Վերջին օրերին մի քանի անգամ դժգոհել եմ ֆեյսբուքից ու ֆեյսբուքահայությունից, բայց, այնուամենայնիվ, ֆեյսբուքը միանշանակ ունեցել ա նաև դրական ու անգամ կասեի՝ խիստ դրական ազդեցություն, և հունվարի 28-ը շատ ակտուալ օր է՝ դրանցից մեկի մասին խոսելու համար։

Ուրեմն, ֆեյսբուքցիներ ջան, հավանաբար շատերդ էլ չեք գիտակցում, բայց հենց շնորհիվ ֆեյսբուքի կոտրվեցին շատ բացասական ու հաճախ վաղուց արդեն ոչ ակտուալ կարծրատիպեր մեր բանակի մասին։ Եթե դեռ մի 7 տարի առաջ բանակն ընկալվում էր զուտ որպես սպանդանոց, իսկ հունվարի 28-ն իր ժողովրդականությամբ գտնվում էր մոտավորապես նույն մակարդակի վրա, ինչ, ասենք, Սահմանադրության օրը կամ էլ մոնղոլական տուշկանչիկների պաշտպանության օրը, ապա այսօր այն իսկապես օրացույցի այն բացառիկ օրերից է, երբ ֆեյսբուքն առավելապես դրական է ու տոնական։

Սա հետևանք էր նրա, որ տեղեկատվական դաշտում բանակի վերաբերյալ ինֆորմացիոն հոսքերի մենաշնորհը կոտրվեց, ու լսելի դարձան ոչ միայն պաշտոնական մարմինների ու գերատեսչությունների չոր կամ էլ չափազանց պաթոսային խոսքերը, ոչ միայն ծովինարնազարյանների ու արթուրսաքունցների կաղկանձանքներն ու մաղձը, այլև տասնյակ ու հարյուրավոր սովորական մահականացուների ձայները, ովքեր անցել էին ծառայություն և առավելապես դրական տրամադրվածությամբ էին վերադարձել բանակից։

Այսօր ունենք հետաքրքիր պատկեր ֆեյսբուքում. բանակի մասին ծայրահեղ բացասական խոսողների, ինչպես նաև նյարդայնացնելու աստիճան պաթոսախառը դրական խոսողների մեծ մասը երբեք չի ծառայել բանակում ու նույնիսկ զորանոցի երես չի տեսել՝ տարատեսակ սաչոկներ ու իգական սեռի ներկայացուցիչներ են հիմնականում, իսկ այ որ ամենակարևորն է՝ ադեկվատ դրական արտահայտվող զանգվածի ճնշող մեծամասնությունը մարդիկ են, ովքեր ծառայել են ու ծառայում են և նրանց հարազատներն ու բարեկամները։ Սա կրկնակի կարևոր է, որովհետև ոչ միայն ցույց է տալիս իրական զինծառայողների ու զորացրվածների տրամադրվածությունը և քաջալերում է նրանց, ովքեր դեռ նոր պետք է ծառայեն, այլև այն առումով, որ բազմահազարանոց ֆեյսբուքյան լսարանի կտրվածքով երևում է, որ տարբեր պացիֆիստները, սաչոկներն ու բացահայտ թշնամական քարոզչություն անողները չնչին փոքրամասնություն են կազմում մեր հասարակությունում։

Այնպես որ, ապրի ֆեյսբուքը, ու ապրեն ֆեյսբուքցիները:

Շնորհավորում եմ հունվարի 28-ի առթիվ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել