Նկատե՞լ եք, որ Ձեր կյանքում առկա են կրկնվող իրադարձություններ, կարծես ինչ-որ մեկը կառավարում է Ձեր արարքները: Յուրաքանչյուր ձեռնարկում կարծես փշրվում է՝ բախվելով անտեսանելի խոչընդոտների: Ձեզ թվում է, թե Դուք անհաջողա՞կ եք: Փորձեք ճանաչել Ձեր ճակատագրի սցենարը: Ի՞նչ է սցենարը՝ այս բառի սովորական իմաստով: Դա պիեսի, կինոֆիլմի կամ ներկայացման համար նախապես գրված որոշակի ծրագիր է: Պարզվում է, որ ինչպես պիեսը, այնպես էլ մեր կյանքն ունի իր սցենարիստն ու հեղինակը: Շատ դեպքերում մեր հետագա ճակատագրի հիմքը դրվում է ամենատարբեր տարիքում՝ տարբեր գործոնների և մարդկանց ազդեցության ներքո, սակայն մեր կյանքի գլխավոր սցենարիստները մեր ծնողներն են: Եթե մտածեք այդ մասին և հիշեք Ձեր ծանոթներից մեկ-երկուսին, ապա կհամոզվեք այս պնդման արդարացիության մեջ: Ահա Ձեզ այս իրավիճակին շատ հատուկ օրինակ: Հոգատար մայրն իր վտիտ աղջկան ասում է՝ «Խնայի՛ր քեզ: Դու այնքան թույլ ես: Չգիտեմ էլ, թե ինչպես ես կարողանալու ընտանիք և երեխաներ ունենալ»: Հնազանդ աղջիկը ձգտում է հետևել մայրիկի ցուցումներին: Մեծանալով, նա այդպես էլ շարունակում է անցնել իր կյանքի ուղին՝ խիստ համոզվածությամբ, որ անընդունակ է թե՛ իր վրա վերցնել ընտանեկան կյանքի հոգսերը և թե՛ լիարժեք երեխա ունենալ: Ահա և մեծահասակ դժբախտ կին՝ առանց ընտանիքի և երեխաների:
Մարդու հետագա կյանքի ողջ ուղու վրա հետք թողնող հաջորդ կարևոր պահն, ըստ հոգեբանների՝ մանուկ ժամանակ մեր լսած հեքիաթներն են: Դուք շատ կզարմանաք՝ հիշելով ձեր սիրելի մանկական հեքիաթը կամ այդ մասին ձեր ծանոթներից հետաքրքրվելով: Սիրված պատմության հերոսի, նրա բնավորության, արարքների, այն իրավիճակների, որոնցում նա հայտնվում է, և Ձեր կյանքի համապատասխանությունը գրեթե 100 տոկոս է: Դուք կտեսնեք, որ «Բուրատինո»-ները սիրում են գումարներ ներդնել՝ դրանց արագ աճի հույսով, «Մատնաչափիկ»-ներն ու «Ջրահարս»-երը հակված են զոհաբերության հանուն սիրո և այլն: Պարզվում է չափահաս մարդը հաճախ հետևում է այն հրահանգներին, որոնք իր մոտ ձևավորվել են վաղ տարիքում՝ իր լսած հեքիաթների ազդեցության տակ: Կյանքում յուրաքանչյուր կարևոր քայլ մենք կատարում ենք կա՛մ հետևելով տրված սցենարին, կա՛մ ինքնուրույն: Ձեզ անընդհատ ընկճում են ինչ-որ հանգամանքնե՞ր, թվում է, թե Ձեզ իշխում է չար բախտը. դա նշանակում է, որ Ձեր վարքագիծը, ինչպես ասում են հոգեբանները, «սցենարային» է: Սցենարային վարքագծի ամենակարևոր հատկանիշը կյանքի դրվագների հաճախակի կրկնությունն է, նույն բանի շուրջը պտտվելը: Այս իրավիճակից լավագույն ելքը կլինի հոգեթերապևտին դիմելը, սակայն մարդկանց մեծամասնությունը (առավել ևս Հայաստանում) չեն ձգտում դառնալ նման մասնագետների այցելուն: Դա կապված է մեր դաստիարակության, մշակույթի հետ, իսկ ինքնավերլուծությամբ զբաղվելը շատ բարդ է: Այնուամենայնիվ, յուրաքանչյուր մարդ կարող է ջանք գործադրել և իրեն օգնել ինքնուրույն: Մեզ բոլորիս էլ հեշտ չէ գիտակցել այն հրահանգները, որ ստացել ենք մանուկ հասակում, սակայն մեծահասակ մարդը միանգամայն կարող է նման փորձ կատարել: Նման վերլուծություն ինքնուրույն իրականացնելը շատ բարդ է, իսկ երբեմն՝ անհնար, դրա համար ցանկալի է այդ մասին խոսել մտերիմ մարդկանց հետ: Հիշե՛ք, թե մանուկ հասակում ինչի մասին էին ծնողները հաճախ ձեզ հետ խոսում և մտածե՛ք, թե ինչպես է դա ազդել Ձեր կյանքի վրա: Օրինակ՝ փոքրիկ տղաներին հաճախ ասում են՝ «Դու ապագա տղամա՛րդ ես, զինվո՛ր: Դու չպետք է լաց լինես և բողոքես, դա տղամարդավարի չէ»: Մեծ տարիքում նման տղամարդուն սպառնում են սեփական զգացմունքների արտահայտման, մտերիմների կողմից հասկացված չլինելու խնդիրներ, նևրոզ: Իսկ կարո՞ղ եք արդյոք ասել, թե որն է եղել Ձեր առաջին մանկական հիշողությունը: Շատ հաճախ, կյանքի այս կարևոր պահի հետ կապված բացասական հույզերը հսկայական խոչընդոտ են հանդիսանում, արգելակում են մեր առաջխաղացումը: Կողմնորոշվելով, թե ինչն է խոչընդոտ հանդիսանում՝ Դուք կարող եք ազատվել Ձեր մեջ դրված և Ձեր կյանքի բարելավմանն այդքան խանգարող ծրագրից: Հաշվի առեք, որ այստեղ խոսքը գնում է միայն կյանքի առավել նշանակալից իրադարձությունների մասին՝ ընտանիքի ստեղծում, կրթության ստացում, կարիերայի աճ, երեխաների ծնունդ և դաստիարակություն: Կատարեք ներքևում նկարագրված մի քանի քայլերը: Դա հեշտ գործ չի լինի, սակայն այդ անելով, Դուք կզգաք Ձեր կյանքում տեղի ունեցող մեծ փոփոխությունները: Այսպիսով, ըստ հերթականության.

• Զգալով Ձեր կյանքում դրվագների կրկնվողությունը՝ վերլուծեք հետևյալը: Ի՞նչն է հանդիսանում այդ իրադարձությունների ընդհանուր պատճառը: Ովքե՞ր ունեն դրանցում իրենց մասնակցությունը: Միգուցե նրանց միջև նո՞ւյնպես ինչ-որ ընդհանուր բան կա: Ինչպիսի՞ վարք եք Դուք ցուցաբերում կրկնվող իրավիճակներում:
Հաջողակ գործարարը հարցնում է բիզնես-թրեյներին, թե ինչո՞ւ է ինքը միշտ անբարեխիղճ ենթակաների հանդիպում: Վստահված մարդկանց կողմից խաբեությունն իր համար սովարական գործ է: Պարզվում է, որ այդ երիտասարդին ամենավաղ տարիքից հոգատար մայրն ասել է՝ «Զգո՛ւյշ եղիր: Ամենուր խաբեբաներ են»: Հենց այդ խաբեբաներին էլ նա մշտապես աշխատանքի է ընդունում՝ հետևելով մոր հրահանգին: Եթե կարողանաք «բռնել» օրինաչափությունը, կհասկանաք, որ անհաջողությունների պատճառը Ձեր մեջ է թաքնված և կկարողանաք շեղել իրադարձությունների ընթացքը:

• Վե՛րջ տվեք արդարացումներին՝ «Եթե միայն…», «Ես կկարողանայի դա անել, այն պայմանով, որ…»: Այլ կերպ մտածեք այն մասին, ինչն արդեն տեղի է ունեցել: Որոշեք, թե Դուք, հենց Դո՛ւք ի՞նչ կարող էիք անել այս կամ այն իրավիճակում և ինչպե՞ս կարելի է դա օգտագործել հետագայում: Սովորե՛ք Ձեր արարքների համար պատասխանատվությունը Ձեզ վրա վերցնել:

• Ձեր անհաջողությունների աղբյուրը մի փնտրեք ո՛չ մյուսների, ո՛չ Ձեր, ո՛չ էլ հանգամանքների մեջ: Մեղքի զգացումը կամ մտերիմների հանդեպ վրդովմունքը վատագույն խորհրդատուն է: Եթե ըստ Ձեզ՝ Ձեր բախտը չի դասավորվել, մի՛ մեղադրեք ծնողներին. նրանք Ձեզ համար միայն բարիք էին ցանկանում: Բացի այդ, հորինելով Ձեր ճակատագրի սցենարը, նրանք Ձեզ պաշտպանություն են տվել, փորձել են պարզ խորհուրդներով հեռու պահել դաժան աշխարհի բացասական ազդեցություններից:

• Եվ վերջինը. մի՛ սպասեք ակնթարթային արդյունքների: Մարդկային հոգեբանությունն այնքան բարդ մեխանիզմ է, որ դրանում ինչպես դրական, այնպես էլ բացասական փոփոխությունները տեղի են ունենում տարիների ընթացքում: Հետևե՛ք ինքներդ Ձեզ և ուրիշներին, եզրակացություններ արե՛ք և հիշե՛ք, որ այս ամենին կարելի է հասնել մի պարզ պայմանով՝ անհրաժեշտ է ճակատագրի աչքերի մեջ նայել և ընդունել այն, ընկերանալ նրա հետ: Հետ նայելիս կարողացեք տեսնել ոչ միայն վատը, այլև լավը: Միայն այս հասկանալով կկարողանաք ազատվել դատապարտվածության ճնշող զգացումից և վերստին գրել Ձեր ճակատագիրը սեփական սցենարով: /harmonia.am/

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել