«Մեր դժբախտությունն այն չէ, որ աշխարհում կան թուրքեր, այլ այն, որ կան թուրքանման հայեր», - հաճախ սիրում էր կրկնել հայ ազգի հանճարեղ զավակ Գարեգին Նժդեհը:
Այս ճշմարիտ, բայց միևնույն ժամանակ շատ տխրեցնող և մտահոգության մեծ պատճառ հանդիսացող խոսքերը մեծ զորավարն ու մտածողը կարծես թե հասցեագրած լիներ այս հոդվածի «հերոսին»` Մարգար Եսայանին, մարդ, ում ստորաքարշ կերպարի մասին նույնիսկ չարժեր հոդված գրել, սակայն երկար մտորելուց հետո հասկացա, որ արժե, քանզի հայ ազգը պետք է իմանա իր իսկ «Հուդային»:
Արդեն երկու օր է, ինչ մամուլում շրջանառվում է այն տեղեկատվությունը, որ սույն անձնավորությունը, ով հանդիսանում է Թուրքիայի մեջլիսի պատգամավոր և համատեղության կարգով նաև ԵԽԽՎ-ում թուրքական խորհրդարանական պատվիրակության անդամ է, երեկ ԵԽԽՎ-ում կողմ է քվեարկել ակնհայտ հակահայկական երկու բանաձևերի օգտին:
Եվ սա հենց այն բարոյազուրկ անհատն է, ով ամիսներ առաջ, պատգամավոր ընտրվելով Ստամբուլի (Կոստանդնուպոլիս) երկրորդ ընտրատարածքից, հպարտ բարձրաձայնում էր, որ իր ձայների մեծ մասն ապահովել է Ստամբուլի հայկական համայնքը:
Այսպիսի ազգադավ և գարշելի երևույթների մասին լսելով`միաժամանակ ինձ մոտ հարց է առաջանում, զտարյուն թուրք Օրհան Փամո՞ւկն է ավելի հայ, թե՞ «յան» վերջավորությամբ այս եղկելի արարածը:
Զարմանքս ամենևին մեծ չի լինի, եթե օրերից մի օր պարզվի, որ Մարգար Եսայան կոչեցյալը մեկ այլ հայ դավաճան Վահե Եսայանի (Իհսան) շառավիղներից է, իսկ նրա երակներում էլ հոսում է նույն ազգուրաց և հայրենավաճառ արյունը: Դե իսկ այդ Վահե Եսայանն էլ այն մեկն էր, ով խնամքով կազմեց Օսմանյան կայսրության տարածքում գտնվող հայ մտավորականների ցուցակը և այն փոխանցեց երիտթուրքերին, ովքեր էլ, այդ ցուցակով առաջնորդվելով, ապրիլի 24-ին ձերբակալեցին հայ մտավորականներին: Նշենք նաև, որ այս դավաճանի` նույնիսկ գրոշի արժեք չունեցող կյանքի ճանապարհը երկար ընթացք չունեցավ: Այն 1920 թվականի մարտի 27-ին «Նեմեսիս» գործողության շրջանակներում ընդհատեց հայ վրիժառու Արշավիր Շիրակյանը, ով Կոստանդնուպոլսում սատկացրեց դրան:
Անտարակույս, մի բանում կարելի է վստահ լինել, պատմությունն ապացուցել է, որ դավաճանները երկար կյանք չեն ունենում: Նրանց չեն խնայում նույնիսկ իրենց տերերը` համոզված լինելով, որ եթե նա դավաճանել է իր սեփականը, ապա օտարինը կդավաճանի ու կդավաճանի:
Հայ բանաստեղծական մտքի բարձր թռիչքը մշտապես ապահովողներից Ռափայել Պատկանյանը հռետորական հարցի ոճով գրված իր այս տողերում լավագույնս է տվել եսայանատիպ դավաճանների պատասխանը` ցույց տալով, որ ամեն հայ չէ, որ հայ է.
Ո՞վ է հայը, մի՞թե նա է, որ խոսում է հայ լեզվով,
Եվ կամ՝ որի մականունը հանգում է յան մասնիկով,
Որ ուտում է ամենայն օր ճաշին տոլմա ու փըլավ,
Կամ՝ պարծանոք միշտ հագնում է հայի գըդակ ու հալավ…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել