Tert.am-ը գրում է.

Չնայած Հայաստանն ու Վրաստանն ընտրել են տարբեր քաղաքական, ռազմական հարթակներ, բայց երկու երկրներն ունեն համագործակցության բարձր մակարդակ:

 

Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է վրացագետ Ջոնի Մելիքյանը՝ անդրադառնալով Վրաստանի Պաշտպանության նախարարի` Հայաստան կատարած այցին։

 

Նրա խոսքով, քանի որ վերջին երկու տարվա ընթացքում Վրաստանում պաշտպանության արդեն երրորդ նախարարն է փոխվում, հետևաբար սա առաջին հերթին ճանաչողական այց էր: 

 

«Մենք ՀԱՊԿ անդամ երկիր ենք, Վրաստանն էլ ձգտում է լինել ՆԱՏՕ-ի անդամ երկիր, բայց տեսնում ենք, որ կան ընդհանուր մոտեցումներ, որոնց շուրջ երկու երկրները ռազմական ոլորտում կարող են խորացնել հարաբերությունները: Մասնավորապես՝ ուսումնական հարցեր, խաղաղապահ առաքելություն, զորավարժություններ և այլն: Ինչու ոչ, մի քայլ էլ առաջ գնալ: Ի դեպ, ժամանակին խաղաղապահ միացյալ զորակազմ ստեղծելու առաջարկ էր արվում: Սա փորձ է երկու երկրների հարաբերությունները խորացնելու տեսանկունից»,-ասաց վրացագետը:

 

Ջոնի Մելիքյանը հիշեցրեց, որ նախորդ տարի Վրաստանում բացվեց ՆԱՏՕ-ի ու Վրաստանի համատեղ  ուսումնական կենտրոն: Այնտեղ կարող են այցելել և ՆԱՏՕ-ի անդամ և այդ կառույցի հետ համագործակցող երկրների զինվորները: Նախատեսվում են մի շարք զորավարժություններ, որոնք տեղի կունենան հենց այդ կենտրոնի բազայի վրա, իսկ Հայաստանի զինվորականները նույնպես կարող են մասնակցել:

 

«Ինչպես տեսնում ենք երկու երկրները եղած հնարավորությունները օգտագործում են, և դա շատ խելամիտ քայլ է: Այսպիսի այցերի ժամանակ քննարկվում են խնդիրներ տարածաշրջանային անվտանգության, ինչպես նաև Ղարաբաղի հետ կապված: Դա նշանակում է, որ Վրաստանի Պաշտպանության նախարարը Հայաստանում հենց պաշտոնական Երևանից լսում է ղարաբաղյան խնդրի հետ կապված մեր մոտեցումը»,-ասաց Ջոնի Մելիքյանը:


Վրացագետի խոսքով, այս այցելությունը, ռազմական բաղադրիչից բացի, ունի նաև քաղաքական մաս: Այս տարի Վրաստանում սպասվում են խորհրդարանական ընտրություններ և, դրանից ելնելով, փորձ է արվում ինչ-որ չափով հայ համայնքի ձայները դեպի իշխող կոալիցիա տանել: Նա հետաքրքրական համարեց այն, որ այս տարի` Սուրբ ծննդյան միջոցառումների ժամանակ, Վրաստանի պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելին այցելել էր հայկական եկեղեցի և մեր համայնքի ներկայացուցիչներին շնորհավորել:

 

Պաշտոնական այցով փետրվարի 1-ին Հայաստան էր ժամանել Վրաստանի պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելիի գլխավորած պատվիրակությունը: Ամիսներ առաջ էլ Վրաստանում էր ՀՀ ԶՈւ ԳՇ պետ գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը և ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել