Մեր պատվիրակությունը ԵԽԽՎ-ում լավ է աշխատել, խոսուն փաստերից մեկն այն է, որ հակահայ զեկույցներից մեկը (ամենակարևորը) տապալվել է: Սարսանգի ջրամբարի հարցը քննարկվում է ոչ միայն ԵԽԽՎ-ում, այլ նաև փոքր ու մեծ եվրոպական և համաշխարհային կառույցներում:

Սարսանգի հումանիտար հարցը քաղաքականացվեց ինչ-որ չափով, բայց կատաստրոֆիկ բան տեղի չունեցավ: Հաջորդ անգամ նախագահների հանդիպման ժամանակ Սարսանգի հարցին մի քիչ ավել ժամանակ կտրամադրեն: Ադրբեջանը երկու ավել հոդված կգրի ու ադրբեջանցիներին ֆինանսական կրիզիսից երկու օր կկտրի: Ահա այն բոլոր օգուտները, որը կստանա Ալիևը:

Բռնությունների մասին զեկույցը չընդունելով՝ եվրոպացիների համար պարզ դարձավ, որ անկախ Արցախում բռնություն չկա, և մարդիկ ապրում են ազատ և անկաշկանդ, ընդունում են որոշումներ և իրացնում են իրենց քաղաքացիական կամքը: Սարսանգից էլ ջուր տալիս են նրանց, ում ուզում են: Սա ավելի կարևոր է: Կարելի է Արցախին այս կերպ դարձնել բանակցող կողմ. «Ջուր եք ուզում, գնացեք, Արցախից ուզեք»: Հայաստանն անվտանգության երաշխավորն է, բայց չի կարող բռնությունների չենթարկվող մարդկանց փոխարեն որոշել՝ ում ջուր տան, ում չտան:

Զեկույցի հեղինակն ասում էր, որ ջուրը հումանիտար միջոց է, և կապ չունի՝ որտեղից է այն հոսում, և մարդիկ պետք է օգտվեն: Խնդիր չկա՝ մենք ձեզ՝ հումանիտար ջուր, դուք մեզ՝ հումանիտար նավթ: Նավթն էլ, կապ չունի, որտեղ է, այն մարդկային արժեք է, ինչպես ջուրը, եթե լոգիկայից չշեղվենք: Մեկ լիտր ջրի դիմաց երկու լիտր նավթ հաշվարկով:

Այնպես որ, մի՛ նսեմացրեք ԵԽԽՎ մեր պատվիրակության դերը:

Հ.Գ. Այսպիսի զեկույցներն առանց այն էլ ֆինանսական կռախի ենթարկված ու ենթարկվող Ադրբեջանի համար մեծ ցնցում են, նամանավանդ երբ չեն ընդունվում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել