վերաբերյալ» վարկային համաձայնագրի քննարկման ժամանակ «Հանրապետական» խմբակցության անունից այս մասին հայտարարեց խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը՝ նկատի ունենալով ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանի ելույթը:
 

Վերջինս զայրացավ Գագիկ Մելիքյանի հայտարարությունից, տեղից փորձեց արձագանքել, սակայն ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հորդորեց չխանգարել. «Մի մտածեք, որ այստեղ պատգամավորն ինչ ասում է, բացարձակ ճշմարտություն է: Ինչի՞ եք տեղից խոսում, թողեք արտահայտվեն»:
 

Գագիկ Մելիքյանը համաձայնեց Հեղինե Բիշարյանի մտքի հետ, թե Երևանում վերջին տարիների ընթացքում վերջին քաղաքապետի ջանքերով լուրջ դրական աշխատանք է կատարվել:

 

«Սա ակնհայտ է, բոլորը սա տեսնում են: Վստահ եմ, որ այդ աշխատանքը նույն ոճով կշարունակվի: Անձամբ ճանաչում եմ ու հարգում, ընդունում գործող քաղաքապետին, հավատում եմ, որ այս աշխատանքը կհասցնի իր ավարտական կետին»- նշեց ՀՀԿ խմբակցության ղեկավարը:

 

Ըստ Գագիկ Մելիքյանի՝ իհարկե, աշխատանքի կատարման ժամանակ եղել են թերություններ, բայց դրանք պետք է դաս լինեն: Վարկային այս ծրագիրը, Մելիքյանի համոզմամբ, բավական արդյունավետ է, և իր արդյունավետ ավարտը պետք է ունենա:

 

Պատգամավորը շեշտեց, որ Ասիական բանկը հենց այնպես որևէ մեկին վարկ չի տալիս, և եթե վարկ է տրվել, ուրեմն նախապես ուսումնասիրվել են ծրագրի հետևանքները, թե ինչպես այն կարող է ազդեցություն ունենալ տնտեսության ճյուղերի վրա, արդյունավետության վրա:
 

«Մուլտիպլիկատիվ էֆեկտով կարող է արդյունավետ ծրագիր դառնալ: Հատկապես, երբ դրա 30 տոկոսը հետ է վերադառնալու բյուջե՝ ԱԱՀ տեսքով, և կարող է լուրջ ազդեցություն ունենալ բյուջեի եկամտային մասի վրա, սոցիալական վիճակի բարելավման առումով կարող է լուրջ ազդեցություն ունենալ: Կարծում եմ, որ պետք է հնարավորություն տալ տնտեսությանը զարգանալու: Որևէ վտանգ չեմ տեսնում վարկային ծրագրերով այդ աշխատանքները իրականացնելու առումով» ,- ընդգծեց ՀՀԿ խմբակցության քարտուղարը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել