«Ռեինկարնացիա» խումբը երեկ ամբողջ ընտանիքով շատ կարևոր համերգ է ունեցել իրենց տանը՝ «House of Reincarnation»-ում։ BlogNews-ը ֆիքսել է երեկոյի հետաքրքիր պահերն ու խմբի մենակատար Ռոլանդի հետ զրուցել գործունեության այս փուլի մասին։

«Այսօր ամբողջ ընտանիքով ենք ներկայանում՝ խմբում կան ավելացումներ, մեզ հետ է նաև լարային քառյակը, այդ իսկ պատճառով այսօրվա համերգը շատ կարևոր է»,- նշեց Ռոլանդը։
Տղաներն օրերս են վերադարձել սերբ հանրահայտ կինոռեժիսոր և երաժիշտ Էմիր Կուստուրիցայի կառուցած Դրվենգրադ էթնոգյուղից, որտեղ Կուստուրիցայի հրավերով մասնակցել են նրա «Կուստենդորֆ» փառատոնին։ Ի դեպ, «Ռեինկարնացիային» վստահված էր միջոցառման բացումը։ «Մեզ համար անսպասելի ու շատ ուրախալի էր Կուստուրիցայի առաջարկը։ Մենք արեցինք փառատոնի բացումը։ Դա շատ կարևոր էր ոչ միայն մեզ, այլև այնտեղ հավաքված տարբեր արտիստների, դերասանների, ռեժիսորների համար։ Շատ լավ նոր ընկերական և կոմերցիոն կապ էր, որ հետագայի համար բոլորիս շատ պետք կգա,- նշեց Ռոլանդը և հավելեց,- ամեն ինչ շատ լավ էր՝ համարյա հայկական։ Եվրոպայում էդպիսի տաքություն շատ քիչ կա, և մեզ շատ հաճելի էր»։

Մեր հարցին՝ հնարավո՞ր է համագործակցություն Կուստուրիցայի հետ, Ռոլանդն ուղիղ պատասխան չտվեց, սակայն թույլ տվեց ենթադրել, որ այդպիսի մտադրություն կա. «Հիմա չեմ կարող բացել չակերտները, որովհետև փորձը ցույց է տալիս, որ պետք է անենք, հետո խոսենք կամ անենք առանց մեկնաբանությունների»։
Անդրադառնալով առաջիկա անելիքներին՝ խմբի մենակակատարն ասաց, որ մի քանի օրից կներկայացնեն «Ով սիրուն, սիրուն» երգի ռիմեյքի հիման վրա նկարահանված տեսահոլովակը։ «Աշխատում ենք նաև նոր ալբոմի վրա, առաջիկայում այլ նորություններ էլ կլինեն։ Մի քանի նոր անելիք ունենք, որոնք, կարծում եմ, պետք է շատ դուր գան մեր ընկերներին (մենք երկրպագուներ չունենք, մերոնք ընկերներ են)»,- եզրափակեց նա։



Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի
Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի



