Բավական ժամանակ էր, որ կորցրել էի զարմանալու հատկությունս, սակայն այսօր կարծես թե այն վերակենդանանալու սիմտոմներ դրսևորեց:

Դեկտեմբերի 14-ին ՖԲ-յան պատիս գրառմանը (գտնել այստեղ) պարզաբանումներ տալու շրջանակներում, Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի հանրային կապերի ծառայության պետ Արսեն Բաբայանի հրավերով, ներկայացել էի ՀՀ դատական դեպարտամենտ: Սովորաբար խուսափում եմ գրառումներում PR-ային տարրերից, սակայն միևնույն ժամանակ չեմ կարող չարձանագրել, որ գործ ունեի հավասարակշռված, իր գործին նվիրված, պետականամետ անձնավորության հետ, ում շնորհիվ զարմանալու հատկությունս վերակենդանացման նշույլներ ցուցաբերեց:

Այն, որ դատարանները կարող են միակողմանի վճարման կարգադրություններ արձակել, ինչպես նաև վարույթ ընդունել պակաս-պռատ փաստաթղթերով հայցադիմումներ, փաստորեն իրականացվում է բացառապես օրենքի շրջանակներում. Օրենքը թույլ է տալիս, մասնավորապես, պետական մարմիններից դատարան ներկայացնել հայցադիմումներ` չհիմնավորված փաստաթղթերով, իսկ դատարանները կարող են օրենքի շրջանակներում, տվյալ հայցադիմումներին ընթացք տալ:

Հարց է ծագում. որտե՞ղ մնաց «արդարադատություն» կոչվածը. ի՞նչ ենք հասկանում արդարադատություն ասելով, երբ դատավարությունները հիմնված են անտրամաբանական օրենքների վրա:

Լինելով Հայաստանի Հանրապետության քաղաքացի` ցանկանում եմ նաև դատական համակարգի աշխատակիցների ուշադրությունը բևեռել մի դիսկրետ հանգամանքի վրա. այսօր Հայաստանի Հանրապետության դատարանները դարձել են գործիք Հայաստանի Հանրապետության ոստիկանության ճանապարհային ոստիկանության ձեռքում.

1. Հայաստանի Հանրապետության ոստիկանության ճանապարհային ոստիկանությունը օգտվելով այն հանգամանքից, որ տույժի ենթարկված վարորդները կարող են իրենց մոտ չպահեն անդորրագրերը, փորձում են դատական համակարգի միջոցով շորթումներ կատարել և հավելյալ գումարներ մուտքագրել ոստիկանության հաշվեհամարին` «կկպնի-կկպնի, չի կպնի-չի կպնի, կորցնելու ի՞նչ ունենք» սկզբմունքով:

2. ՀՀ Վարչական իրավախախտուների օրենքով սակմանված վաղեմության ժամկետը խախտվել է` շուրջ մեկ և կես տարի անց ստանում եմ Դատարանի կողմից արձակած վճարման կարգադրություն: Այն դեպքում երբ Հայաստանի Հանրապետության «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքի թիվ 302 հոդվածով` Վարչական տույժ նշանակելու մասին որոշումը կատարման ենթակա չէ, … եթե այն ի կատար չի ածվել կայացման օրվանից հետո՝ մեկ տարվա ընթացքում:

3. Դատարանները օրենքով սահմանված կարգով վարույթ են ընդունում Ճանապարհային ոստիկանության հայցադիմումները ետին ամսաթվով, «պահպանելով» վաղեմության ժամկետները, օգտվելով օրենքով սահմանված կարգով պատասխանող կողմին հայցադիմում չուղարկելու իրավունքից:

4. Այս գործառույթների իրականացման շրջանակներում արժանանում են Հայաստանի Հանրապետության «տարվա լավագույն դատավոր» կոչմանը:

Նման օրենքներով զինված դատական համակարգը որևէ կապ չունի արդարադատության հետ: Այստեղ իրոք պետք է «հեծանիվ հորինել» և գտնել համարժեք կոչումը, որը կհամապատասխանի իրականացվող գործառույթներին, քանի որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ Դատական իշխանության սահմանումը նկատի ունի հե՜նց Արդարադատությունը: Ուստի եթե ցանկանում ենք մեր դատական համակարգը ծառայեցնել արդարադատությանը, ապա օր առաջ պետք է ձեռնամուխ լինել ՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ` 1. հրաժարվել տարբեր պետական մարմիններին միակողմանի ծառայություններ մատուցել; 2. օրենքներում համապատասխան փոփոխություններ ու լրացումներ կատարել կամ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅՈՒ՜Ն հաստատող օրենսդրական նախաձեռնություններով հանդես գալ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել