Միշտ անընդունելի եմ համարել այն տեսակետը, որ «պետության սահմաններ» հասկացությունը սահմանափակվում է միայն փշալարերով կամ էլ դելիմիտացիոն և դեմարկացիոն գծերով: Ո՛չ, դրանք երկրի միակ սահմանները չեն:
Միջազգային հարաբերությունների համար անկյունաքարային համարվող Վիեննայի 1961 թվականի կոնվենցիան հստակ կերպով սահմանում է, որ օտար երկրներում գտնվող դեսպանատների տարածքը համարվում է այն շահագործող պետության պետական տարածք և համարվում է անձեռնմխելի` օգտվելով բոլոր արտոնություններից:
Հաշվի առնելով վերոնշյալ փաստը` բոլորս էլ պետք է ընդունենք, որ դեսպանատները մեր հայրենիքի փոքր, բայց շատ կարևոր մասնիկներն են`տեղակայված օտար երկրներում: Այստեղից էլ կարելի է ենթադրել, որ եթե մեր պետության սահմաններն այսօր հսկում են մեր զինվորներն ու սահմանապահները, ապա նույն հաջողությամբ էլ այն պետք է հսկվի նաև արտասահմանում` ի դեմս մեր դեսպանների:
Ունենք մի շարք դեսպաններ, և՛ լավն ունենք, և՛ վատն ունենք: Կան այնպիսինները, ովքեր օրնիբուն աշխատում են, որ մայր հայրենիքի այդ փոքր մասնիկների «սահմանն» անխախտ մնա, և կան նաև այնպիսինները, ում թերի աշխատանքի արդյունքում լինում են «դիվերսիոն» հարձակումներ:
Երկար տարիներ հետևելով արտասահմանում ընթացող հայկական դիվանգիտության անցուդարձին` մի բան ակնառու դարձավ ինձ համար և դրա հետ մեկտեղ նաև հպարտության զգացում առաջացրեց: Դա այն փաստի գիտակցումն էր, որ կան երկրներ, որտեղ մենք, իրոք, ունենք փայլուն դեսպաններ:
Դրական մակդիրների մի ամբողջ շարք կարելի է վերագրել ներկայումս Բելգիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Թաթուլ Մարգարյանի գործունեությանը, մարդ, ով իր բեղմնավոր աշխատանքով ապացուցեց, որ հարուստ դիվանագիտական ավանդույթներ չունեցող հայկական դիվանագիտության դարբնոցը ևս կարող է փայլուն դիվանագետներ տալ, որով կհպարտանար աշխարհի ցանկացած պետություն:
Դիվանագետի ամենակարևոր չափորոշիչներից մեկը նրա մասնագիտական կրթությունն է: Թ. Մարգարյանը, արտասահմանյան ԲՈՒՀ-երում ստանալով փայլուն կրթություն, Լոնդոնում պաշտպանեց ատենախոսությունը և ստացավ միջազգային հարաբերությունների և քաղաքագիտության դոկտորի աստիճան:
Իր դիվանգիտական կարիերայի ընթացքում զբաղեցրել է մի շարք պաշտոններ` լինելով փոխարտգործնախարար, ԱՄՆ-ում ՀՀ դեսպան, Բելգիայում ՀՀ դեսպան և այլն:
Ամենևին չցանկանալով թվարկել նրա հաջողությունների ամբողջական ցանկը` կնշեմ միայն ամենաակնառուները:
Երկար տարիներ աշխատելով ԱՄՆ-ում ՀՀ դեսպան` Թ. Մարգարյանն ամբողջովին նոր աստիճանի հասցրեց Հայաստանի հարաբերություններն ԱՄՆ-ի նման հզորագույն պետության հետ, որն ամենևին էլ հեշտ գործ չէր: Հենց նրա օրոք էր, որ ԱՄՆ պետքարտուղար Հ. Քլինթոնը երկու անգամ պաշտոնական այց կատարեց Հայաստան: Սա ևս խոսում է այդ ուղղությամբ տարված լայնածավալ աշխատանքի մասին: Եվ պատահական չէր, որ Թ. Մարգարյանի պաշտոնավարման ավարտի կապակցությամբ ԱՄՆ նախագահ Բ. Օբաման հատուկ նամակ հղեց` նշելով դեսպանի բացառիկ ծառայությունները հայ-ամերիկյան հարաբերությունների խորացման գործում:
Նա նաև մեծ աշխատանք է կատարել ԱՄՆ-ում Հայոց ցեղասպանության 100-ամյակի միջոցառումների կազմակերպման մասով, և այն, որ որոշ լրատվամիջոցներ (slaq.am) այդ ամենը միայն վերագրում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանի պաշտոնում նրան հաջորդած Տ. Սարգսյանին, այդքան էլ այդպես չէ: Տ. Սարգսյանը պաշտոնը ստանձնելուց շատ մեծ դիվանագիտական ժառանգություն ստացավ իրեն նախորդած դեսպանից:
2014 թ. Թ. Մարգարյանը նշանակվեց Բելգիայում ՀՀ դեսպանի պաշտոնում, որի հետ մեկտեղ նաև համատեղության կարգով ՀՀ ներկայացուցիչն էր Եվրամիությունում, իսկ 2015 թ-ից էլ՝ նաև դեսպանը Լյուքսեմբուրգում:
Նրա պաշտոնավարման այս շրջանում էլ հենց կերտվեցին Հայաստանի մեծ հաղթանակներն արտաքին քաղաքական ճակատում: Նախ՝ 2015 թվականին Եվրոպական խորհրդարանի կողմից ընդունվեցին Հայոց ցեղասպանությունը դատապարտող կարևորագույն և մեծ նշանակություն ունեցող մի շարք բանաձևեր: Լյուքսեմբուրգը, ապա նաև Բելգիան ընդունեցին Հայոց ցեղասպանությունը: Այդ դեպքերը պատճառ հանդիսացան, որ Թուրքիան, այդ երկրներից հետ կանչելով իր դեսպաններին, իրական ցայտնոտի մեջ հայտնվեց:
Սրանք իրադարձություններ են, որոնք, իրենց մեջ մեծ բովանդակություն պարունակելով հանդերձ, ունեն համահայկական նշանակություն: Սրանք ինքնանպատակ չեն: Սրանք արվում են մեզ համար, յուրաքանչյուր հայիս համար: Նմանօրինակ դեսպանների այսպիսի գործունեությունը միայն զարդարում է մեր հայրենիքը, բարձրացնում նրա հեղինակությունը, հպարտության զգացումներ առաջացնում ամենքիս մեջ:
Երանի այն օրվան, որ բոլոր դեսպանները լինեն այսպիսին, միշտ գրանցեն նմանատիպ հաջողություններ` դիվանագիտական ճակատում բարձր պահելով մայր Հայաստանի անունը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել