Քանի որ ՀԱԿ-ը ԱԺ-ում յոթ պատգամավորներով կամա, թե ակամա անընդհատ երկխոսության մեջ է թե՛ իշխանությունների և թե՛ մնացած խմբակցությունների հետ, ուստի կարելի է ՀԱԿ-իշխանություն երկխոսության թեման ավարտված համարել, ու այս թեմայով որոշ եզրահանգումներ անել:
Այո՛, ՀԱԿ-ի ամենամեծ սխալը, կամ միակ սխալը դա 2011թ.-ի երկխոսությունն էր իշխանությունների հետ: Ավելի ճիշտ, ոչ թե բուն երկխոսությունն էր սխալ, այլ նախաերկխոսական ու ետերկխոսական շրջաններում երկխոսության մասին ՀԱԿ-ի կողմից պարբերաբար հնչեցվող հակասական դիրքորոշումներն էին սխալ, որն էլ հենց հանդիսանում է ՀԱԿ-ից հիասթափվողների գլխավոր պատճառը:
Այո՛, դեռ 2008թ.-ի Մարտի 1-ի դեպքերից հետո Տեր-Պետրոսյանը նախապայմանով խոսել էր երկխոսության հնարավորության մասին, բայց դրանից հետո մի քանի անգամ «կամուրջները այրված» էր համարել, իսկ հետո կրկին խոսել էր երկխոսության անհրաժեշտության մասին: 
2009թ.-ին Տեր-Պետրոսյանը հունիսի 1-ի հանրահավաքում հայտարեց, որ «մենք այլևս կամուրջներն այրված ենք համարում և հրաժարվում ենք որևէ երկխոսությունից այս իշխանությունների հետ», իսկ երբ դրանից մի քանի օր հետո բանտերից համաներմամբ ազատ արձակվեցին որոշ քաղբանտարկյալներ, ՀԱԿ-ը կրկին սկսեց խոսել երկխոսության մասին: 
Ամբողջ 2010թ.-ի ընթացքում , ամիսը մեկ կամ երկու քաղբանտարկյալ ազատ արձակելով, իշխանությունը պահպանում էր հասարակության անդորրն ու ՀԱԿ լիդերների «զսպվածությունը»: 
Թեման ձգձգվեց մինչև 2011թ.-ի գարունը: Արաբական աշխարհի իրադարձություններից ոգևորված` ՀԱԿ-ի հանրահավքների մասնակիցների քանակը ավելացավ, որը թույլ տվեց ՀԱԿ-ին կրկին խոսել «վերջնագրի» տեսքով, որը և հիմք հանդիսացավ մնացած քաղբանտարկյալների ազատ արձակման համար: Տեր-Պետրոսյանը այդ առթիվ Հրազդան քաղաքում հայտարարեց, որ «Հայաստանում այլևս ոչ մի քաղբանտարկյալ չի լինելու»:
Դրանից հետո սկսվեց երկխոսությունը` տևելով մոտ մեկ ամիս: 
ՀԱԿ ակտիվիստների հանդեպ քրեական հետապնդում իրականացնելուց հետո ՀԱԿ-ը դադարեցրեց երկխոսությունը` ավելացնելով, որ եթե նույնիսկ մեկ ակտիվիստ էլ լինի բանտում, ՀԱԿ-ը չի երկխոսելու իշխանությունների հետ:
Չնայած այս ամենին` ՀԱԿ-ը աշնանը կազմակերպում է շուրջօրյա հանրահավաքներ, իսկ Տեր-Պետրոսյանը կրկին խոսում է երկխոսությունից ու հայտարարում. «...մենք պատրաստ ենք նաև, թեկուզ վաղվանից, շուրջօրյա հանրահավաքներին զուգընթաց, վերսկսել երկխոսությունը իշխանությունների հետ»: 
Երկխոսության առաջարկը չի ընդունվում իշխանությունների կողմից, իսկ ավելի ուշ Տեր-Պետրոսյանը խոսում է կոնկրետ ԲՀԿ-ի հետ հնարավոր համագործակցության հեռանկարից, որը, կարծես թե, իրականություն է դառնում ԱԺ ընտրությունների ընտրարշավի ժամանակ: 
Հենց նույն ժամանակ էլ Տեր-Պետրոսյանը կրկին խոսեց ընդհատված երկխոսության մասին ու հայտարարեց. «Այդ երկխոսությունը մեր նորանկախ պատմության մեջ ամենանշանակալի քաղաքական իրադարձությունն էր»: 
Իսկ ԱԺ ընտրություններից հետո ՀԱԿ-ը յոթ հոգով կամա, թե ակամա երկխոսում է իշխանությունների հետ: Դրա ամենավառ ապացույցն էլ Մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող նոր փաստահավաք խմբի ստեղծման վերաբերյալ փոխզիջումով ձեռքբերված պայմանավորվածությունն է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել